Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

Աշխարհը փոխելու ամենահեշտ ուղին գիտությամբ զբաղվելն է. 10 հարց գիտնականին

Աշխարհը փոխելու ամենահեշտ ուղին գիտությամբ զբաղվելն է. 10 հարց գիտնականին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ հետազոտող Սոնա Հունանյանի ուղին սկսվեց է Գյումրու Ֆոտոն վարժարանից, որտեղ հասկացավ, որ շատ է սիրում մաթեմատիկան և ուզում է ավելին իմանալ դրա մասին: Հաջորդ քայլը ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ ընդունվելն էր, իսկ մագիստրատուրան շարունակեց Շվեյցարիայի Լոզանի պոլիտեխնիկական համալսարանում: Դպրոցական տարիների երկընտրանքը՝ շարունակել մաթեմատիկայով, թե ծրագրավորմամբ, հանգուցալուծվեց այնտեղ, երբ հասկացավ, որ կարելի է այդ երկուսը մեկտեղել ու մաթեմատիկական մոդելները ծրագրավորել: Կենսաբանության հանդեպ սերն էլ օգնեց հետազոտական հետաքրքրությունների հստակեցմանը. ուսումը շարունակեց կենսավիճակագրության ոլորտում՝ արդեն ասպիրանտի կարգավիճակում՝ Ցյուրիխի համալսարանում: Գիտական աստիճան ստանալուց հետո ամուսնու և երկու երեխաների հետ վերադարձավ Հայաստան: Ներկայում միացել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գիտնականների աջակցման ADVANCE դրամաշնորհային ծրագրին և ընդգրկված է մեքենայական ուսուցման ուղղությամբ իրականացվող հետազոտական նախագծում:

Սոնան ասում է, որ ADVANCE ծրագիրը գերազանցապես համապատասխանում է իր ապագա պլաններին՝ ապրել հայրենիքում ու զբաղվել ժամանակակից գիտությամբ:

Ո՞վ է գիտնականը:

Գիտնական բառը մենք մի քիչ այլ կերպ ենք ընկալում, մտածում ենք, որ խենթ մարդ է, ով ամբողջ օրը նստած է թղթերի մեջ: Անպայման պատկերացնում ենք Էյնշտեյնին ու մտածում, որ անպայման ինչ-որ հայտնագործություն պիտի անի գիտնական կոչվելու համար: Ես ինձ ավելի շատ համարում եմ հետազոտական աշխատանքով զբաղվող մարդ:

Ինչո՞ւ և ինչպե՞ս որոշեցիք դառնալ գիտնական:

Իրականում մագիստրատուրայից անմիջապես հետո չեմ գնացել ասպիրանտուրա, քանի որ այն ժամանակ դեռ վստահ չէի՝ ինչով եմ ուզում զբաղվել: Մեկ տարուց մի փոքր ավելի աշխատել եմ տվյալների վերլուծության ուղղությամբ ու երևի այդ ժամանակ հասկացա, որ ուզում եմ շարունակել ուսումս և գիտական գործունեությամբ զբաղվել: Որոշ տվյալներ վերլուծելու համար հոդվածներ էի կարդում, որ հասկանայի, թե որ մոդելներն են կիրառելի այդ տվյալների համար: Հետո հասկացա, որ ես ինքս կարող եմ այդ մոդելները ստեղծելու մեջ մասնակցել: Գիտական աշխատանք կատարելու մեջ ինձ մոտիվացնում է այն, որ կարող ես ստեղծել նոր արդյունք ու զբաղվել մի բանով, որով աշխարհում շատ քչերն են անում: Ինձ թվում է՝ դա հաճելի է:

Ո՞րն է Ձեզ ամենաշատը տպավորած բացահայտումը Ձեր ոլորտում:

Երբեմն օգտագործելով տվյալներն ու վիճակագրական մոդելները՝ հնարավոր է ստանալ արդյունքներ, որոնք տվյալներից կախված չլինեն կամ քիչ կախված լինեն: Երբ առաջին անգամ այդ միտքը լսեցի, ինձ համար զարմանալի էր, թե ինչպես է դա հնարավոր: Իսկ դա հնարավոր է, քանի որ, օրինակ, Բայեսյան մոդելներ կիրառելիս վերլուծաբանները լրացուցիչ ենթադրություններ են կատարում, որոնք պետք է ճիշտ ձևակերպված լինեն, որպեսզի տվյալների վերլուծությունից ստացված արդյունքը միայն ենթադրություններից կախված չլինի: Եթե ենթադրությունը շատ հզոր է, տվյալների մեջ պարունակվող ինֆորմացիան կարող է կորել: Դրա համար պետք է մաթեմատիկական մոդելն այնպես կառուցել, որ ոչ միայն հենվի ենթադրությունների վրա, այլ նաև օգտագործի տվյալների մեջ եղած ինֆորմացիան:

Կա՞ն գիտնականներ, ովքեր օրինակելի կերպար են Ձեզ համար:

Շատ են գիտնականներն ու այլ մարդիկ, ում աշխատանքներն արժանի ես համարում ու կուզենայիր նման արդյունք դու էլ գրանցել, բայց քանի որ նույն մարդն անգամ տարբեր միջավայրերում կարող է տարբեր արդյունքներ ունենալ, շատ դժվար է համեմատվել ինչ-որ մեկի հետ: Որպես գիտնականի հետաքրքիր կերպար կցանկանայի նշել մեր հայրենակից պրոֆեսոր Արտեմ Փաթափությանին, ով վերջերս իր գործընկերոջ հետ արժանացավ բժշկագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի։ Չնայած պրոֆեսոր Փաթափությանը ապրում է արտասահմանում, բայց նա ծնվել և մեծացել է հայեցի միջավայրում և վաղ հասակում ստացել հայկական կրթություն։ Այս փաստն, անխոս, շատ ոգևորիչ է։

Ի՞նչ արձագանք են տալիս մարդիկ, երբ իմանում են, որ գիտնական եք:

Տարբեր մարդիկ տարբեր կերպ են արձագանքում, բայց շատերի համար գիտական գործունեությամբ զբաղվելը մեկնաբանվում է որպես պատվաբեր ու կարևոր աշխատանք, քանի որ դա անելու համար պետք է հրաժարվել այլ բաներից: Երևի մարդիկ հասկանում են, որ փորձում ես կարևոր աշխատանք կատարել ավելի բարձր վարձատրվող աշխատանքների փոխարեն: Չեմ կարողանում հիշել մեկին, ով ասած լինի՝ «քո ինչի՞ն էր պետք գիտնական դառնալը»: Կարող եմ վստահորեն ասել, որ հիմնականում ակնածանքով են վերաբերվում:

Ընտանիքի անդամները ոգևորե՞լ են այս ուղին ընտրելիս, թե՞ անհանգստացել, որ չափից ավելի ջանք կպահանջվի:

Ասպիրանտուրա գնալու որոշումն ամուսնուս հետ կայացրինք, և նա միշտ աջակցել է ինձ այս ճանապարհին: Քանի որ երկու մանկահասակ երեխաներ ունենք, երբ ընդունվեցի ասպիրանտուրա, մարդիկ ինձ շնորհավորելու փոխարեն, ասում էին՝ «ինչպե՞ս ես հասցնելու»: Ամուսնուս աջակցությունն ինձ շատ օգնեց արդյունքի հասնելու համար: Հայրս է նաև միշտ ոգևորել ու դեռ փոքրուց խոսել գիտության կարևորության մասին:

Կհիշե՞ք որևէ իրադարձություն, որ շրջադարձային եք համարում Ձեր կարիերայի կառուցման գործում:

Ինձ թվում է՝ ամեն ինչ կաթիլ առ կաթիլ հավաքվել է՝ սկսած դպրոցի ընտրությունից մինչև համալսարանական կրթություն և արտասահմանյան բուհում սովորելը: Մեծ փոփոխություններ կամ շրջադարձային կետեր դժվարանում եմ հիշել:

Ի՞նչն է մոտիվացնում արթնանալ առավոտյան:

Պատճառները շատ են․ ժամանակը շատ արագ է ընթանում։ Պետք է արթնանալ, որպեսզի հասցնել հնարավորինս շատ ներդնել և ստանալ կյանքում։

Երեխային, ով ուզում է ընտրել գիտնականի ուղին, ի՞նչ խորհուրդ կտայիք:

Այս հարցի շուրջ շատ եմ մտածել, քանի որ աղջիկս ինչ-որ ժամանակ առաջ ասում էր՝ «ուզում եմ դառնալ գիտնական»: Երեխաները ունենում են աշխարհը փոխելու, ազդեցիկ մարդ դառնալու երազանքներ, կարծում եմ, որ ամենահեշտ ճանապարհն աշխարհը փոխելու կամ ուղղակիորեն աշխարհի վրա ազդելու հենց գիտնականի աշխատանքով է հնարավոր: Մաթեմատիկայի առումով էլ, քո սենյակում նստած, երբ որևէ կարևոր արդյունք ես ստանում, դու դրանով իսկ աշխարհն ավելի լավն ես դարձնում: Ինձ թվում է՝ սա կարող է փոքրիկների համար մոտիվացիա լինել:

Ի՞նչը կհամարեք Ձեր կարիերայի գագաթնակետը: Գուցե Նոբելյան մրցանա՞կը:

Կարծում եմ՝ Նոբելյան մրցանակ ստանալը գնահատումն է աշխատանքի, իսկ ավելի կարևոր են աշխատանքն ու արդյունքները: Վստահաբար կան շատ գիտնականներ, ովքեր շատ ավելի կարևոր արդյունքներ են ստացել իրենց գիտական գործունեությամբ, բայց այս կամ այն պատճառով չեն պարգևատրվել: Վերջնակետ չկա, միշտ կարող ես ավելի կատարելագործվել, երևի սա ավելի կարևոր է, քան մրցանակները: Եվ ուզում եմ նաև շեշտադրել այն փաստը, որ գիտության մեջ միշտ արդյունքի հնարավոր է հասնել խմբային ջանքերով:

 

 

 

 

 

 

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]