Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Էներգաարդյունավետ արդիականացման ծրագրերը Հայաստանում. իրականություն, ազդեցություններ և ապագա ակնկալիքներ

Էներգաարդյունավետ արդիականացման ծրագրերը Հայաստանում. իրականություն, 
ազդեցություններ և ապագա ակնկալիքներ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականին Կանաչ Կլիմայի հիմնադրամի կողմից հաստատվել է 20 միլիոն ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ՝  շենքերի էներգաարդյունավետության  արդիականացման միջոցով Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ծրագրի նպատակով։ Ավելի ուշ՝ 2020 թվականին, տեղի ունեցավ պատմական նշանակության քայլ, երբ Հայաստանի կառավարության կողմից հաստատվեց շենքերի էներգաարդյունավետ արդիականացումը որպես պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակում  ներառման ենթակա ուղղություն: Այս ծրագրի գծով Հայաստանի կառավարության դերը որպես առաջնային գործընկեր  հսկայական առավելություն է հասարակական և բնակելի շենքերի բոլոր շահառուների համար: Այն բարելավում է սովորական մարդկանց կենսապայմանները և հնարավորություն է ստեղծում ապագայում ավելի շատ համատեղ ծրագրերի իրականացման համար։

ՄԱԶԾ-ն և ԿԿՀ -ն՝ ՀՀ կառավարության հետ համատեղ ուժերով նպատակ ունեն փոփոխություն ստեղծել Հայաստանի էներգաարդյունավետության ոլորտում՝ ոլորտ, որտեղ շատ ծավալուն աշխատանք կա կատարելու, ինչը պետք է պատշաճ կերպով ներկայացվի հանրությանը՝ այդ փոփոխությունների արդյունքներից առավելագույն օգուտ ապահովելու համար։ Սովորական մարդիկ պետք է ընկալեն իրենց բնակավայրերի համայնքների էներգաարդյունավետ փոխակերպման կարճաժամկետ և երկարաժամկետ առավելությունները: Միայն այդ դեպքում տեղի կունենա իրական փոփոխություն, որը դուռ կբացի կանաչ Հայաստանի համար, դրական ազդեցություն կունենա կլիմայի գլոբալ փոփոխության առումով և կարող է երաշխավորել հասարակության բարելավված որակյալ կենսամակարդակ:

Ինչպե՞ս է ծրագիրն ազդում կլիմայի փոփոխության հիմնախնդրի վրա:

Ծրագրի անմիջական ազդեցությունը արտահայտվում է ջեռուցման համար հանածո վառելիքի այրման արդյունքում ջերմոցային գազերի և այլ աղտոտիչների արտանետումների նվազեցմամբ: 20 տարվա ընթացքում կխնայվի մինչև 5,8 մլն տոննա CO2: Սա համարժեք է մեկ տարվա ընթացքում մոտ 630,000 տնային տնտեսության էներգիայի օգտագործման արդյունքում CO2-ի արտանետումներին: Կամ՝ ԱՄՆ-ում մոտավորապես 6 500 000 ակր անտառների կողմից մեկ տարվա ընթացքում կլանված CO2-ին:

Հայաստանի նման ցուրտ ձմեռ ունեցող երկրում, որտեղ ջերմաստիճանը կարող է իջնել մինչև 20-30 աստիճան զրոյից ցածր, նման արտանետումները անակնկալ չեն, քանի որ բնակելի շենքերի մեծ մասում, շենքերի էներգաարդյունավետ լուծումների մեծամասնության իսպառ բացակայության պայմաններում, ջեռուցումն ապահովվում է անհատական գազի կաթսաների միջոցով։ Մենք համարում ենք, որ կլիմայի գլոբալ փոփոխության կանխարգելումը մեր պարտականությունն է, և նպատակ ունենք Հայաստանում շենք առ շենք նվազեցնել կլիմայի փոփոխության ռիսկերը և դրա հետևանքները: Այնուամենայնիվ, մենք գիտակցում ենք իրականությունը և գիտենք, որ անհնար է արդիականացնել Հայաստանում առկա բոլոր շենքերը։

