Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Արցախի տաք աղբյուրներից հայտնաբերված Anoxybacillus karvacharensis մանրէի պատմությունը որպես ոգեշնչման աղբյուր. 10 հարց գիտնականին

Արցախի տաք աղբյուրներից հայտնաբերված Anoxybacillus karvacharensis մանրէի 
պատմությունը որպես ոգեշնչման աղբյուր. 10 հարց գիտնականին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Դիանա Ղևոնդյանի կյանքում էքստրեմալ պայմաններում ապրող մանրէների ուսումնասիրությամբ զբաղվող լաբորատորիա հաճախելը շրջադարձային էր: Հենց այդ ժամանակ ուրվագծեցին հետագա մասնագիտական հետաքրքրություններն ու նրան տարան գիտությամբ զբաղվելու ճանապարհով: Դիանան ներկայում նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գիտնականների աջակցման ADVANCE դրամաշնորհային ծրագրի մասնակիցներից է:

Ինչպե՞ս ասպիրանտուրա ընդունվելու որոշում կայացրեցիք: Ընտանիքում և շրջապատում կայի՞ն մարդիկ, ովքեր աջակցում ու ոգեշնչում էին Ձեզ։

Կարող եմ ասել, որ առաջին ոգեշնչումը ստացել եմ դասախոսներից, ովքեր մեծ նվիրումով իրենց գիտելիքներն են փոխանցում։ Դպրոցական տարիներին շատ մակերեսային ենք ուսումնասիրել մանրէաբանությունը, այդ ժամանակ այն ինձ այդքան էլ չէր հետաքրքրում: Բայց հետագայում դասախոսների շնորհիվ մանրէաբանական հետազոտությունները մեզ համար դարձան մեծ բացահայտումների աղբյուր: Մասնագիտական ուղղորդումը եղել է դասախոսների կողմից ու իրենց օրինակով, իսկ ընտանիքս միշտ խրախուսել է առաջ գնալու, նպատակին հասնելու հարցում:

Մանրէաբանական ուսումնասիրությունը ոչ միայն տեսական, նաև փորձարարական տարր ունի իր մեջ։ Դա որքանո՞վ է նպաստել Ձեր ընտրության հարցում:

Իրականում դա ամենաշատն է նպաստել: Երբ երրորդ կուրսում շրջում էինք լաբորատորիաներում ու մոտիկից ծանոթանում ամեն ուղղությանը, ես միանգամից սիրահարվեցի մեր լաբորատորիային, որտեղ այսօր իրականացնում եմ իմ հետազոտությունները: Մենք զբաղվում ենք էքստրեմալ պայմաններում ապրող մանրէների ուսումնասիրմամբ: Ինչո՞ւ այն ինձ գրավեց, քանի որ մեզ՝ ուսանողներիս, միշտ թվացել է, որ բարձր կամ եռման ջերմաստիճաններում, ինչպես նաև թթվային ու հիմնային պայմաններում, կյանք գոյություն ունենալ չի կարող, բայց հասկացանք, որ, ոչ, այդ պայմաններում ևս կյանք կա ու ամենահետաքրքիրը հենց դա ուսումնասիրելն է։ Մեր լաբորատորիայում անցկացնում ենք նաև մետաղահանքերի պոչամբարների մետաղակայուն մանրէների հետազոտություն: Այս թեմայով հետաքրքրված էի դեռևս բակալավրիատից, այն զարգացրել եմ նաև մագիստրատուրայում: Արդեն ասպիրանտուրայում փորձում եմ մետաղակայուններին զուգահեռ էքստրեմալ պայմաններում գտնվող այլ խմբի մանրէներ ուսումնասիրել:

Ո՞վ է գիտնականն՝ ըստ Ձեզ:

