1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պարենային ապահովությանն ուղղված աշխատանքները ճգնաժամերի պայմաններում. ՄԱԿ-ի ՊԳԿ-ի գլխավոր տնօրենի հոդվածը

Պարենային ապահովությանն ուղղված աշխատանքները ճգնաժամերի պայմաններում. 
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի գլխավոր տնօրենի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Քյու Դոնգյուն հանդես է եկել հոդվածով, որում անդրադարձել է պարենային անվտանգությանն ու կայուն զարգացմանն ուղղված աշխատանքներին ճգնաժամերի ու մարտահրավերների պայմաններում:  Ներկայացնում ենք Քյու Դոնգյուի՝ «Արմենպրես»-ին տրամադրած հոդվածն ամբողջությամբ.

«Վերջին երկու տարիները շրջադարձային էին և մեծ ազդեցություն ունեցան մեր կյանքի բոլոր բնագավառների վրա։ Բարեբախտաբար, գիտությունն օգնեց մեզ ավելի լավ հասկանալ եւ հաղթահարել COVID-19-ի ստեղծած մարտահրավերները։ Միաժամանակ մենք նաեւ ականատես եղանք, թե ինչպես համավարակն ազդեց արտադրության, առեւտրի, լոգիստիկայի եւ ապրանքների սպառման, այդ թվում՝ պարենային եւ այլ գյուղատնտեսական արտադրանքի սպառման վրա։

Միավորված ազգերի կազմակերպությունն իր գործակալությունների հետ միասին մեծ ջանքեր են գործադրել մարդկանց եւ մեր մոլորակի առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու ուղղությամբ՝ պետություններին սատարելով այդ դժվարություններից դուրս գալու ճիշտ ուղիներ գտնելու գործում։ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն (ՊԳԿ) ակտիվ աշխատանքներ է տարել ավելի արդյունավետ, ներառական, դիմակայուն եւ ճկուն՝  փոխակերպված ագրոպարենային համակարգերին նպաստելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով հասնել «չորս ավելի լավ» մոտեցումներին՝ ավելի լավ արտադրություն, ավելի լավ սնուցում, ավելի լավ շրջակա միջավայր եւ ավելի լավ կյանք բոլորի համար, որտեղ ոչ ոք անտեսված չէ։

Ագրոպարենային համակարգերի փոխակերպման մեր կոչն արձագանք գտավ ողջ աշխարհում։

Միավորված ազգերի կազմակերպության Պարենային համակարգերի գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ 2021 թվականին, կարեւոր քայլ էր այս փոխակերպման ճանապարհին՝ խրախուսելով բոլոր երկրներին նորարարական մոտեցումներ կիրառել կլիմայի փոփոխության, բնական աղետների եւ հակամարտությունների նկատմամբ դիմակայություն ապահովելու նպատակով։

Նույն թվականին ՊԳԿ անդամները համաձայնության եկան 2022-2031 թթ. ՊԳԿ ռազմավարական շրջանակի շուրջ, որտեղ ամրագրված են ՄԱԿ-ի՝ կայուն եւ պարենով ապահովված աշխարհ ունենալու տեսլականը 2030 օրակարգի եւ Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) համատեքստում։

Այս ռազմավարական փաստաթուղթն առավել կարեւորվեց 2022 թվականի սկզբին, երբ համաշխարհային պարենային ապահովությունը հերթական ճգնաժամի առջեւ հայտնվեց։

Ուկրաինայում ռազմական գործողությունների յուրաքանչյուր օրը բացասաբար է անդրադառնում աշխարհի պարենային ապահովության վրա։ Ուկրաինան եւ Ռուսաստանը համաշխարհային շուկաների առանցքային հենասյուներն են։ Նրանք գյուղատնտեսական արտադրանքի (ցորեն, եգիպտացորեն, գարի եւ արեւածաղիկ) եւ այլ կարեւորագույն ապրանքների, այդ թվում՝ պարարտանյութերի գլխավոր մատակարարներն են։ Երկու երկրները միասին ապահովում են աշխարհի արտահանվող հացահատիկի շուրջ 30 եւ գարու՝ 20 տոկոսը։

Արտադրանքի սակավության հետ կապված խնդիրները, թերեւս, կձգվեն մինչեւ հաջորդ տարի։ ՊԳԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայի ձմեռային մշակաբույսերից մեկի՝ ցորենի բերքի 20 տոկոսն, ամենայն հավանականությամբ, չի հավաքվի, եւ Ուկրաինայի ֆերմերները բաց կթողնեն մայիսի ցանքի սեզոնը։ Սա է՛լ ավելի կկրճատի սննդամթերքի մատակարարման համաշխարհային մակարդակը, որը նշանակալի հետեւանքներ կունենա Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի վրա եւ դրանցից անդին։ Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի ցածր եկամուտ ու պարենային անբավարարություն ունեցող գրեթե 50 երկրներ մեծապես կախված են հացահատիկի ուկրաինական ու ռուսական մատակարարումներից։