Այստեղ առաջ է գալիս մեր ծրագրի անուղղակի ազդեցությունը, որը կոչված է օրինակ ծառայել և էներգաարդյունավետության մշակույթը տարածել հայ ժողովրդի շրջանում բոլոր հնարավոր միջոցներով՝ տեղեկատվական տեսանյութերի, հրապարակումների, սոցիալական լրատվամիջոցների հարթակների և նույնիսկ մեր օժանդակությամբ արդիականացված շենքերի էներգաարդյունավետության անձնագրերի միջոցով։    Մենք պետք է կարողանանք ցույց տալ, թե էներգաարդյունավետ լուծումներն ինչպիսի փոփոխությունների կհանգեցնեն նրանց կյանքում և աստիճանաբար մեծացնենք նրանց հետաքրքրությունը՝ սեփական միջոցների հաշվին նման լուծումներ ներդնելու ուղղությամբ։

Ո՞րն է Հայաստանի տնտեսության համար ստեղծվող լրացուցիչ արժեքը։

Էներգաարդյունավետ լուծումների ուղղությամբ ներդրումների մասշտաբային ընդլայնումը այս ծրագրի առաջնային նպատակներից է: Մենք ցանկանում ենք խրախուսել Հայաստանում մասնավոր ներդրողներին ակտիվորեն մասնակցություն ունենալ այս ոլորտում։ Մեր ծրագիրն աստիճանաբար նման լուծումների պահանջարկ կստեղծի տեղական շուկայում. հետևաբար, ի հայտ կգա նաև առաջարկը՝ տեղական աճող պահանջարկը բավարարելու համար: Վաղ թե ուշ, այն կնպաստի առկա աշխատուժի զարգացմանը՝ ստեղծելու ոչ թե ժամանակավոր, այլ մշտական կանաչ աշխատատեղեր, ներգրավելու օտարերկրյա ներդրումներ, բարելավելու երկրի կարողությունները այս ոլորտում և, ի վերջո, կնպաստի կլիմայի փոփոխության հակազդեցության ուղղությամբ  մեր քայլերի արագացմանը:

Վերջին երկու տարիների ընթացքում մենք ականատես եղանք տեղական համայնքների շրջանում հետաքրքրության աճի խոստումնալից նշանների, հատկապես ավելի քան յոթանասուն բնակելի շենքերի արդիականացման աշխատանքներն ավարտելուց հետո: Ծրագրի առաջընթացի հետ մեկտեղ, կխրախուսվեն ավելի շատ մարդկանց նախաձեռնողականություն ցուցաբերելը և Հայաստանում կանաչ էներգաարդյունավետության շարժմանը միանալը:

Բացի այդ, հնարավոր չէ թերագնահատել էներգաարդյունավետ լուծումների դերը Հայաստանում էներգիայի աճող պահանջարկի բավարարման անհրաժեշտության համատեքստում։ Էներգախնայողությունը կնպաստի Հայաստանի ազգային տնտեսության զարգացմանը, և հնարավոր կլինի ավելի շատ պետական ներդրումներ ուղղորդել տարբեր ոլորտներ։

Հայաստանի բնակչության կենսապայմանների բարելավում

Հայաստանի աղքատ բնակչության համար կոմունալ վճարումները, հատկապես ցրտաշունչ ձմռանը՝ գազի, իսկ ամառվա շոգ օրերին՝ էլեկտրաէներգիայի ծախսերը միշտ մեծ խնդիր են եղել։ Որոշ տնային տնտեսություններ ջանքեր կգործադրեն պահպանելու իրենց ջեռուցման կամ հովացման համակարգերի շահագործումը։ Բացի կլիմայական և տնտեսական ազդեցություններից, մեր գնահատումներով, Հայաստանում ավելի քան 200,000 մարդ օգուտ կքաղի այս ծրագրից:

Գյուղական բնակավայրերի բնակիչների համար կստեղծվեն ավելի լավ կենսապայմաններ՝ նվազեցված կոմունալ վճարումների միջոցով: Որքան շատ մարդիկ կարողանան խնայել կոմունալ ծախսերը, այնքան ավելի շատ միջոցներ կունենան ծախսելու ներքին շուկաներում՝ իրենց կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ: Ծրագրի կողմից ընտրված մարզերը և տարածքները ուսումնասիրելիս մենք պարզեցինք, որ ամենախոցելի տնային տնտեսությունները կանանց գլխավորությամբ տնային տնտեսություններն են, որոնք կազմում են ընդհանուր շահառուների 15%-ից մինչև 30%-ը: Ծրագիրը կաջակցի այս կանանց՝ իրենց ընտանիքների համար ավելի բարեկեցիկ կյանք ապահովելու ուղղությամբ: Այլ կերպ ասած. Կունենանք ավելի տաք բնակելի շենքեր, ամսական ավելի ցածր կոմունալ ծախսեր և բարելավված կենսամիջոցներ հայ հասարակության աղքատ շերտերի համար։

