Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Ազդարարվեց «Կանանց տնտեսական զորեղացումը՝ բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագրի մեկնարկը

Ազդարարվեց «Կանանց տնտեսական զորեղացումը՝ բարձր արտադրողականություն 
ունեցող ոլորտներում» ծրագրի մեկնարկը

ԳՅՈՒՄՐԻ,  26 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մարտի 26-ին ազդարարվեց «Կանանց տնտեսական զորեղացումը՝ բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում»  ծրագրի մեկնարկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արաբական Միացյալ Էմիրությունների և Զայեդ հիմնադրամի անմիջական աջակցությամբ, ինչպես նաև  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Շիրակի մարզպետարանի համագործակցությամբ իրականացվող կրթական նոր ծրագրի շահառուները միայնակ մայրերն են:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ  նշեց, որ նախատեսվում է վերապատրաստման ծրագիր իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: «Նման ծրագրերով փորձում ենք լուծել զբաղվածության խնդիրը: Սա պիլոտային ծրագիր է և շահառուները լինելու են Շիրակի մարզից ու սահմանափակ թվով: Այն հաջողությամբ իրականացնելու ու արդյունավետությունը դիտարկելուց հետո, մենք կարող ենք քննարկել դրա ընդլայնման հնարավորությունը»,-ասաց նախարարը կարևորելով կանանց համար իրականացվող ծրագրերը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քսանմեկերորդ դարում բարձր տեխնոլոգիաները խիստ կարևոր նշանակություն ունեն՝ փորձում ենք հենց այդ ոլորտում լուծել կանանց և տղամարդկանց աշխատանքային  հավասարությունը: Այս ծրագիրը հնարավորություն կտա ստանալ կրթություն, վերապատրաստվել և նոր տեխնոլոգիական գործիքների միջոցով կայուն զբաղվածություն ունենալ», - նշեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Հայաստանում ԱՄԷ դեսպանության հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամին լրագրողներին տեղեկացրեց, որ  ծրագիրը միտված է խթանելու կանանց զբաղվածությունը, կնոջ ներգրավվածությունը ՏՏ ոլորտում, ցանկալի աշխատանք գտնելու և նրանում կայանալու հարցում: «Նախագծի իրականացումը հնարավոր է դարձել Զայեդ հիմնադրամի անմիջական աջակցությամբ: Մոտ քսան հազար ԱՄՆ դոլարի շրջանակում իրականացվող ծրագրի դասընթացները տևելու են վեց  ամիս: Այս փուլի համար նախատեսվում է ներառել  մոտ քսան շահառու»,-նշեց  Հայաստանում ԱՄԷ դեսպանության հավատարմատարը:

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը կարևորեց գործազրկության մեծ ցուցանիշ ունեցող  Շիրակի մարզում նման ծրագիրը՝ նշելով, որ այն Հայաստանում ԱՄԷ դեսպանության ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  հետ առաջին համագործակցությունը չէ: «Մենք ևս մեկ ծրագիր իրականացրել էինք անապահով ընտանիքների հետ, իսկ սա կանանց հզորացման ծրագիր է: Աղքատության հաղթահարման համար լավագույն գործոնը նրանց կարողությունների ու հմտությունների  զարգացումն է: Լիահույս եմ, որ այս նախադեպը հնարավորություն կունենա  շարունակական ծրագրի հիմք հանդիսանալու»,-նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]