Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Լավագույն ծրագրավորողներն ուժերը կչափեն ICPC միջազգային մրցույթի Երևանում անցկացվող տարածաշրջանային եզրափակիչ փուլում

Լավագույն ծրագրավորողներն ուժերը կչափեն ICPC միջազգային մրցույթի Երևանում 
անցկացվող տարածաշրջանային եզրափակիչ փուլում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանում ապրիլի 12-ին կայացավ աշխարհի ամենահին, ամենամեծ և հեղինակավոր ծրագրավորման մրցույթի՝ ICPC-ի Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլի բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկու անգամ հայաստանյան թիմերը դուրս են եկել մրցույթի եզրափակիչ փուլ:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ օլիմպիադան արդեն 3-րդ անգամ է անցկացվում Հայաստանում, հույս հայտնեց, որ հայաստանյան մասնակիցները կանեն հնարավորը՝ մեդալներ նվաճելու համար:

«2001 թվականին ստանձնելով այս հանձնառությունը՝ ՀՀ բուհերը դարձել են աշխարհի համալսարանական հանրության մասը: Այս մրցույթը բավականին բարդ գործընթաց է՝ ալգորիթմական բարդագույն լուծումներ պահանջող խնդիրներով, հետևաբար՝ զուտ մասնակցությունը և համակարգին տիրապետելն արդեն իսկ բավականին քրտնաջան աշխատանք են պահանջում: 20 տարիների ընթացքում անցել ենք բավական երկար ճանապարհ, եղել են և՛ հաջողություններ, և՛ անհաջողություններ»,- նշեց Վահրամ Դումանյանը։ 

Նախարարը նշեց, որ մրցույթը Երևանում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգից ժամանած Գենադի Կորոտկևիչը և Դմիտրի Ֆիլիպովը։ Ըստ Վահրամ Դումանյանի՝ Գենադի Կորոտկևիչը դեռևս չգերազանցված սպորտային ծրագրավորող է, որն իրեն հավասար մրցակից չունի աշխարհում:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մրցույթն այս տարի անցկացվում է միաժամանակ 5 քաղաքներում՝ Երևան, Սանկտ Պետերբուրգ, Բառնաուլ, Ալմաթի և Մինսկ (մասնակցում է շուրջ 300 թիմ): ՀՀ թիմերին մաղթելով հաջողություն՝ ԵՊՀ ռեկտորը նշեց, որ մրցույթի եզրափակիչը 2023 թվականին տեղի կունենա Եգիպտոսում:

ԵՊՀ թիմերից մեկի մարզիչ, «ՔոդՍիգնալ» ընկերության ներկայացուցիչ Ալբերտ Սահակյանն էլ ասաց, որ իրենց ընկերության աշխատակիցներից շատերը տարբեր համալսարանների թիմերի անդամներ են կամ թիմերի մարզիչներ։ Նա ընդգծեց, որ այս տարվա մրցույթը յուրահատուկ է, քանի որ ՀՀ թիմերի՝ եզրափակիչ փուլ դուրս գալու հավակնորդները 1-ից ավելի են:

Գենադի Կորոտկևիչն իր հերթին կարևորեց, որ Հայաստանում մրցույթի անցկացմանն աջակցում են ինչպես ՏՏ ընկերությունները, այնպես էլ ԿԳՄՍ նախարարությունը, ինչը կնպաստի օլիմպիական շարժման զարգացմանը:

«Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների և ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադաներում մասնակիցների ցուցաբերած նվաճումներում ունեցած մեծ ավանդի համար ԵՊՀ ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը պարգևատրվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով, իսկ ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադաներում մասնակիցների նվաճումների համար Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնի դոցենտ Տիգրան Փիլիպոսյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի դոցենտ Սուրեն Խաչատրյանն արժանացան ԿԳՄՍՆ շնորհակալագրերի: Մրցանակները հանձնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Մրցույթին Հայաստանը ներկայացնող 13 թիմերն ընտրվել են նախորդ փուլի արդյունքների հիման վրա։ Այս փուլում ԵՊՀ-ից կմասնակցի 4 թիմ, Հայ-ռուսական համալսարանից՝ 3 թիմ, 1-ական թիմեր՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Եվրոպական համալսարանից, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Գորիսի պետական համալսարանից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից։ Երևանյան մրցույթի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանը և «CodeSignal» («ՔոդՍիգնալ») ընկերությունը։

Մրցույթին մասնակցում է 111 երկիր՝ բաշխված ըստ տարածաշրջանների: Մրցույթի ընթացքում, բացի տարածաշրջանային փուլի հաղթող 12 մեդալակիրներին որոշելուց, որոշվելու են նաև եզրափակիչ փուլի մասնակիցները։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, աշխարհի ուժեղագույն ծրագրավորող, ամենատիտղոսակիր օլիմպիական, ICPC-ի կրկնակի չեմպիոն Գենադի Կորոտկևիչը, հյուրեր միջազգային և տեղական կառույցներից։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]