Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարն Արմավիրի մարզում այցելել է «Ոսկենի Գինիներ» գործարան

ՀՀ էկոնոմիկայի նախարարն Արմավիրի մարզում այցելել է «Ոսկենի Գինիներ» 
գործարան

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել են Արմավիրի մարզ՝ «Ոսկենի Գինիներ» գինեգործարանի գործունեությանն ու ընդլայնման ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, գործարանի հիմնադիր Սուսաննա Դավոյանի ուղեկցությամբ Վահան Քերոբյանը շրջել է գործարանում։ Շրջայցի ընթացքում ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ վերջին շրջանում ընկերության գինիների հանդեպ պահանջարկը մեծացել է, և առաջիկայում նպատակ կա մեծացնել արտադրական ծավալները, որին զուգահեռ նախատեսվում է նաև ընդլայնել արտահանման ծավալները։ Ներկայում ընկերությունն արտադրում է 8 տեսակի գինի, որոնք արտահանվում են  Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Նիդեռլանդներ, Ավստրիա և Գերմանիա։ Խաղողը մթերվում է թե՛ ընկերության սեփական այգիներից, թե՛ անհատ խաղողագործներից։   

«Ընկերության առաջնային ծրագրերից է նաև նորագույն սարքավորումներով վերազինման գործընթացը, որը կնպաստի արտադրության ընդլայնման աշխատանքների հաջող իրականացմանը։ Այդ նպատակով ընկերությանը ներկայացվել են պետական աջակցության այն ծրագրերը, որոնք մեծապես կարող են նպաստել արտադրության ծավալների մեծացմանն ու գինու տեսականու ընդլայնմանը՝ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության  և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերը:

Այցի ընթացքում ընկերության ղեկավարության հետ քննարկվել է նաև Տնտեսության արդիականացման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է աջակցել մշակող արդյունաբերության զարգացմանը, խթանել նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացմանը և աշխատանքի արտադրողականության աճի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ արտադրությունը մեծացնելու նպատակով ընկերությունը կօգտվի պետական աջակցության տարբեր գործիքներից։

«Ոսկենի Գինիներ» (“Voskeni Wines”)-ը ընտանեկան գինեգործական ընկերություն է, որը հիմնադրվել է 1925 թվականին ԱՄՆ-ում հաջողակ գործարար, ընտանիքի նախապապ Սմբատ Մաթևոսյանի կողմից։

Խորհրդային շրջանում գործունեությունն ընդհատվել է մինչև 2008 թ, երբ հիմնադրի ժառանգները գնել են և ամբողջապես վերականգնել յուրօրինակ խաղողի տեսակների հիման վրա գինիների արտադրությունը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]