Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս 2022

Կա պատկերացում, որ հայ գերիների հերթական խումբը պետք է ազատ արձակվի, շարունակում ենք բանակցել. Միրզոյան

Կա պատկերացում, որ հայ գերիների հերթական խումբը պետք է ազատ արձակվի, 
շարունակում ենք բանակցել. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կա պատկերացում, որ Ադրբեջանը պետք է ազատ արձակի հայ գերիների հերթական խումբը, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպմանը:

«Անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդիրը մեր առաջնային ուշադրության կենտրոնում է: Դա մեր ամենօրյա, ամենժամյա աշխատանքի առարկան է, թեման և թիրախը: Չեմ կարող մտաբերել որևէ լուրջ քննարկում, հանդիպում, որտեղ այս թեման չի արծարծվում: Այո, Ադրբեջանը ցայսօր չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունը, այն է՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Տարբեր պատրվակներ բերելով, այնուհետև խնդիրը կապելով ականապատված դաշտերի քարտեզների հետ, թեև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ որևիցե այդպիսի կորելյացիա չկար, ապա այլ պատրվակներ բերելով, այժմ Ադրբեջանը փորձում է խնդիրը կապել Ղարաբաղյան առաջին պատերազմում անհետ կորած անձանց փնտրելու հարցի հետ»,-ասաց Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ այդ հարցերն ընդհանրապես իրար հետ կապ չունեն: Եվ հայկական կողմն այնուամենայնիվ, որպես բարի կամքի նշան, արել և շարունակում է անել իր շատ մարդասիրական քայլերը և ակնկալում է, որ նույնպիսին էլ պետք է լինի Ադրբեջանի պահվածքը՝ և մարդասիրական նկատառումներից ելնելով և նաև նրանից, որ դա իր ուղակի պարտավորությունն է՝ թղթի վրա գրված:

«Ինչպես և ակնկալելի էր թեման քննարկվել է նաև վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Շառլ Միշելի վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում: Եվ կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի: Հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ»,-ասաց ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ գերիների հարցով միջնորդությունները շատ են, քանի որ հարցը ընդգծված մարդասիրական բնույթ ունի: Միրզոյանը հիշեցրեց, որ  միջնորդությամբ հանդես են եկել և շարունակաբար հանդես են գալիս ռուսաստանյան գործընկերները, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, և նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ ժամանակահատվածում հաջողություն արձանագրել է այս առումով, բայց նաև այլ գործընկերներ՝ ինչպես օրինակ Շառլ Միշելի գրասենյակը, Հունգարիան իր ջանքերի շնորհիվ ևս հայրենիք վերադարձան որոշ գերիներ: 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]