Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ըստ ռուս քաղաքագետի՝ հայ-ռուսական հարաբերություններում պակասում է ընդհանուր սահմանը

Ըստ ռուս քաղաքագետի՝ հայ-ռուսական հարաբերություններում պակասում է 
ընդհանուր սահմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և խորացմանը պակասում է ընդհանուր միջպետական սահմանը: Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիա կենտրոնում կազմակերպված Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում «Արմենպրես»-ին հայտնեց ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Միխեևը՝ ներկայացնելով իր տեսակետները Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

«Դուք հարցրեցիք՝ ի՞նչ է պակասում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը և խորացմանը, ես անկեղծ կասեմ՝ ընդհանուր սահմանն է պակասում: Մեզ պակասում է ընդհանուր սահմանը և ցամաքային հաղորդակցության ուղիներն են լրջորեն պակասում: Այս խնդիրն, իհարկե, առաջին հերթին վերաբերում է տնտեսական կապերի խորացմանը: Ինչպե՞ս լուծել այն՝ առայժմ ոչ մի կերպ», - պատասխանեց Սերգեյ Միխեևը:

Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ ցամաքային հաղորդակցության խնդիրը կարելի էր լուծել տարիներ առաջ, եթե այլ կերպ դասավորվեին Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները, սակայն վրաց կառավարությունը մերժել է ռուսական կողմի առաջարկները:

Իսկ եթե խոսենք ներկա ժամանակների և ներկա իրադրության մասին, ապա ըստ Միխեևի՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում պետք է ավելի մեծ լինի տնտեսության դերը, և ավելի շատ լինի ինքնավստահությունն ու վճռականությունը փոխօգնության և անվտանգության հարցերում:

Սերգեյ Միխեևը նաև ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները պատմականորեն կարևոր նշանակություն ունեն և անձամբ իր համար Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կարևոր են որպես քրիստոնեական երկու երկրների հարաբերություններ: «Շատ են այսրոպեական երևույթները՝ փող, կոնյուկտուրա, աշխարհաքաղաքականություն, բայց ես համոզված եմ, որ վերջիվերջո, բոլոր մեծ իրադարձությունները իրենց հիմքում ունենում են մետաֆիզիկական ետնախորք: Այդ իսկ պատճառով ես Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին առաջին հերթին այդ տեսանկյունից եմ նայում», - նշեց ռուս քաղաքագետը:

Այս տարի ռազմավարական դաշնակիցներ Հայաստանը և Ռուսաստանը տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թ. ապրիլի 3-ին: Դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի օրը Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները փոխանակվել են ուղերձներով: Այս տարի նշվելու է նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող մեկ այլ կարևոր տարեդարձ՝ 1997 թ. օգոստոսի 29-ին կնքված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 25-ամյակը:

Դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արմենպրես»-ին ասել էր, որ Հայաստանը եղբայրական և դաշնակից երկիր է Ռուսաստանի համար: Դեսպանը հատկապես կարևորել էր հայ և ռուս ժողովուրդների դարավոր կապերը և այն խորը ավանդույթներն ու արժեքները, որոնց վրա հիմնված են հայ-ռուսական հարաբերությունները:

 

Արամ Սարգսյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]