Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԿԲ-ն կանխատեսում է 12-ամսյա գնաճի աստիճանաբար նվազում

ԿԲ-ն կանխատեսում է 12-ամսյա գնաճի աստիճանաբար նվազում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա մարտին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 7.4 տոկոս, ավելացել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը՝ կազմելով 7.0 տոկոս, սակայն ՀՀ կենտրոնական բանկի գնահատմամբ՝  կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում՝ ներկայացնելով մամուլի հաղորդագրությունը:

Նա նախ հիշեցրեց, որ 2022թ. մայիսի 3-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.25 տոկոս:

«Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է և պահպանվում են դրա հետ կապված անորոշությունները: Սա բացասաբար է արտահայտվում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական և ֆինանսական շուկայի  զարգացումների վրա: Այդ երկրներում տնտեսական աճի տեմպերի՝ սպասվածից արագ դանդաղումն ուղեկցվում է գնաճային միջավայրի ընդլայնմամբ: Վերջինս պայմանավորված է արժեշղթաների խաթարումներով և միջազգային ապրանքահումքային շուկաներում գնաճի արագացմամբ: Այսպիսով` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը կպահպանվի»,-ասաց Գալստյանը:

Նրա խոսքով՝  2022թ-ի առաջին եռամսյակում դիտվել է ՀՀ տնտեսական ակտիվության՝ սպասվածի համեմատ ավելի դրական զարգացումներ: Միջազգային այցելուների զգալի ներհոսքը արտացոլվում է ծառայությունների ճյուղի բարձր աճում և ընդլայնում ամբողջական պահանջարկը: «Դա նպաստում է ՀՀ արտաքին հաշվեկշռվածության բարելավմանը և արժութային շուկայում դրամի արժևորմանը: Գնահատվում է, որ վերջինս դրական ազդեցություն կփոխանցի նաև ներքին գնաճային միջավայրի թուլացման և գնաճային սպասումների նվազման ուղղությամբ»,-ասաց ԿԲ նախագահը:

Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել վերաֆինանսավորման տոկոսադրույքը դեռևս թողնել անփոփոխ: ԿԲ խորհուրդը հետևողական է համարժեք գործողություններով չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: «Կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ  հորիզոնում կմոտենա նպատակային 4% ցուցանիշին»,-նշեց նա:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարի հետ կապված բարձր անորոշությունը պահպանվում է։ Միաժամանակ ԿԲ-ից ընդգծում են, որ կանխատեսված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]