Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը. ԱՄՆ Պետդեպարտամենտ

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը. ԱՄՆ Պետդեպարտամենտ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունները և պատրաստ է օգնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հաստատմանը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի խթանման մեր հանձնառությանը և ինչպես գիտեք պետքարտուղար Բլինքենի հաղորդագրություններից՝ մենք ողջունել ենք Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը ապրիլի 6-ին Բրյուսելում՝ ներառյալ դրական առաջընթացը խաղաղ բանակցությունների նախապատրաստման և սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման հարցերում: Ինչպես պետքարտուղարն ընդգծել է դրանից մեկ օր առաջ երկու առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում՝ մենք շարունակում ենք խրախուսել հետագա խաղաղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, և պետքարտուղարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել բանակցություններին երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու երկրներին երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հասնելու հարցում», - ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Ապրիլի 12-ին «Արմենպրես»ն նմանատիպ մեկնաբանություն էր տվել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ հարցին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]