Ինչ-որ մեկին գիտնական կոչելու ամենակարևոր պայմաններից մեկն ինձ համար ոչ միայն նրա կողմից նոր բացահայտումներ անելը կամ հարցերին լրիվ այլ տեսանկյունից մոտենալն է, բայց նաև գիտելիքի փոխանցման ունակությունն է: Գիտնականը կարող է իր լաբորատորիայում փակված իրականացնել հետազոտություններ, գրանցել տարբեր արդյունքներ, որոնց մասին ոչ ոք չիմանա, եթե նա հոդվածներ տպագրելով ու դասախոսություններով դրանց մասին չիրազեկի մյուսներին ու չկիսվի իր բացահայտումներով:

Ի՞նչն  է Ձեզ առավոտյան օգնում արթնանալ։

Հատկապես գիտական գործունեությամբ զբաղվելիս ժամանակն այնքա՜ն արագ է թռչում: Մտածում ես՝ թեման նոր ես սկսել, բայց հանկարծ զգում ես մի քանի ամիս արդեն անցել է ու կարևոր արդյունքներ դեռ չունես: Այդ պատճառով շատ կարևոր է ամեն օրը պլանավորել այնպես, որ գոնե փոքրիկ քայլերով մոտենալ նպատակին: Գիտության մեջ արդյունք գրանցում ես բավականին երկար ժամանակահատվածում, որի ընթացքում գիտությունն ինքնին փոխվում է ու ավելանում են նոր նպատակներ։

Գիտության մեջ մրցակցությունը շատ մեծ է, քանի որ դու աշխարհի հետ ես մրցում։ Այդպես է, չէ՞:

Այո, դու աշխարհի հետ ես մրցում: Հատկապես առաջատար երկրներում գիտությունը շատ արագ է զարգանում, բայց մենք փորձում ենք քայլ անել նրանց հասնելու համար: Գիտական հոդվածները հենց նրանով են կարևոր, որ քո գիտելիքը, ստացած արդյունքը հասու ես դարձնում աշխարհին, ինչ-որ չափով մրցում ես նրանց հետ, որ տպագրվես նույն գիտական ամսագրերում, նույն գրքերում հայտնվես։ Միայն այդ ձևով է, որ կարողանում ես ոտք մեկնել զարգացած երկրների հետ, ինչ-որ դեպքերում նույնիսկ առաջ անցնել, երբ կարողանում ես մինչ այդ եղած գիտելիքը մի նոր բացահայտումով հարստացնել:

Իսկ ո՞րն է Ձեզ ամենաշատը տպավորած բացահայտումը գիտական Ձեր հետաքրքրությունների մեջ:

Մեր թիմը՝ Հովիկ Փանոսյանի ղեկավարությամբ, հայտնաբերել է նոր մանրէ, որը աշխարհի ոչ մի կետում մինչ այդ չի հայտնաբերվել։ Մանրէն մեկուսացվել է Արցախի՝ Քարվաճառի տաք աղբյուրներից ու երկարատև ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այն համաշխարհային գիտական համայնքի համար լիովին անծանոթ է: 55-60 0C աստիճանում ապրող մանրէն անվանակոչվել է տեղանքի՝ Քարվաճառի անունով՝ Anoxybacillus karvacharensis (Անոքսիբացիլուս Քարվաճառենսիս): Ինձ համար շատ մեծ ու ոգևորիչ բացահայտում է, որի վրա գիտական խումբն աշխատել է շուրջ տասը տարի, հոդվածները տպագրվել են 2021-ին: Հենց նման դեպքերը նկատի ունենալով եմ ասում, որ գիտական արդյունքին հասնելու համար շատ երկար ժամանակ է պետք։

Այս բացահայտումը մեր հարևան երկու երկրների համար շատ մեծ հարված էր և  գիտական համայնքի կողմից բազմիցս առաջարկվել է փոփոխել անվանումը, սակայն մեր ղեկավարի համառ աշխատանքի շնորհիվ հենց այս կերպ է անվանակոչվել մանրէն: Եթե աշխարհի մեկ այլ կետում էլ հայտնաբերվի այդ մանրէն, այն միևնույնն է կոչվելու է Anoxybacillus karvacharensis: Անգամ, եթե հիմա Ադրբեջանը նոր ենթատեսակներ գտնի, նոր շտամներ, այն կրկին այս անվանումն է կրելու։

Մանրէի բացահայտման գործում մեծ է հոդվածի համահեղինակ նորվեգացի պրոֆեսոր Նիլս-Կորե Բիրկելանդի ներդրումը։ Վերջինս աջակցել է այդ հետազոտությունների իրականացմանը, որոնք հնարավոր չէին իրականացնել Հայաստանում որոշ մասնագետների ու սարքավորումների բացակայության պատճառով:

Anoxybacillus karvacharensis-ը կարող է հետագայում նաև կիրառություն գտնել տնտեսության մեջ, մասնավորապես գարեջրի արտադրությունում, քանի որ այն հանդիսանում է ամիլազ ֆերմենտի լավ արտադրիչ։ Ամիլազ ֆերմենտը իրականացնում է օսլայի ճեղքում: Ուսումնասիրվում են նաև մանրէի ֆերմենտատիվ հատկությունները հետագայում կենսատեխնոլոգիայում օգտագործելու նպատակով:

Եղե՞լ է որևէ շրջադարձային պահ, որ օգնել է ավելի հաստատվել գիտնական դառնալու Ձեր որոշման մեջ:

Ինձ թվում է դա այն պահն էր, երբ առաջին անգամ մտա մեր լաբորատորիա: Մինչև դա չէի կողմնորոշվում շարունակել կրթությունս ասպիրանտուրայու՞մ, թե՞ ընտրել բժշկական ուղղվածությունը։ Մանրէաբանության լաբորատորիայում հետազոտական աշխատանքի շնորհիվ հասկացա, որ ճիշտ որոշում եմ կայացրել:

Կիսո՞ւմ եք կարծիքը, որ գիտությամբ զբաղվելը բարդ աշխատանք է։

Գիտությամբ զբաղվելը հետաքրքիր է: Գուցե բարդ է այն իմաստով, որ պետք է անընդհատ սովորել, կատարելագործվել, մասնակցել համաժողովների, ծանոթանալ դրսի գիտնականների աշխատանքներին, նրանց ձեռքբերումներին: Բարդ է, որովհետև նվիրված աշխատանք ու համբերատարություն է պահանջում, ինչպես նաև հետազոտական ճիշտ հարցադրումներ ու անսխալ աշխատանք, որպեսզի ստանաս հիմնավորված արդյունքներ: Բայց, եթե սիրում ես քո աշխատանքը, չես ընկրկում բարդություններից:

Ի՞նչ կասեիք այն երեխային, ով ուզում է դառնալ գիտնական։

Կասեի՝ պետք է անպայման փորձել։ Հատկապես երեխաներին միշտ տանջում է «ինչո՞ւ» հարցը, դա գիտնական դառնալու պայմաններից մեկն է։ Կասեի նաև, որ նրանք փորձեն մտածել այնպես, ինչպես չեն մտածում մյուսները, որ կարողանան գտնել այն հարցերի պատասխանները, որոնք դեռևս չկան։

Ի՞նչը կհամարեք Ձեր կարիերայի գագաթնակետը, գուցե՞ Նոբելյան մրցանակը։ 

Կարծում եմ՝ յուրաքանչյուր գիտնական ունի Նոբելյան մրցանակի արժանանալու հավակնություն: Գիտնականին առաջ մղողը նոր բացահայտումն ու իր հայտնագործությամբ մարդկանց կյանքը բարեփոխելն է: Ես ինքս էլ, չտարբերվելով մյուսներից, շատ կցանկանայի ստանալ Նոբելյան մրցանակ: Այ դա իսկապես շրջադարձային պահ կլիներ:

 

«10 հարց գիտնականին» շարքի նախորդ նյութերը՝ ստորև՝

Քսան տարի առաջ ԱՄՆ-ի լաբորատորիայում ինձ զգում էի ինչպես ֆիլմում. Աննա Փոլադյան

Գիտությունը հաղթեց բոլոր գործերին, որովհետև հեռանկարային է. Սարգիս Աղայան

Աշխարհը փոխելու ամենահեշտ ուղին գիտությամբ զբաղվելն է. Սոնա Հունանյան

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]