1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Podcast. Սուրբ Հարության տոնի խորհուրդը

Podcast. Սուրբ Հարության տոնի խորհուրդը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր հինգ տաղավար տոներից մեկը Հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը,  այս տարի տոնում ենք ապրիլի 17-ին։ Քրիստոսի խաչելությունից և մահից հետո նրա մարմինը իջեցնում և դնում են վիմափոր գերեզմանի մեջ, իսկ վրան փակում մեծ քարով: Երեք օր հետո գերեզմանին են այցելում յուղաբեր կանայք Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, որպեսզի անուշաբույր յուղերով օծեն Քրիստոսի մարմինը, սակայն տեսնում են քարը հեռացված և գերեզմանը թափուր:  Մինչ նրանք զարմացած և տարակուսած միմյանց են նայում հայտնվում են հրեշտակները և ասում  «Ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում, այստեղ չէ այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6)։  Հարության լուրը կանայք հայտնում են առաքյալներին, այնուհետև Հիսուս ինքն է հայտնվում առաքյալներին:

Քրիստոսի Հարությունը դառնում է քրիստոնեական վարդապետության և հավատքի հիմքը:  «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14): Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Քրիստոսի կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդ ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «...քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց...» (Ա Կորնթ. 5.7–8)։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ Առաքելական Եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի հաջորդող օրը, որը հանդիպում է մարտի 21-ից մինչև ապրիլի 25-ը ժամանակահատվածում։

Ծաղկազարդին հաջորդող մեծ պահքի վերջին շաբաթը, որն ավարտվում է Սբ Հարության տոնով՝ Զատիկով, կոչվում է Ավագ շաբաթ։ Այս օրերին հիշատակվում է խորհրդավոր ընթրիքը, Քրիստոսի դատավարությունը, տանջանքները, խաչելությունը և թաղումը։ Ավագ շաբաթվա շաբաթ օրը երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի Ս պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։ Հաջորդ օրը առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս.Պատարագ:  Իսկ հաջորդող երկուշաբթի օրը առավոտյան մեռելոցի պատարագ է մատուցվում։

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հայկական ավանդույթում ներկված հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում, որն ասում ենք ձու կռվացնել։ Այդ օրը տոնական սեղանները զարդարում են զատկական ուտեստները՝ ձուկը, զատկական փլավը՝ բրնձով և չամիչով պատրաստված,  ներկված կարմիր ձուն և, իհարկե, գինին, որը խորհրդանշում է Քրիստոսի թափված արյունը։ Սեղանի շուրջ հավաքված քրիստոնյաները գինու գավաթը բարձրացնելով միմյանց ողջունում են Քրիստոս Հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

 Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Քրիստոս Հարյավ ի մեռելոց,

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

 

Հեղինակ և վարող՝ Տաթև Զաքարյան

Լուսանկարները՝ Գևորգ Պարկուպերկյանի

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]