Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

ՀՀ-ում իրականացվում է ակնաբուժության ոլորտի հայ-ֆրանսիական ծրագիր. Գյումրիում կկատարվեն ցանցաթաղանթի վիրահատություններ

ՀՀ-ում իրականացվում է ակնաբուժության ոլորտի հայ-ֆրանսիական ծրագիր. 
Գյումրիում կկատարվեն ցանցաթաղանթի վիրահատություններ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում ապրիլի 29-ին տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ակնաբուժական համաժողով, որի ժամանակ ներկայացվել է կատարակտի եւ ցանցաթաղանթի հիվանդությունների ոլորտում միջազգային արդի փորձը, հայաստանյան իրավիճակը, ինչպես նաեւ Ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցի աշխատանքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամից, դպրոցի ծրագիրը մեկնարկել է այս շաբաթ՝ Գյումրիում, հայ եւ ֆրանսիացի ակնաբույժների դասախոսությունների շարքով: Ֆրանսիայից ժամանած ակնաբույժներ Մերիլին Նոդարեանը եւ Սեբաստիան Բրունոն հայ գործընկերների հետ քննարկել են ակնաբուժական առավել բարդ դեպքեր եւ կատարել վիրահատություններ: Ծրագրի շրջանակներում Հայկական ակնաբուժության նախագծի Գյումրու մարզային ակնաբուժական կենտրոնում ցանցաթաղանթի վիրահատությունների սկիզբ է դրվել: Այդպիսով Գյումրին դարձել է Երեւանից հետո երկրորդ քաղաքը, որտեղ նման վիրահատություններ կկատարվեն:

«Դպրոցի շնորհիվ երիտասարդ ակնաբույժները եզակի հնարավորություն կստանան իրենց գիտելիքները եւ հմտությունները զարգացնելու նաեւ Ֆրանսիայում: Մինչեւ այս տարեվերջ նրանք կմասնակցեն Հայաստանի եւ Ֆրանսիայի ակնաբուժական առաջատար կենտրոնների ակնաբույժների դասընթացներին Հայաստանում, իսկ տարեվերջին արդեն լավագույն երիտասարդ ակնաբույժները Ֆրանսիայում 1 տարի տեւողությամբ անվճար վերապատրաստման հնարավորություն կստանան:

Այս ծրագիրն իրականացվում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի, «Լումիեր ֆրանսեզ» ասոցիացիայի եւ Փարիզի համալսարանական-հիվանդանոցային համալիրի՝ AP-HP-ի համագործակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայ-ֆրանսիական համագործակցությունը հնարավորություն է տալու առավել զարգացնել ակնաբուժությունը՝ հատկապես մարզերում, եւ տեղերում ապահովել ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը: Ուրախ եմ նաեւ նշել, որ այն փորձի փոխանակման նոր հնարավորություններ կտա՝ դառնալով կրթական մի նոր հարթակ», - ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը:

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համար առողջապահությունը համագործակցության կարեւոր ոլորտներից մեկն է, եւ մենք աջակցում ենք առողջապահական տարբեր նախագծերի իրականացմանը: Ուրախ ենք տեսնել, որ այս ծրագիրը կենտրոնացած է մայրաքաղաքից դուրս՝ Գյումրիում, եւ կօգնի մարզային բնակչությանը», - նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն:

«Ես հիացած եմ Հայկական ակնաբուժության նախագծի հետ մեր համագործակցությամբ: Կազմակերպության 30 տարվա հանձնառությունը Հայաստանում եւ կատարված աշխատանքների որակը մեզ համար արդյունավետ գործունեության գրավականն են։ Հայ ակնաբույժների կատարելագործումը Հայաստանում AP-HP-ի մասնագետների հետ ակադեմիական, բայց նաև կլինիկական դեպքերի և լաբորատոր ուսուցման վերաբերյալ փոխանակման շնորհիվ այս շաբաթ շատ օգտակար անցավ, եւ այս առաջին հաջողությունն ինձ շատ խոստումնալից է թվում», - ընդգծել է  AP-HP-ի միջազգային կապերի տնօրեն Ֆլորանս Վեբերը:

«Հայկական ակնաբուժության նախագիծն արդեն 30 տարի Հայաստանում իրականացնում է զարգացման տարատեսակ ծրագրեր: Հաշվի առնելով համագործակցող կողմերի նվիրվածությունը եւ ներուժը՝ լիահույս եմ, որ այս դպոցը ակնաբուժության ոլորտի հերթական հաջողված ծրագիրը կդառնա», - ասել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Պատերազմի արհավիրքը առաջացրեց տարբեր կարիքների ակնհայտություն: «Լումիեր ֆրանսեզ» ասոցիացիան իրականացրած բազմաթիվ առաքելությունների ընթացքում ձեւավորեց գործունեության հիմնական՝ բժշկական նպատակները, որոնցից մեկն էր ակնաբուժության կատարելագործման կենտրոնի ստեղծումը Գյումրիում: Մենք հպարտ ենք «Հայկական ակնաբուժության նախագծի» եւ AP-HP-ի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ միտքը գործ դարձնելու համար»,- նշել է «Լումիեր ֆրանսեզ» ասոցիացիայի նախագահ Լեւոն Խաչատրյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]