Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Լուիջի դի Մայոն Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ի հետ համագործակցությունը խորացնելու Իտալիայի շահագրգռվածությունը

Լուիջի դի Մայոն Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ի հետ համագործակցությունը խորացնելու Իտալիայի շահագրգռվածությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Լուիջի դի Մայոյի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարբեր ոլորտներում Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իտալիայի հետ փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում:

«Լուիջի դի Մայոն ընդգծել է իր երկրի կառավարության շահագրգռվածությունը՝ ընդլայնելու և ամրապնդելու Հայաստանի հետ համագործակցությունը, այդ թվում՝  տնտեսության ոլորտում: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը կարևորել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկուստեք հեռանկարային է համարվել փոխգործակցության զարգացումը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ ոլորտներում:

«Զրուցակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանն իր դիտարկումներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ շեշտելով Արցախի կարգավիճակի հստակեցման, անվտանգության ապահովման և արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը»,- հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Նշվում է, որ Լուիջի դի Մայոն Իտալիայի աջակցությունն է հայտնել ՄԽ համանախագահության և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին՝ միտված ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկխոսությանը:

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]