Էներգետիկ աղքատության վերացում

Հայաստանի գյուղական բնակավայրերի շատ ընտանիքներ ապրում են տնտեսական ոչ բարվոք պայմաններում։ Չնայած երկրում էներգետիկ լուծումների առկայությանը՝ ինչպիսիք են գազը և էլեկտրաէներգիան, նրանք հնարավորություն չունեն մշտապես օգտվել այդ ծառայություններից՝ կոմունալ բարձր ծախսերի պատճառով: Մեր ծրագրի նպատակներից մեկն այս ընտանիքների համար կոմունալ վճարումները ողջամտորեն նվազեցնելու ուղղությամբ կայուն լուծումների ներդրումն է՝ բնակելի շենքերի ջերմաարդիականացման միջոցով: Էներգաարդյունավետ շենքերը սպառում են ավելի քիչ էներգետիկ ռեսուրսներ և ապահովում են ավելի լավ կենսապայմաններ: Մինչ այժմ մեր ջանքերը հանգեցրել են էական բարելավումների՝ մեր կողմից արդեն իսկ արդիականացված շենքերում ծախսերի խնայողության առումով։

Որոշ բնակելի համայնքներում մեր կողմից իրականացված էներգաարդյունավետ արդիականացման արդյունքում էներգիայի ընդհանուր սպառումը նվազել է 2,4-ից 4,2 անգամ, ինչը հանգեցրել է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և ջեռուցման և հովացման ծախսերի 20-60% խնայողության: Ավելին, արդիականացված շենքերի բնակարանների շուկայական արժեքը աճել է 10-15%-ով։

Էներգետիկ անկախության ձեռքբերում

Թեև Ծրագիրը չի հանգեցնի երկրի ամբողջական էներգետիկ անկախության, այնուամենայնիվ այն կնպաստի համայնքների մասնակի էներգետիկ անկախության ձեռքբերմանը: Այս քայլը միայն սկիզբն է, և քանի որ մենք գիտենք, որ անհնար է արդիականացնել Հայաստանում առկա բոլոր շենքերը, և մենք չենք կարող էներգաարդյունավետ լուծումներ ներդնել յուրաքանչյուր բնակարանի ներսում, մեր երկարաժամկետ պլանը, ինչպես վերևում նշեցինք, ողջ երկրում էներգաարդյունավետության մշակույթի տարածումն է։ Մենք ցանկանում ենք, որ տեղական համայնքները պատասխանատվություն ստանձնեն, ինքնուրույն ներգրավվեն էներգաարդյունավետության շարժման մեջ և լուծումներ փնտրեն էներգետիկ անկախության հասնելու համար:

Գործնական քայլեր՝ դեպի էներգաարդյունավետ Հայաստան

Ծրագրի ուշադրության կենտրոնում են գոյություն ունեցող հասարակական և բնակելի շենքերը, հատկապես՝ հին, 60-80-ականներին կառուցված շենքերը, որոնցում բացակայում է էներգաարդյունավետության որևէ միջոցառում: Ամբողջական և մասնակի ջերմաարդիականացման պլանները ներդաշնակեցվել են ըստ Հայաստանի Հանրապետության կատարելագործված շինարարական նորմերի և  ստանդարտների և ներդրվել մի քանի շենքերում: Փոխարինվել են սանդուղքների պատուհաններն ու դռները, կառուցվել են նախագավիթի մուտքեր, ամբողջությամբ մեկուսացվել են տանիքներն ու արտաքին պատերը, ձեռնարկվել են հակահրդեհային անվտանգության տարրական միջոցառումներ, տեղադրվել լուսադիոդային լուսավորության ժամանակակից համակարգեր։

ՄԱԶԾ-ն աջակցություն է ցուցաբերել մատակարարվող նյութերի, ապրանքների և շինարարության որակի վերահսկման ուղղություններով: Մեր աշխատանքները դեռ ընթացքի մեջ են՝ մինչև 2022 թվականի ավարտը 14 համայնքների 110 շենքերը էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքներն ավարտին հասցնելու ուղղությամբ։

