Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արտարժութային միջոցների առաջանցիկ աճ. ԿԲ նախագահն անդրադարձավ դոլարի փոխարժեքի նվազմանը

Արտարժութային միջոցների առաջանցիկ աճ. ԿԲ նախագահն անդրադարձավ դոլարի 
փոխարժեքի նվազմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում միջազգային այցելուների ներկայությամբ պայմանավորված՝ առկա է առաջարկի տեսանկյունից արտարժութային միջոցների առաջանցիկ աճ, ինչն էլ հանգեցրել է դրամի որոշակի ամրապնդմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում՝ անդրադառնալով  դոլար-դրամի փոխարժեքի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների, դոլարի փոխարժեքի նվազման վերաբերյալ հարցին:

Գալստյանը նախ կարևորեց հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված փոխարժեքի վարքագիծը, գործոնների ամբողջականությունը, որոնք բերում են փոխարժեք որոշակի դրսևորումներին:

«Մենք տեսնում ենք մի իրավիճակ, որ ՀՀ-ում ունենք միջազգային այցելուներ: ՀՀ-ում ստեղծվել է իրավիճակ, որ արտաքին պահանջարկը մեծացել է: Մեր ծառայությունների նկատմամբ կա որոշակի պահանջարկի աճ, որը ենթադրում է, որ մեր ծառայությունները դարձել են արտահանելի: Երբ այդ մարդիկ մեր հանգստի վայրերում կամ ռեստորաններում որոշակի ծախսեր են իրականացնում, դա ենթադրում է, որ դա արտահանման աճ է՝ ՀՀ վճարային հաշվեկշռի տեսանկյունից: Այդ իրավիճակը բերել է նրան, որ մենք ունենք արտարժութային միջոցների առաջանցիկ աճ՝ առաջարկի տեսանկյունից պահանջարկի նկատմամբ, որը հանգեցրել է դրամի որոշակի ամրապնդման»,-ասաց ԿԲ նախագահը:

Հասկանալու համար, թե այդ երևույթը որքանով է հիմնարար՝ Գալստյանը կարևոր համարեց իմանալը, թե այդ մարդիկ որքա՞ն են պլանավորում մնալ Հայաստանում, ինչպիսի՞ն կլինի նրանց վարքագիծը: Ըստ նրա՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու ԿԲ խորհրդի որոշման հիմքում հենց նաև այդ մարտավարության էլեմենտն է, դեռևս պետք է տեսնել այդ միջազգային այցելուների վարքագիծը և նրանց վարքագծով դրդված տնտեսական հետևանքները, որոնք կլինեն ՀՀ տնտեսությունում, որի արտացոլումը տեսանելի կլինի նաև փոխարժեքի մեջ:

Քանի որ Հայաստանում փոխարժեքն ազատ լողացող է, ԿԲ նախագահը զերծ մնաց գնահատականներ տալուց, թե ե՞րբ կվերականգնվի կամ ի՞նչ մակարդակի կհասնի:

Հայաստանում մայիսի 2-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 3.61 դրամով և կազմել 449.65 դրամ, եվրոյի փոխարժեքը նվազել է 5.65 դրամով և կազմել 473.26 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել 6.34 դրամ:

                         

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]