Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արտակ Բեգլարյանը հանձնարարել է արագորեն գնահատել Խրամորթից ու Փառուխից տարհանվածների կարիքները

Արտակ Բեգլարյանը հանձնարարել է արագորեն գնահատել Խրամորթից ու Փառուխից 
տարհանվածների կարիքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը Խրամորթի ու Փառուխի բնակիչների (շուրջ 200 երեխա, կին ու տարեց) տարհանման կազմակերպումից հետո հանձնարարել է սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանն արագորեն գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել առաջին անհրաժեշտության աջակցություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Արտակ Բեգլարյանը՝ ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված տարբեր կառույցների կողմից իրականացվող աշխատանքները: 

«Քանի որ հաճախակի են հարցումներով դիմում կատարվող աշխատանքների մասին, հայտնեմ, որ այս օրերին տարբեր պետական մարմիններ իրենց աշխատանքն են կատարում իրավիճակից բխող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ: Ես քանիցս այցելել եմ Խրամորթ համայնք, կապ եմ պահում շրջվարչակազմերի ղեկավարների ու լիազոր նախարարների հետ, տալիս համապատասխան հանձնարարականներ: Նախ, Խրամորթի ու Փառուխի բնակիչների (շուրջ 200 երեխա, կին ու տարեց) տարհանման կազմակերպումից հետո հանձնարարել եմ սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանը արագորեն գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել առաջին անհրաժեշտության աջակցություն: Արդեն սննդամթերքի տեսքով որոշակի ծավալի աջակցություն տրվել է և առաջիկայում աջակցության լրացուցիչ միջոցներ ևս կկիրառենք»,-նշել է Արտակ Բեգլարյանը:

Կառավարության հետ համագործակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ևս ցուցաբերում է աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական բնույթի, և, ըստ կարիքի, կառավարությունը նույնպես կտրամադրի ֆինանսական օգնություն տարհանված անձանց՝ հաղթահարելու իրենց սուր հիմնախնդիրները:

Հանձնարարված է լիազոր մարմիններին կարիքների գնահատման արդյունքների հիման վրա ապահովել Խրամորթից ու Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին ժամանակավոր կացարաններով՝ մինչև իրավիճակի կարգավորումը և նրանց վերադարձը հայրենի տներ: Աշխատանքներ են տարվում նաև տարհանված երեխաների կրթության պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

Գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում կենդանիների պաշտպանության ու անասնակերի ապահովման ուղղությամբ:

«Մի շարք աշխատանքներ են կատարվել ու կատարվում նաև այլ ուղղություններով, այդ թվում՝ հայրենիքի պաշտպանության գործին աջակցելու առումով, որոնց մասին լիազոր մարմինները առանձին հրապարակումներով հանդես կգան»,- եզրափակել է Արցախի պետական նախպարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]