Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս 2022

Քաղաքապետարանն արգելելու է բացօթյա առևտուրը Գյումրու մի շարք հատվածներում

Քաղաքապետարանն արգելելու է բացօթյա առևտուրը Գյումրու մի շարք հատվածներում

ԳՅՈՒՄՐԻ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մայիսի 1-ից կարգելվի փողոցային առևտուրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեռ անցած տարվա դեկտեմբերին ընդունված որոշմամբ քաղաքապետարանն արգելելու է քաղաքի մի շարք հատվածներում իրականացվող բացօթյա առևտուրը: Խնդիրը ոչ միայն քաղաքի՝ հատկապես կենտրոնական հատվածի, տեսքի խաթարման հետ է կապված, այլ նաև այն բանի հետ, որ առևտրի համար զբաղեցված փողոցներում ու մայթերում խոչնդոտվում է քաղաքացիների ու ավտոմեքենաների տեղաշարժը: Ինչպես տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանից առևտրով զբաղվողներին ժամանակ է տրվել  մինչև ապրիլի 30-ն ազատել փողոցներն ու մայթերը:

Առևտրականներին առաջարկվում է քաղաքի կենտրոնական՝ Շահումյան փողոցի, Հաղթանակի պողոտայի, Լաչինի միջանցք կոչվող հատվածներից տեղափոխվել առևտրի համար նախատեսված մասնավոր տարածք:  Այս մասին քաղաքապետարանում կայացած՝ բացօթյա առեւտուրը կասեցնելու նախաձեռնության շուրջ կայացած հանրային քննարկման ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը։ «Պայմանավորվել ենք՝ մեկ ամիս ավճար է լինելու տարածքները տեղափոխվելուց հետո, մեկ տարի անփոփոխ է լինելու մեկ մետրը 300 դրամ պայմանը, ամբողջությամբ նոր տաղավարներ են էնտեղ կառուցվում»,- նշեց Գյումրու քաղաքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը։

Քաղաքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուները արձանագրել են ոչ միայն կենտրոնական հատվածում, այլ նաև այլ հատվածներում՝ Անի թաղամասում ու կայարանամերձ հրապարակին հարող տարածքում: Այս տարածքներում ևս փողոցային առևտուրը կարգելվի:

 

Արմենուհի Մխոյան   








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]