Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Podcast-100 գաղափար. ծրագրավորողն առաջարկում է նախագիծ, որը թույլ կտա հայտնաբերել COVID-ի հետևանքները սիրտ-անոթային հիվանդություն ունեցողների մոտ

Podcast-100 գաղափար. ծրագրավորողն առաջարկում է նախագիծ, որը թույլ կտա 
հայտնաբերել COVID-ի հետևանքները սիրտ-անոթային հիվանդություն ունեցողների մոտ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում COVID-19  համավարակի տարածման պայմաններում մարդկությունը սկսել է կենտրոնանալ  համավարակը կանխելու, դրա առաջացրած հետևանքները բացահայտելու և բուժելու վրա: COVID-19-ի հետևանքները սիրտ-անոթային հիվանդություն ունեցող հիվանդների մոտ վաղ հայտնաբերելու և կանխելու նպատակով էլ Հայ-ռուսական համալսարանի ասպիրանտ, «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի մասնակից Չինար Մովսիսյանը առաջարկում է նոր նախագիծ:

«Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել ենք նոր նախագծի մասին, որի կյանքի կոչումը, ըստ մասնագետի, առողջապահական ոլորտին հնարավորություն  կտա բացահայտելու, թե բուժառուի մոտ խնդիրը ի՞նչ փուլում է գտնվում և որոնք են եղել այն գործոնները, որ նպաստել են այդ խնդիրների զարգացմանը:

«Նախագիծը ստեղծվել է, երբ ընդունվեցի Հայ-ռուսական  համալսարանի ասպիրանտուրա: Իմ ղեկավարի՝ Նյու Յորքի քաղաքային համալսարանի մասնագետ Սոս Աղայանի հետ քննարկելուց հետո հասկացանք, թե այս պահին ի՞նչ խնդիրներ գոյություն ունեն, որոնց կկարողանանք նորարարական լուծում տալ և դարձնել կիրառելի: Բազմաթիվ քննարկումներից հետո որոշեցինք, որ սիրտ-անոթային խնդիրները սկսենք ուսումնասիրել, հասկանալ,  թե ինչպե՞ս արհեստական բանականությունը կօգնի դրանք ավելի հեշտ ու արագ  լուծել:  Բժիշկներին ու բուժառուներին այն կօգնի  ավելի արագ և կարճ մեթոդով հասկանալ խնդիրները՝ խուսափելով մի շարք անալիզներից»,- ասաց մասնագետը:

Նա նշեց, որ նախագծի շուրջ սկսել են համագործակցել Հայաստանի Կարդիոլոգիայի ինստիտուտի հետ.  քանի որ արհեստական բանականության յուրաքանչյուր նախագծի  իրականացման համար անհրաժեշտ են տվյալներ, դրանք տրամադրվել են Կարդիոլոգիայի ինստիտուտի կողմից:

«Նախնական տվյալների մեջ այս պահին դիտարկել ենք այն սիրտ-անոթային հիվանդներին, որոնք դեռևս COVID-19 հիվանդություն չեն ունեցել:  Առաջին փուլում մենք ունեցանք այնպիսի արդյունքներ, որոնք թույլ են տալիս սիրտ-անոթային հիվանդությունների կանխատեսման համար ունենալ ծրագիր, որը արագ և բավականին հեշտ կկարողանա հայտնաբերել այն բոլոր գործոնները, որոնք նպաստում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը: Սա առաջին փուլով, երկրորդ փուլով արդեն կոնկրետ  նախատեսում ենք ունենալ հենց COVID-19 հիվանդություն տարած  հիվանդների տվյալներ և փորձարկումները շարունակել հենց այդ տվյալների հիման վրա»,-ասաց նա:

Նախագծի հեղինակը նշեց, որ նախագիծը այս պահին գտնվում է հետազոտությունների և  տվյալներ մշակման փուլում: Նախատեսում են շուտով հոդված տպագրել, իսկ դրանից հետո արդեն կանցնեն հստակ կիրառելի մասի փորձարկումներին:

Նա շեշտեց, որ ծրագրի նպատակն էր հասկանալ, որ արհեստական բանականությունը կարելի է ինտեգրել հիվանդանոցում, որը ռեալ կօգտագործվի հիվանդությունների կանխարգելման և բուժման նպատակով: Եվ երկրորդը՝ բժշկության տեսակետից ծրագիրը շատ կհեշտացնի բժշկական սպասարկումը՝ դարձնելով այն ավելի արագ ու արդյունավետ:

«Մենք առաջարկում ենք մի մեթոդ, որը  մինչև այժմ սիրտ-անոթային հիվանդությունների կանխատեսման, զարգացման փուլի հայտնաբերման համար դեռ չի կիրառվել»,-եզրափակեց մասնագետը:

«100 գաղափար Հայաստանի համար»  մրցույթը երիտասարդական ծրագիր է, որը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության կողմից գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և նորարարական գաղափարներ առաջարկելու համար: Մրցույթն ունի ավելի քան 20  անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ:  2021 թվականին նախարարի հրամանով մրցույթի անցկացման կարգում իրականացվել է փոփոխություն, ըստ որի  ծրագրի համար նախատեսված պետական միջոցների շրջանակում  հինգ անվանակարգում սահմանվել է մրցանակային գումար՝ յուրաքանչյուրին 500.000-ական դրամ:

Գայանե Գաբոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]