Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երբ դու պայթեցնում ես գազամուղը և զրկում խաղաղ բնակչությանը տաքանալու հնարավորությունից, դա խաղաղություն չէ. Ջուլհակյանը՝ ադրբեջանցի պատվիրակին

Երբ դու պայթեցնում ես գազամուղը և զրկում խաղաղ բնակչությանը տաքանալու 
հնարավորությունից, դա խաղաղություն չէ. Ջուլհակյանը՝ ադրբեջանցի պատվիրակին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում արձագանքել է ադրբեջանցի պատվիրակներից մեկի այնհայտարարությանը, թե Ադրբեջանն արել և անում է ամենը խաղաղության հասնելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջուլհակյանն ընդգծել է՝ ինքը հասկացել է, որ, լինելով միևնույն կազմակերպությունում, իրենք, այդուհանդերձ, տարբեր կերպ են ընկալում այս կազմակերպության հիմքում ընկած հիմնարար արժեքները։

«Մենք տարբեր կերպ ենք ընկալում խաղաղությունը, մենք տարբեր կերպ ենք ընկալում մարդու իրավունքները։  Երբ դու ծննդատուն ես ռմբակոծում, դա չի հանգեցնում խաղաղության։ Երբ դու տարեց քաղաքացու ես գլխատում, դա չի հանգեցնում խաղաղության։

Երբ դու քո մայրաքաղաքի սրտում ավարների պուրակ ես կառուցում՝ տեղադրելով այնտեղ հայ զինվորների նվաստացնող և ապամարդկայնացնող մանեկեններ, երբ դու հպարտությամբ տանում ես երեխաներին այդ պուրակ և ցուցադրում այդ մանեկեններն ու այլ, այսպես կոչված, ավարները, դա չի հանգեցնում խաղաղության։ Սա կարող է հանգեցնել քամահրանքի, գուցե ատելության, բայց ոչ՝ խաղաղության։  Երբ դու հրաժարվում ես ազատել ռազմագերիներին, այլ պահվող անձանց, երբ նրանց դարձնում ես առևտրի առարկա՝ շարունակաբար նորանոր պահանջներ ներկայացնելով, դա չի հանգեցնում խաղաղության։ Երբ դու կարևորություն չես տալիս հայ ռազմագերիներին առնչվող ՄԻԵԴ որոշումներին, ԵԽԽՎ և Եվրոպական խորհրդարանի բանաձևերին՝ մերժելով մարդու իրավունքների պաշտպանության համար ստեղծված միջազգային գործիքները, դա չի հանգեցնում խաղաղության։

Երբ դու կրակում ես գյուղերի, իրենց հայրենիքում ապրող խաղաղ բնակիչների վրա՝ օգտագործելով մեծ և փոքր տրամաչափի զենքեր, դա չի հանգեցնում խաղաղության։

Երբ դու դիտավորյալ պայթեցնում ես գազամուղը և զրկում խաղաղ բնակչությանը, ներառյալ՝ երեխաներին, տաքանալու հնարավորությունից ցրտագույն եղանակային պայմաններում, դա խաղաղություն չէ։

Երբ քո զինված ուժերը բարձրախոսներով սպառնում են խաղաղ բնակչությանը՝ ստիպելով նրանց լքել իրենց տները և հայրենի գյուղերը, դա խաղաղություն չէ։

Երբ դու վնասում, ոչնչացնում ես հայկական եկեղեցիները, պատմամշակութային հուշարձանները, գերեզմանոցները նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանի որոշումից, ԵԽԽՎ, Եվրոպայի խորհրդարանի համապատասխան բանաձևերի ընդունումից հետո, երբ քո նախագահը հրապարակայնորեն կարգադրում է ջնջել հին հայկական ձեռագրերը Լեռնային Ղարաբաղի հայկական եկեղեցիների վրայից՝ այսպիսով ջնջելով հայկական հետքը այդ տարածքներից, դա խաղաղություն չէ։

Հետևաբար, հարգելի կոլեգաներ, խոսելով խաղաղության մասին, նախ եկեք համոզվենք, որ այստեղ, այս ագորայում, մենք նույն կերպ ենք ընկալում այդ բառը։ Գուցե սա կօգնի մեզ սկսել վստահության կառուցման գործընթաց, խաղաղության կառուցման գործընթաց, և ի վերջո իրական խաղաղություն բերել մեր տարածաշրջանին»,- ասել է Ջուլհակյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]