Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Նախատեսվում է վերանորոգել Գյումրու համայնքային ենթակայության 11 նախադպրոցական ուսումնական հաստատություն

Նախատեսվում է վերանորոգել Գյումրու համայնքային ենթակայության 11 
նախադպրոցական ուսումնական հաստատություն

ԳՅՈՒՄՐԻ,  15 ԱՊՐԻԼԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի համայնքի ավագանին ապրիլի 15-ին  համաձայնություն տվեց համայնքի տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն հայտերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ծրագրերը մեկնարկելու են 2022 թվականին:

Առաջին ծրագրային հայտով նախատեսվում է հիմնանորոգել Գյումրու համայնքապետարանի սեփականության իրավունքով պատկանող 15 բնակարան, որոնք հիմնանորոգումից հետո տրամադրվելու են անօթեւանի կարգավիճակ ունեցող ընտանիքներին: Բնակարանները անօթեւաններին կհանձնվեն անհատույց օգտագործման` առանց վարձավճարի, միաժամանակ Գյումրու համայնքապետարանը պահպանելու է այդ բնակարանների հանդեպ իր սեփականության իրավունքը, իսկ տվյալ ընտանիքները կպահպանեն անօթեւանի կարգավիճակը:

Երկրորդ ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի փայտյա պատշգամբը, Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը: Մյուս սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է վերանորոգել Գյումրու համայնքային ենթակայության 11 նախադպրոցական ուսումնական հաստատություն, որոնք հիմնականում կառուցվել են խորհրդային տարիներին առանց ջերմամեկուսացման: Սուբվենցիոն 3-րդ ծրագրի ընդհանուր բյուջեն 1 մլրդ 935 մլն 752 հազար դրամ է: Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել 22 փողոց, որոնք չեն գտնվում պատմական կենտրոնում: Հաջորդ ծրագրով նախատեսվում է Գյումրու չորս բազմաբնակարանային շենքերում իրականացնել էներգախնայողության ծրագիր և ձեռք բերել երկու բազմաֆունկցիոնալ ջրցան եւ ձնամաքրիչ եւ մեկ բազմաֆունկցիոնալ ամբարձիչ:

Ավագանու մեկ այլ որոշմամբ, բասկետբոլը մասսայականացնելու նպատակով, Գյումրիում կկառուցվի բասկետբոլի խաղահրապարակ: Համաձայն որոշման՝  ավագանին թույլատրում է    Հայաստանի  «Բասկետբոլի Ա-Լիգա»  հասարակական կազմակերպությանը, Չայկովսկու փողոցի հարևանությամբ գտնվող  համայնքի սեփականություն հանդիսացող, չորս հարյուր հիսուն քառակուսի մետր մակերեսով հողամասի վրա  կառուցելու   բասկետբոլի խաղահրապարակ: Բասկետբոլի խաղահրապարակի կառուցումն իրականացվելու է  երկու ամսվա ընթացքում և կառուցված խաղահրապարակը՝ որպես սեփականություն, կհանձնվի Գյումրի համայնքին:

Ինչպես միշտ, այս տարի ևս Մայիսյան տոների առթիվ, ավագանու որոշմամբ, դրամական աջակցություն կստանան Արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքները, մարտական գործողությունների ժամանակ անհայտ կորած համարվող և գերեվարված զինծառայողների ընտանիքները,Մեծ Հայրենական, Աֆղանստանի պատերազմների և  Հունգարիայի հեղաշրջման ճնշման մասնակիցները:

Մեկ այլ որոշմամբ էլ համայնքի ավագանին որոշեց տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության թույլատրելի ժամ սահմանել 09:00-ից մինչև 23:00-ն: Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել Վարդանանց հրապարակի և Մայր Հայաստան հուշահամալիրի հարակից տարածքներում:

Ավագանին նաև  որոշեց  ապրիլի 30-ին համապետական շաբաթօրյակի շրջանակում կազմակերպել եւ անցկացնել միջոցառումներ, որոնց կազմակերպման  եւ անցկացման  համար հատկացնել  հինգ հարյուր հազար  դրամ։ «Գյումրի համայնքում համապետական շաբաթօրյակի շրջանակներում նախատեսվում է համայնքի բակերում, այգիներում, պուրակներում, ինչպես նաև հանրային նշանակության կառույցների ու ճանապարհների հարակից տարածքներում իրականացնել սանիտարական մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ, որոնք կուղեկցվեն իրազեկման ակցիաներով, երգ-երաժշտությամբ։

Միջոցառման նպատակը աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կատարումն անհրաժեշտ մակարդակի բերելն ու շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ պատասխանատվություն ձևավորելն է հանրության շրջանում: Նախատեսված միջոցառումները կնպաստեն մեծ թվով քաղաքացիների ներգրավվածությանը շաբաթօրյակին»,-ներկայացնելով նպատակը նշեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը:

Ավագանու հաջորդ նիստը կկայանա մայիսի 11-ին:

Արմենուհի Մխոյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]