Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

Մշակվելու է «Կումայրի»-ի պատմական միջավայրի վերականգնման նախագիծ

Մշակվելու է «Կումայրի»-ի պատմական միջավայրի վերականգնման նախագիծ

ԳՅՈՒՄՐԻ,  27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ և համակարգմամբ, պետական ֆինանսավորմամբ մշակվում են միկրոռեգիոնալ մակարդակի քաղաքաշինական փաստաթղթեր, որի շրջանակում առանձին ուշադրություն է դարձվում Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի խնդիրներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի գործակցությամբ ներգրավել են միջազգային փորձագետներ՝ մշակելու «Կումայրի» արգելոց-թանգարան»-ի  հուշարձանների և պատմական միջավայրի վերաարժևորման և վերաօգտագործման մեթոդաբանություն, որը նախ կկիրառվի արգելոցի տարածքում, իսկ հետագայում հիմք կդառնա պատմամշակութային կարևորություն ունեցող այլ բնակավայրերում օգտագործելու համար։

Կոմիտեի ներկայացուցիչներն ու Միլանի պոլիտեխնիկական համալսարանից ընդգրկված փորձագետները դիտարկել են աշխատանքների իրականացման ուղղությունները, հստակեցրել ժամանակացույցը։ Հետազոտական աշխատանքի արդյունքը կկիրառվի նաև ներկայում իրականացվող Գյումրի քաղաքի նոր հատակագծի մշակման աշխատանքներում:

Ծրագրի ավարտին նախատեսվում է ունենալ պատմական հուշարձան-շինությունների պահպանման հստակ ծրագիր:

 «Կումայրի» արգելոց-թանգարանը ստեղծվել է ՀԽՍՀ կառավարության 1980 թ. որոշմամբ, Գյումրու պատմաճարտարապետական ինքնատիպ ժառանգության  պահպանման նպատակով: «Մենք այդ տարիներին  որոշեցինք դիմել աննախադեպ քայլի. քաղաքի կառուցապատման պահպանվող հատվածին տալ արգելոց-թանգարանի կարգավիճակ: Ստեղծեցինք հանձնաժողով, մեկ-մեկ հասցեագրեցինք պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերն ու շինությունները, ուրվագծեցինք տարածքի այն սահմանները, որից ներս նոր կառուցումներ չպիտի լինեին, նախապատրաստեցինք նաև մեծածավալ ներկայացուցչական ցուցադրանյութ և, ամենակարևորը, կազմեցինք կառավարության որոշման նախագծերի ծավալուն փաթեթ և ներկայացրինք ՀՀ կառավարությանը, որը 1980 թ. հաստատեց «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմավորումը: Երկրաշարժը և դրան հաջորդած տարիները իրենց ավերիչ հետքերը թողեցին այդ շենքերի վրա:  2017-ին մշակվեց և կյանքի կոչվեց «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը, սկսվեցին որոշ շենքերի վերանորոգման աշխատանքները»,-նշում է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ տեղեկացնելով, որ առաջարկվում է հիմնել ««Կումայրի» արգելոց-թանգարան» բաց բաժնետիրական ընկերություն, որին նաև վերապահված կլինի պատմական կառույցների պահպանման ու վերականգնման վերահսկողությունը: Նոր ձևավորվող բաց բաժնետիրական ընկերությունը կունենա էլ ավելի մեծ հնարավորություն, քան նախկինում էր:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]