Սննդամթերքի գներն արդեն իսկ աճել էին՝ կապված բերքի, արտահանման հնարավորությունների, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի, պարարտանյութերի ու կերի գնաճով պայմանավորված մտահոգությունների հետ։ Ուկրաինայում հակամարտությունը  ցնցումներ առաջացրեց հիմնական մշակաբույսերի եւ բուսայուղերի շուկաներում, ինչն էլ սննդամթերքի գների սրընթաց աճի հանգեցրեց՝ մարտ ամսին հասնելով պատմական գագաթնակետի։

Պարենային ապահովության ընթացիկ մարտահրավերների ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ են անհետաձգելի եւ համակարգված քաղաքական գործողություններ եւ միջոցառումներ, և այդ առումով ՊԳԿ-ն վճռորոշ դեր Է ստանձնել:

Սննդամթերքի եւ պարարտանյութերի անխափան հոսքի ապահովումն անչափ կարեւոր է: Գյուղատնտեսական արտադրությունը եւ առևտուրը պետք է շարունակեն մատակարարում իրականացնել դեպի ներքին եւ համաշխարհային շուկաներ, իսկ մատակարարման շղթաները պետք է պաշտպանեն մշակաբույսերի և անասունների պաշարների, սննդամթերքի վերամշակման ենթակառուցվածքների ու լոգիստիկ համակարգերի կայունությունը:

Շուկաների այս անորոշ պայմաններում ՊԳԿ-ն հորդորում է կատարելագործել Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգը (ԳՇՏՀ)՝ որպես սննդամթերքի շուկայի թափանցիկության եւ համակարգված քաղաքականության գործողությունների հարթակ։

Ավելին, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես և բոլոր մյուս երկրները, պետք է բարելավեն բնական պաշարների կառավարման արդյունավետությունը եւ արտադրողականությունը՝ ոչ միայն նվազեցնելու գյուղատնտեսական արտադրանքի ծախսերը, այլեւ խթանելու նորարարական կարողությունները։ Սրա կարեւորությունն է՛լ ավելի է ընդգծվում հատկապես արտահանվող ապրանքների դեպքում։

Բնական պաշարների լավ կառավարումը կայուն զարգացման հիմնաքարն է։ Այդ նպատակով ԿԶՆ-ների իրագործումը, ինչպես նշված է կազմակերպության՝ կլիմայի փոփոխության, գիտության եւ նորարարության ռազմավարություններում, ՊԳԿ-ի 2022-31 թվականների ռազմավարական շրջանակի հենքն է: Այս նպատակների իրագործմանը նպաստելու և փոխկապակցված մարտահրավերներին արձագանքելու համար ՊԳԿ-ն գործարկել է Կանաչ գյուղատնտեսության տարածաշրջանային տեխնիկական հարթակը, որը «կանաչ» օրակարգի կիրառման վերաբերյալ տեղեկությունների փոխանակման արդյունավետ թվային գործիք է։ Այս թեմաներին կանդրադառնա մայիսի 6-ին Բաքվում տեղի ունենալիք միջազգային համաժողովը։

Ի վերջո, մենք պետք է մեծացնենք մեր կենսապահովման դիմակայունությունը։ Բնակչության առավել անապահով խմբերը, որոնք սովորաբար ամենաշատն են տուժում նման ցնցումներից եւ աղետներից, իրենց ապրուստն ապահովելու գործընթացում կախված են գյուղատնտեսությունից եւ բնական պաշարներից։

Թե՛ աղետներից առաջ, թե՛ դրանց ընթացքում եւ հետայդու ՊԳԿ-ն աշխատում է կառավարությունների, գործընկերների եւ համայնքների հետ՝ այդպիսով եզակի հնարավորություն ունենալով անդամ պետություններին օգնել առավել դիմակայուն, պարենով ապահովված ապագա կերտելու հարցում՝ խթանելով կանխարգելումը, պատրաստվածությունն ու վերականգնումն ի նպաստ կայուն զարգացման, միաժամանակ ֆերմերներին ու գյուղական տնտեսություններին օգնելով դառնալ առավել ճկուն, արդյունավետ եւ նորարար։ ՊԳԿ-ն անշեղորեն ընթանում է իր ռազմավարական նպատակներին ընդառաջ եւ, ընդսմին, ակտիվորեն արձագանքում աղետներին՝ փորձելով մեղմել հակամարտությունների հետեւանքները մարդկանց կյանքի եւ ապրուստի միջոցների վրա։

Դեռ երբեք աշխարհն այսքան փոխկապակցված չի եղել։ Ցանկացած տարածաշրջանում բռնկվող հակամարտություն արձագանք է գտնում մոլորակի բոլոր ծագերում և ծանր հետեւանքներ ունենում պարենային ապահովության եւ զարգացման այլ նպատակների վրա»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]