Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Սերժ Սարգսյանը քննարկել է փուլային տարբերակ․ Ռուբինյանն արձագանքեց ՀՀ երրորդ նախագահի գրասենյակին

Սերժ Սարգսյանը քննարկել է փուլային տարբերակ․ Ռուբինյանն արձագանքեց ՀՀ 
երրորդ նախագահի գրասենյակին

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի՝ 2016 թվականին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի հրապարակմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում իր ելույթում Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ երրորդ նախագահի գրասենյակը փորձում է հիմնավորել այն, որ իրենք ԼՂ հակամարտության շուրջ բանակցել են փաթեթային տարբերակով, սակայն իրականությունը այլ է եղել։

«Եվ ինչպես է հիմնավորում Սերժ Սարգսյանի գրասենյակը, որ իրականում իրենք փուլային տարբերակի շուրջ չեն բանակցել, հետևյալով՝ հրապարակել են փաստաթուղթ 2016 թվականի, որի վերնագրի հենց սկզբում գրված է, որ սա փաստաթուղթ է հակամարտության կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին, բայց նրանք բերում են հիմնավորում, որ քանի որ այդ տեքստում գրված է նաև, որ լուծումը կամ քայլերը մեկ փաթեթի մեջ են և չեն կարող տարանջատվել միմյանցից, հետևաբար դա փաթեթային փաստաթուղթ է»,- ասաց Ռուբինյանը։

Ազգային ժողովի նախագահի տեղակալը Սերժ Սարգսյանի գրասենյակի հրապարակումը հնարք համարեց։

«Դեռևս 2018 թվականի հեղափոխությունից առաջ մի քանի անգամ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով հակամարտության կարգավորման գործընթացից, ասում էր, որ առաջարկվում է փուլային մոտեցում, ինչին ի պատասխան, մի քանի անգամ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը ասում էր, որ գիտեք, քննարկվում է փուլային լուծում փաթեթային կիրարկմամբ, ինչը ինքնին տարօրինակ պնդում է»,- ասաց Ռուբինյանը։

Ազգային ժողովի փոխնախագահի խոսքով՝ Էդուարդ Նալբանդյանի պնդումը կարող էր տրամաբանական լինել միայն մի դեպքում, եթե կողմերը հանգեին այդ փաստաթղթի փաթեթային փուլով լուծման որոշմանը կամ նախատեսվեր փաթեթային փուլով լուծման որոշում հակամարտության բոլոր բաղադրիչների վերաբերյալ։

«Նախ բացատրեմ, թե որն է փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը։ Հակամարտության լուծման փուլային տարբերակը հետևյալն է, որ հակամարտության մաս կազմող կոմպոնենտները, խնդրո առարկաները լուծում են ստանում փուլ առ փուլ։ Այսինքն՝ կարող է առաջին փուլում մի կոմպոնենտ լուծում ստանա, առանց իմանալու, թե հաջորդ կոմպոնենտը ինչ լուծում է ստանալու, երբ, ինչ ֆորմատով և այլն։

Փաթեթային լուծման տարբերակը հետևյալ երկու տարբերակներից մեկն էկամ հակամարտության բոլոր կոմպոնենտները լուծվում են միասնաբար մեկ փուլով, մեկ կետով կամ առնվազն փաթեթով համաձայնություն է ձեռք բերվում բոլոր կոմպոնենտների լուծման վերաբերյալ կամ, ինչպես կասեր Էդուարդ Նալբանդյանը, լուծումները կիրարկվում են փուլ առ փուլ»,- ընդգծեց Ռուբինյանը՝ հավելելով, որ ցավոք, այս դեպքում այդպես չի եղել, որովհետև այդ փաստաթղթով նկարագրված է եղել միայն մեկ փուլի լուծում։

ԱԺ նախագահի տեղակալը պնդեց, որ այդ փաստաթղթով չի հստակեցվել Արցախի կարգավիճակը, չի հստակեցվել, թե երբ, որտեղ և ում մասնակցությամբ տեղի կունենա հանրաքվեն Արցախի վերջանական կարգավիճակի շուրջ։

«Այսինքն` մենք գործ ունենք փաթեթային լուծման ուղիղ հակառակի հետ։ Երբ գոյություն ունի լուծման տարբերակ, որում նկարագրված չէ, թե հակամարտության կենտրոնական, անկյունաքարային աղբյուր հանդիսացող խնդիրը ինչպես է լուծվելու, երբ է լուծվելու, ում կողմից է լուծվելու, ինչ միջոցով է լուծվելու, ինչպես է այդ լուծումը իրականացվելու։ Հետևաբար, Սերժ Սարգսյանը քննարկել է մաքուր փուլային տարբերակ։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ փաթեթային տարբերակ նշանակում է տարբերակ, որտեղ կամ փաթեթով միանգամից լուծվում են բոլոր խնդիրները կամ առնվազն փաթեթով կայացվում է համաձայնություն բոլոր խնդիրների լուծման վերաբերյալ, սակայն դա բաժանվում է փուլերի։ 2016 թվականին  առաջարկված տարբերակը ոչ առաջին դեպքն է, ոչ էլ երկրորդ դեպքն է, որովհետև ,կրկնում եմ, 2016 տարբերակով չէր հստակեցվում երբ է լինելու Արցախի վերջնական կարգավիճակը որոշող հանրաքվեն, որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն, ովքեր են մասնակցելու այդ հանրաքվեին, ինչ հարց է դրվելու հանրաքվեին և այսպես շարունակ»,- եզրափակեց Ռուբինյանը։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]