Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս 2022

Փաշինյանը Գյումրիում ծանոթացել է տարեցների խնամքի կենտրոնում իրականացված աշխատանքներին

Փաշինյանը Գյումրիում ծանոթացել է տարեցների խնամքի կենտրոնում իրականացված 
աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Գյումրու տարեցների խնամքի կենտրոնում իրականացված և դեռևս շարունակվող վերանորոգման ու կահավորման աշխատանքներին: Վարչապետին այցի ընթացքում ուղեկցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շրջայց է կատարել կենտրոնով` զրուցել նաև այստեղ բնակվող տարեցների հետ, ովքեր շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին իրենց խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և լուծումներ գտնելու համար: 

Պատասխանատուների ներկայացմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջև 2019 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված համագործակցության հուշագրով Գյումրու տուն-ինտերնատի լուծարումից հետո բնակիչների խնամքն իրականացվում է ՀԿԽԸ կողմից։ Հուշագրի առանցքում տուն-ինտերնատում բնակվող խնամքի կարիք ունեցող տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավումն է՝ ապահովելով առավել լավ պայմաններ, շուրջօրյա խնամք, բժշկասոցիալական և հոգեբանական ծառայություններ։ 

Կառավարության ղեկավարին նաև ներկայացվել է, որ ՀԿԽԸ պարտավորվել է մինչև 2022թ. ավարտը վերանորոգել և կահավորել հինգ մասնաշենքերից երեքը: Մատուցվող ծառայությունների որակի և կեցության պայմանների բարելավման նպատակով նախատեսված է իրականացել առնվազն 163 մլն դրամի ներդրում: Պայմանագրի համաձայն՝ կազմակերպությունը պետական բյուջեից տարեկան ստանում է շուրջ 250 մլն դրամ՝ 160 շահառուի շուրջօրյա խնամքն իրականացնելու նպատակով։ Այս պահին շահառուների փաստացի թվաքանակը 143 է։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]