Հասարակական

Գավառի թատրոնում տեղի ունեցավ Կանանց տոնի միամսյակին նվիրված ցերեկույթ

3 րոպեի ընթերցում

Գավառի թատրոնում տեղի ունեցավ  Կանանց տոնի միամսյակին նվիրված  ցերեկույթ

ԳԱՎԱՌ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ Գավառի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Իմ փոխարեն» խորագիրը կրող ցերեկույթ` նվիրված Կանանց տոնի միամսյակին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը հիմնականում հրավիրված էին Արցախյան 44-օրյա եւ Ապրիլյան քառօրյա պատերազմներում զոհված հայորդիների մայրեր, քույրեր, կանայք, դուստրեր:

Ներկաները դիտել են Երեւանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի կողմից բեմադրված «Մինուս երկու» ներկայացումը:

Ցերեկույթի բացման խոսքով հանդես է եկել մարզպետ Կարեն Սարգսյանը: Դիմելով հրավիրվածներին՝ նա նախ շնորհավորել է ներկաներին Կանանց տոնի առթիվ, մաղթել քաջ առողջություն եւ ամենայն բարիք, ապա խոնարհումի եւ երախտագիտության խոսքեր հնչեցրել նրանց եւ հերոսացած տղաների հասցեին:

«Դժվար է հիմա սփոփանքի բառեր գտնել, անհնար է վերադարձնել ձեր ու բոլորիս թանկ կորուստները, սակայն այդ համազգային ցավի կողքին այսօր բոլորիս մեջ խոսում է հպարտության այն զգացումը, որ բոլոր թանկագին կորուստները եղել են հայրենափրկության, հայրենի հողի ազատության համար։ Մենք համատեղ դեռ երկար ենք մաքառելու այն հայրենիքի, այն գաղափարի համար, հանուն որի պաշտպանության իրենց կյանքերը չխնայեցին մեր եղբայրները: Մենք շենացնելու եւ զորացնելու ենք մեր հայրենիքն այնքան, որ այլևս ոչ մի թշնամի երբեւէ չփորձի սպառնալ նրան։

Թող միշտ ծաղկեն եւ բազմանան ձեր փառավոր օջախները, թող կորուստները փոխհատուցվեն նոր ծնունդներով, թող օրհնյալ լինեն մեր հերոս տղաների շիրիմներն ու սուրբ անունները, թող բոլորիս վրա ժամ առաջ ծագի խաղաղության արշալույսը,- նշել է Կարեն Սարգսյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել եւ օրհնության խոսքեր է հնչեցրել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:

Ցերեկույթը շարունակել են Գավառի պետական համալսարանի եւ պետական կոնսերվատորիայի շնորհալի ուսանողներ, ովքեր հանդես են եկել գրական-երաժշտական կատարումներով:

Որդեկորույս մայրերին իր խոսքն է հղել նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Վահագն Աֆրիկյանի այրի Վարդինե Հայրապետյանը. «Մենք պետք է շատ ուժեղ լինենք, քանզի դրան են սպասում մեր զավակները, գալիք սերունդները։ Դրանով միայն մենք կնպաստենք մեր հայրենիքի շենացմանն ու հզորացմանը։ Նման միջոցառումներն ապրեցնող են եւ նպաստում են, որպեսզի մենք հարգված ու գնահատված զգանք մեզ եւ վերստին համոզվենք, որ մենք մեր վշտի հետ մենակ չենք»,-նշել է Վարդինե Հայրապետյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում