Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուժերի միջև հեռավորության ապահովումը միջադեպերի նվազեցման էական տարր. Շառլ Միշելի հայտարարությունը եռակողմ հանդիպման արդյունքներով

Ուժերի միջև հեռավորության ապահովումը միջադեպերի նվազեցման էական տարր. 
Շառլ Միշելի հայտարարությունը եռակողմ հանդիպման արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, սերտորեն աշխատելու լարվածությունը հաղթահարելու և հասնելու նրան, որ Հարավային Կովկասը լինի անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց: Ընդգծվում է, որ ղեկավարներն ամփոփել են 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից և 2022 թվականի փետրվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ իրենց տեսակոնֆերանսից հետո տեղի ունեցած զարգացումները: Նշվում է նաև ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացի մասին:

Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում վերջերս ստեղծված լարվածությունը և վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ «Նրանք ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին ԵՄ հովանու ներքո Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և պայմանավորվել են այս ներգրավվածությունը շարունակելու անհրաժեշտության մասին՝ ապահովելու ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը համարժեք հետևողականություն»,-ասված է հայտարարությունում:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը՝ վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա նաև շեշտել է բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝գերության մեջ պահվողների ազատումը և անհետ կորածների խնդրի համակողմանի լուծումը: Միշելը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը: «ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև հումանիտար ականազերծման ջանքերին, այդ թվում՝ շարունակելով փորձագիտական խորհրդատվության տրամադրումը և ավելացնելով ֆինանսական օգնությունը, այդ թվում օգնությունը՝ հակամարտությունից տուժած բնակչությանը»,-ասված է հայտարարությունում:

Նախագահ Միշելը նշել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի, և Ադրբեջանի նախագահ Ալիևի ցանկությունը՝ արագորեն շարժվել դեպի երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։ «Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստման վրա, որը կլուծի բոլոր անհրաժեշտ խնդիրները»,-ասվում է հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ երկկողմանի սահմանազատումը և սահմանագծումը կարևոր նշանակություն կունենա: Այդ նպատակով, համաձայն Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչև ապրիլի վերջ ձևավորել համատեղ հանձնաժողով։ Համատեղ սահմանային հանձնաժողովի մանդատը լինելու է.

  1. Սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը
  2. Ապահովել կայուն անվտանգ իրավիճակ՝ սահմանագծի երկայնքով և մերձակայքում:

Նախագահ Միշելը նաև շեշտել է, որ ուժերի միջև համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման էական տարր է։ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ տրամադրելու խորհրդատվություն և աջակցություն:

Ղեկավարները քննարկել են նաև կապի, ենթակառուցվածքի վերականգնման հարցը՝ մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև, ավելի լայն առումով՝ Հարավային Կովկասում: Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ խրախուսելով Հայաստանին և Ադրբեջանին գտնել արդյունավետ լուծումներ ճանապարհային կապերի վերականգնման համար։ Նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապերի զարգացման հարցում, այդ թվում՝ իր տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան և օգտագործելով առաջարկվող տնտեսական խորհրդատվական ֆորումը ընդհանուր նախագծերը բացահայտելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]