Մարզային

Գյումրիում մեկնարկեց «Անկախ կյանք» միջմարզային երկօրյա ֆորումը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկեց  «Անկախ կյանք» միջմարզային երկօրյա ֆորումը

ԳՅՈՒՄՐԻ,29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիում մարտի 29-ին մեկնարկեց «Անկախ կյանք» միջմարզային երկօրյա ֆորումը, որի նպատակն է ամփոփել Գյումրիի «Ագաթ» և Վանաձորի «Հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ» ռեսուրս կենտրոնների գործունեության արդյունքները և քննարկել առաջիկայում նախատեսվող անելիքները:

«Ուրախալի է մասնակցել այսպիսի կարևորություն ունեցող թեմայով ֆորումի, քանի որ մեր ժամանակներում խնդիր ունենք հասարակության տարբեր շերտերի սոցիալականացման և ներառման, նման նախաձեռնությունները մեզ հնարավորություն կտան վեր հանել բացերն ու նոր մոտեցումներ մշակել։ Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները մարզպետի ուշադրության ներքո են: Մարզպետի հանձնարարությամբ շուտով կգործի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողով։ Մենք պատրաստ ենք համագործակցության, հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ նշեց Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը։

Ֆորումի ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակում հիմնադրված առաջին անկախ կյանքի ռեսուրս կենտրոնները Շիրակում և Լոռիում ներկայացրել են կատարված աշխատանքներն ու հաջողված պատմությունները։

Ֆորումի ավարտին մասնակիցները կմշակեն գործողությունների պլան, որի նպատակը Շիրակի և Լոռու մարզերում հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների ընդլայնմանը նպաստելն է։

«Ագաթ» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, «Դեպի անկախ կյանք» ծրագրի ղեկավար Կարինե Գրիգորյանի խոսքով,ֆորումը մի հարկի տակ է հավաքել Շիրակի և Լոռու մարզերի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կառույցների ներկայացուցիչներին : «Անկախ կյանքի կենտրոնների ձեռքբերումների ներկայացումը և երկօրյա կառուցողական քննարկումները հիմք կհանդիսանան մասնակիցների միջև սերտ համագործակցության ձևավորման և հստակ գործողությունների համար` ի նպաստ Շիրակի և Լոռու մարզերի անկախ կյանքի ռեսուրս կենտրոնների արդյունավետ գործունեության և կայունության»,- նշեց Կարինե Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ իր գործունեության կարճ ժամանակահատվածում կենտրոնները մատուցել են շուրջ 1387 ծառայություն 670 շահառուի:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում