Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ճիշտ աշխատանքի դեպքում Արևմուտք-Ռուսաստան հակասությունները կարող են նաև աշխատել մեր օգտին. փորձագետ

Ճիշտ աշխատանքի դեպքում Արևմուտք-Ռուսաստան հակասությունները կարող են նաև 
աշխատել մեր օգտին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ ակնհայտ է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը գնում է առանձին ձևաչափերով, չհասկացվածության, հստակեցումների մասին խոսելու որևէ հիմք չկա:

«Հակառակը՝ տեսում ենք, որ նաև ձևակերպումներն են փոխվում այն մարդկանց կարգավիճակների վերաբերյալ, որոնք զբաղվում են այս հարցերով: Մեծ հաշվով եթե դիտարկենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, ապա այն սկսել է չաշխատել շատ ավելի վաղ: Իմ գնահատմամբ, դա նվազագույնը 2013-2014 թվականներից էր, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսեց փաստացի չիրականացնել իր առանցքային գործառույթներից մեկը՝ ռեգիոնալ կայունության կառավարումը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված քննարկմանն ասաց Հակոբ Բադալյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը ինտենսիվորեն  մեծացնում էր  ռազմական բաղադրիչը ու այդ ճանապարհին ոչ միայն չէր հանդիպում արգելքների, այլև հասցեական քննադատություն չէր հնչում:

«Մենք հիմա առերեսվում ենք դրան: Այսօր կարևոր է, որ համանախագահ երկրներն առայժմ ձևաչափի չգոյության հարց չեն դնում՝ կարծելով, որ կա համատեղ աշխատանքի վերադառնալու հնարավորություն: Թեպետ, դեռ  երաշխավորված չէ, որ դա մեզ համար կլինի նպաստավոր օրակարգով: Դա կախված է նրանից, թե մենք ինչպես կօգտագործենք այդ ժամանակը, թե մեր դիմադրողականությունը բարձրացնելու, պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար»,-ասաց Հակոբ Բադալյանը:

«Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փորձագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ Արևմուտք-Ռուսաստան հակասությունների գործընթացները մեզնից անկախ լինելու են: Հայաստանը չի որոշում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը կաշխատեն, թե՝ ոչ:

«Հետևաբար մեր քաղաքականությունը պետք է կառուցենք՝ ելնելով եղած իրավիճակից: Մենք դեռ երկար ժամանակ չենք տեսնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախկինի պես համատեղ աշխատանքը: Այն իրավիճակը, որ կար փետրվարի 24-ից առաջ, երբ ականատես էինք լինում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև լարվածության, խնդիրների, այսպես մասշտաբային չէր, ինչը տեսնում ենք փետրվարի 24-ից հետո: Հետևաբար` բավական բարդ իրավիճակ է, սակայն ես կարծում եմ, որ Արևմուտք-Ռուսաստան այս հակասությունները կարող են աշխատել և՛ մեր դեմ, և՛ մեր օգտին: Կախված նրանից, թե մենք ինչպես ենք կառուցում մեր քաղաքականությունը և ինչ ենք ուզում»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ հակասությունները խոսում են այն մասին, որ նրանք փորձելու են հանդես գալ տարբեր առաջարկներով: Դրանք կարող են համընկնել, կարող են նաև չհամընկնել:

«Ճիշտ քաղաքականության դեպքում դա կարող է տալ հենց այն մանևրելու դաշտը, որը կտա մեզ ժամանակ, սակայն դե պետք է օգտագործենք մեր խնդիրները լուծելու համար: Եթե ճիշտ վարվենք, ապա հակասությունը, հիբրիդային աշխատանքը կարող է ժամանակային առումով լինել մեր օգտին խնդիրները, մարտահրավերները հաղթահարելու, ուշքի գալու, ամուր դիրքերից բանակցելու համար»,-հավելեց Տարոն Հովհաննիսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]