Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հետևողական եղեք ձեր բանաձևերին, կոչերին. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան հանրագիր է ներկայացրել խորհրդարանին

Հետևողական եղեք ձեր բանաձևերին, կոչերին. Հոլանդահայ կազմակերպությունների 
ֆեդերացիան հանրագիր է ներկայացրել խորհրդարանին

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ն, ապրիլի 24-ի միջոցառումների շրջանակում, հանրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանին, որով հորդորում է հետևողական լինել հայկական հարցի հետ կապված իրենց բանաձևերին, կոչերին, քանի որ կառավարությունը դրանք անտեսում է, չի հետևում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը:

«Տարբեր ժամանակներում Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել, կոչեր արել Հայոց ցեղասպանության ճանաչման, 44-օրյա արցախյան պատերազմի վերաբերյալ, Ադրբեջանի կողմից հայ գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին, սակայն դրանք կառավարության կողմից մնում են անպատասխան: Մենք հանրագրով հորդորել ենք խորհրդարանին հետևողական լինել իրենց աշխատանքին: Այդպես էլ ասել ենք՝ ձեր որոշումները լուրջ ընդունեք: Դա խնդիր է, որը բարձրաձայնել ենք»,-ասաց Մաթո Հախվերդյանը:

«Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ն Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հովանու ներքո ապրիլքսանչորսյան միջոցառումների շրջանակում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման մեծ համերգ է անցկացրել Հաագայում՝ ապրիլի 20-ին: Մաթո Հախվերդյանը նշեց, որ եղել են մեծ թվով հրավիրյալներ: Ներկա էին խորհրդարանի պատգամավորներ Պիտեր Օմզիգտը, Ագնես Մյուլդերը, Կեես վան Դեր Ստայը, Դոն Սեդերը,   դիվանագիտական կորպուսի, տարբեր կազմակերպությունների, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ:

«Ելույթով հանդես է եկել Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, խորհրդարանի պատգամավորներ: Նրանք խոսեցին Հայոց ցեղասպանության, այն միջազգային հանրության կողմից չճանաչելու հետևանքների մասին՝ կապելով Ադրբեջանի ագրեսիայի հետ»,-ասաց Մաթո Հախվերդյանը:

Միջոցառումները կշարունակվեն ապրիլի 24-ին: Նիդերլանդների մի քանի քաղաքներում հայկական խաչքարերի մոտ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները ծաղկեպսակներ կդնեն, ծաղիկներ կխոնարհեն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների:

Մաթո Հախվերդյանը տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Երևանում Նիդերլանդները ներկայացված կլինի պատգամավորի և նախարարի խորհրդականի մակարդակով: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ կխոնարհեն պատգամավոր Դոն Սեդերին և փոխնախարար Մարտեն Վան Օյենը:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923թթ. ժամանակահատվածում թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: Ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում, Արցախում, աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են հիշատակի միջոցառումներ:

Աննա Գզիրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]