Ծրագրի ուրույն բնույթը և պահանջները

Աշխարհում իրականացվում են բազմաթիվ էներգաարդյունավետության ծրագրեր, սակայն այս ծրագրի ուրույն բնույթը կայանում է նրանում, որ հաջողվել է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցությունը շենքերի արդիականացման ծրագրում՝ որպես առաջնային համաֆինանսավորող գործընկեր, հանուն Հայաստանի և նրա ժողովրդի ավելի բարեկեցիկ ապագայի:

Այս ծրագրում կառավարության՝ որպես առաջնային համաֆինանսավորող գործընկերոջ մասնակցությունը նշանակալի առաջընթաց էր կլիմայի փոփոխության հարցերով Հայաստանի պետական մարմինների հետ միջազգային համագործակցության ուղղությամբ: Այնուամենայնիվ, ԿԿՀ-ն, ՄԱԶԾ-ն և Հայաստանի կառավարությունը հնարավորություն չունեն բացառապես սեփական ուժերով ապահովել բազմաթիվ շենքերի արդիականացման ծրագրի ողջ ծավալով ֆինանսավորումը: Ֆինանսավորման արտաքին գործընկերների անհրաժեշտությունը էական է՝ ծրագրի ճիշտ ուղղությամբ առաջընթացը շարունակելու համար։ Միայն այդպես կհաջողվի մեր աշխատանքների արդյունքում ստանալ տևականորեն կայուն զարգացման մոդել՝ Հայաստանում էներգաարդյունավետության փոխակերպման արդյունքներ արձանագրելու համար:

Միջազգային համայնքների դերը ծրագրին աջակցելու հարցում շատ նկատելի է, և այն վճռորոշ դեր է խաղում ծրագրի շարունակականության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների դիվերսիֆիկացման գործում: Մենք պետք է կարողանանք ապահովել ֆինանսական միջոցների շարունակական հոսքը՝ մեր ծրագրի կայուն առաջընթացի համար, քանի որ չենք ցանկանում սահմանափակել մեր ձեռքբերումները 110 շենքերով, բացի այդ, ավելի շատ ջանքեր են պահանջվում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկվածության մեծացման աշխատանքները շարունակելու համար:

Մենք ցանկանում ենք տարածել էներգաարդյունավետության մշակույթը և հասնել շենքերի էներգաարդյունավետ արդիականացման մասշտաբավորման․ նույնիսկ ֆինանսավորման այլ սխեմայի պարագայում մենք ձգտելու ենք պահպանել այս առաջընթացը՝ այդ ուղղությամբ համագործակցելով տեղական և միջազգային կողմերի հետ համայնքների հետ, ձեռք բերված գործընկերության կայունությունը ապահովելու նպատակով:

Եզրահանգում

Հաշվի առնելով հարակից հանգամանքները և ներկա իրավիճակը, Հայաստանում էներգաարդյունավետ արդիականացման անհրաժեշտությունը կենսական է և ունի աճող բնույթ։ Այն ոչ միայն կնպաստի հայ ժողովրդի կենսամակարդակի բարելավմանը, այլև գործուն մասնակցություն կունենա շենքերի ոլորտում կլիմայի գլոբալ փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջազգային ջանքերին: Մենք արդեն երկար ճանապարհ ենք անցել մեր աշխատանքում, սակայն ապագայում շատ անելիքներ կան՝ մեր ծրագրի կայունությունը և դրա արդյունքների հարատևությունը երկարաժամկետ հեռանկարում ապահովելու առումով,  որի համար պահանջվում է բոլոր շահագրգիռ կողմերի աջակցությունը՝ միջազգային մակարդակով։

Հայաստանի կառավարությունը դինամիկ և բաց է եղել այս ուղղությամբ համագործակցության հարցում, ինչն ինքնին մեծ քայլ է երկրում էներգաարդյունավետության անցման ուղղությամբ և հնարավորություն է, որը պետք չէ բաց չթողնել: Մենք պետք է օգտվենք առիթից և համատեղենք բոլոր ջանքերը, որպեսզի ծրագիրը շարունակի իր առաջընթացը դեպի կանաչ Հայաստան:

Դիանա Հարությունյան

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]