Հասարակական

Շիրակի մարզում բացվեց հողի անալիզի լաբորատորիա

5 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում բացվեց հողի անալիզի լաբորատորիա

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շիրակի գյուղատնտեսական քոլեջում մարտի 25-ին բացվեց հողի անալիզի լաբորատորիա եւ քիմիայի լսարան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լաբորատորիան ու լսարանը բացվել են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից իրականացվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակում:

Հողի անալիզի լաբորատորիան՝ քիմիայի լսարանով հանդերձ, բացի մասնաճյուղի կրթական ծրագրերին օժանդակելուց, նաեւ ծառայություններ կմատուցի մարզի ֆերմերներին եւ տեղի այլ տնտեսավարողների եւ կծառայի որպես մասնագիտական վերապատրաստման ժամանակակից ուսումնական կենտրոն։

Ողջունելով կատարված աշխատանքը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նորաբաց լաբորատորիան ոչ միայն կրթության որակի բարելավման նոր հնարավորություն է ստեղծում, այլ նաև մասնավոր ոլորտի հետ համագործակցության շատ լայն շրջանակ է բացում: «Կարծում եմ, որ այն հնարավորությունը, որ ստեղծվել է ոչ միայն ուսումնական և կրթության որակի բարելավման նոր հնարավորություններ է ստեղծում, այլ նաև մասնավոր ոլորտի հետ համագործակցության շատ լայն շրջանակ է բացում, որն անչափ կարևոր է հատկապես նախնական միջին մասնագիտական կրթության զարգացման ոլորտում: Սա այն ոլորտն է, որտեղ մենք ունենք տնտեսության զարգացող կարիքներին արձագանքելու, գործատուների հետ սերտ աշխատելու ավելի շատ հնարավորություն: Լաբորատորիան պետք է հնարավորություն տա իրականացնել ոչ միայն ուսումնական գործընթաց ուսանողների համար և իրականացնել փորձաքննություն, այլև շատ կարևոր կլինի կարճաժամկետ ծրագրերի իրականացումը՝ գործող տնտեսությունների և գործող կազմակերպությունների աշխատակիցների որակավորման բարձրացման և կարողությունների զարգացման նպատակով: Կառավարությունը մեծ ծրագրեր է իրականացնում գյուղատնտեսական քոլեջների վերակառուցման ուղղությամբ, այս տարի կավարտենք Վանաձորի գյուղատնտեսական քոլեջի վերակառուցումը և համապատասխան գույքով հագեցումը, պետբյուջեով մեկնարկել ենք ևս 2 քոլեջի վերակառուցում այս տարի, և սա շարունակական քաղաքականություն է լինելու»,-իր խոսքում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց ֆինանսավորող կառույցներին ծրագրի իրականացման համար: «Առաջինը շնորհավորում եմ մեր ուսանողներին, քանի որ գեղեցիկ ու լավ միջավայր է ստեղծված, շնորհավորում եմ նաև շիրակցի ֆերմերներին, ովքեր այսուհետ տեղում կկարողանան իրենց հողի անալիզը կատարել: Հուսով ենք, որ այս լաբորատորիան իր ուրույն տեղը կունենա մարզի գյուղատնտեսության զարգացման համար: Լաբորատորիան գալիս է լրացնելու Ագրարային համալսարանի հուսալի գործընկերների աջակցությամբ համալսարանում ստեղծված բազմաթիվ նորարարական ենթակառույցների շարքը։ Այն շատ կարեւոր նշանակություն կունենա ոչ միայն որպես զուտ համալսարանի համակարգում գործող ուսումնահետազոտական, այլեւ առհասարակ մարզային մակարդակում ագրարային արտադրության եւ հետազոտությունների զարգացման կենտրոն։ Հողի անալիզի լաբորատորիան՝ քիմիայի լսարանով հանդերձ, բացի մասնաճյուղի կրթական ծրագրերին օժանդակելուց, նաեւ ծառայություններ կմատուցի մարզի ֆերմերներին եւ տեղի այլ տնտեսավարողների եւ կծառայի որպես մասնագիտական վերապատրաստման ժամանակակից ուսումնատվական կենտրոն»,-շնորհավորելով ներկաներին՝ նշեց Վարդան Ուռուտյանը:

«Սերմերի տնկման համար պատշաճ հողերի կարիք կա. այդ առումով կրթությունը նույնպես նման է սերմ տնկելուն»,-իր խոսքում նշեց EU-GAIA ծրագրի ղեկավար, ԱԶԳ ներկայացուցիչ Պասկալ Բոկկերսը:

Լաբորատորիայի աշխատակիցները նախապես վերապատրաստվել են ՀԱԱՀ մայր բուհի Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայում եւ լավ տիրապետում են նորագույն սարքավորումներով աշխատելու ու հաշվարկներ կատարելու մեխանիզմներին ու նրբություններին:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում