«Երևանյան բեսթսելեր». Իլոն Մասկն առաջատար. փաստավավերագրական, փետրվար, 2022
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ փետրվարի վաճառքների։
Առաջին տեղում է Իլոն Մասկի «Երբ բոլորը քո դեմ են. Իլոն Մասկն ինքն իր մասին» գիրքը: «Երբ բոլորը քո դեմ են. Իլոն Մասկն ինքն իր մասին» գրքում ամփոփված են մեջբերումներ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի հարցազրույցներից ու ելույթներից: Գրքում թեմատիկ բաժիններով առանձնացված են Իլոն Մասկի գործունեության տարբեր ոլորտները՝ SpaceX և Մարսի գաղութացում, Tesla Motors և էլեկտրամոբիլների տարածում, SolarCity և կանաչ էներգետիկա: Բացի դա, մեջբերված են Մասկի ուշագրավ հայտարարություններն ու գաղափարները կադրային քաղաքականության, աշխատանքի և առհասարակ՝ կյանքի մասին:
Երկրորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով՝ հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:
Ջոն Պ. Ստրելեքիի «Կյանքի հինգ մեծ նպատակները» երրորդ տեղում է։ «Կյանքի հինգ մեծ նպատակները» գիրքը ամերիկացի հայտնի գրող, «Սրճարան աշխարհի եզրին» միջազգային բեսթսելերի հեղինակ, քոուչ Ջոն Ստրելեքի հերթական ստեղծագործությունն է: Գրքում Թոմաս Դիրեյլ անունով գործարարի օրինակով ներկայացվում են արդյունավետ, սիրված և հաջողակ առաջնորդ լինելու գաղտնիքները: Գիրքը հարուստ է և՛ բիզնեսի համար կարևոր խորհուրդներով, և՛ ընդհանրապես, կյանքի վերաիմաստավորման ու վերարժևորման համար անչափ հետաքրքիր ու նոր գաղափարներով:
Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» չորրորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:
Նարինե Բաղդասարյանի ‹‹Լույսի ճանապարհին›› գիրքը հինգերորդ տեղում է։ Այն յոգ, յոգայի բազմամյա ուսուցիչ Նարինե Բաղդասարյանի կուտակած կենասափորձի հանրագումարն է: Գրքում «բացված» են Լույսին, այն է՝ մարդու մարմնի և հոգու խաղաղությանն ու ներդաշնակությանը հասնելու Նարինեի դավանած ճանապարհները: Ստեղծագործ մոտեցմամբ տեսական և գործնական հանրամատչելի խորհուրդներ ու զրույցներ ամբարած այս գիրքը սիրո մասին է:
Վեցերորդ հորիզոնականում է Ռաֆայել Համբարձումյանի «Գարեգին Նժդեհ. կենսատարեգրություն, մտամասունքներ» գիրքը։ Գարեգին Նժդեհի վարքի առանցքային դրվագները, ասույթների ընտրանին և տպագիր ու անտիպ գրքերի ու հոդվածների ցանկերը աշխատությունը դարձնում են XX դ. հայոց ազատամարտի ռազմագաղափարական առաջնորդի մասին յուրատեսակ հանրագիտարան: Արձանագրելով, որ Գարեգին Նժդեհը 20-րդ դարի համաշխարհային ռազմաքաղաքական մտքի բացառիկ դեմքերից է, գիրքը ներկայացնում է նրա եզակի դերը նաև ռազմագիտության ու ռազմարվեստի համաշխարհային պատմության մեջ:
Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը յոթերորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:
Ութերորդ հորիզոնականում է Ջոն Ստրելեքիի «Վերադարձ Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Երբ աստղազարդ գիշերը նայում ես երկնքին, իրականում տեսնում ես մեր գալակտիկայում գոյություն ունեցող աստղերի 0,0000005%- ից էլ քիչ մասը: Ու դա դեռ միայն մեր գալակտիկան է: Գոյություն ունեն ամենաքիչը ևս 125 միլիարդ գալակտիկաներ: Եթե որևէ վերերկրային ուժ կարողացել է ստեղծել այդ ամենը, ուրեմն վստահաբար քո երազանքն իրագործելը նրա կարողություններից վեր չէ: Հետևիր այդ ուժին…
Ջո Ջիրարդի «Վաճառիր ցանկացած բան ցանկացած մարդու» գիրքը իններորդ տեղում է։ Ջո Ջիրարդը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում 13 001 հատ «Շևրոլե» մեքենա վաճառելու համար: Աղքատ սիցիլիական ընտանիքում մեծացած Ջիրարդը համաշխարհային բեսթսելեր դարձած իր այս գրքում պատմում է վաճառողի իր կարիերայի մասին՝ ներկայացնելով իր հաջողության այն գաղտնիքներն ու հնարքները, որոնք վստահաբար պետք կգան ցանկացած ոլորտի ցանկացած վաճառողի: Ինչպես ասում է հեղինակը՝ «Եթե կարողացել եմ ես, ապա դուք էլ կկարողանաք»: «Վաճառիր ցանկացած բան ցանկացած մարդու» գիրքը համարվում է աշխարհի ամենալավ բիզնես գրքերից մեկը։
Տասներորդ հորիզոնականում է Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»։ Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74), «Հատոր» (099-52-52-00, 044-52-52-00), «Ֆենիքս» (011-323-327) գրախանութների և գրատների ցանցերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | նոր |
Իլոն Մասկ «Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին» |
Դավինչի | 710 | |
2 | 0 |
Ջոն Ստրելեքի «Սրճարան աշխարհի եզրին» |
ԴաՎինչի | 423 | |
3 | +3 |
Ջոն Պ. Ստրելեքի «Կյանքի հինգ մեծ նպատակները» |
Դավինչի | 211 | |
4 | -1 |
Ռոբին Շարմա «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» |
Բուկինիստ | 189 | |
5 | +2 |
Նարինե Բաղդասարյան ‹‹Լույսի ճանապարհին›› |
Արմավ | 105 | |
6 | +4 |
Ռաֆայել Համբարձումյան «Գարեգին Նժդեհ. կենսատարեգրություն, մտամասունքներ» |
Բուկինիստ | 96 | |
7 | նոր |
Ջեյմս Քլիըր «Ատոմային սովորություններ» |
Էդիթ Պրինտ | 77 | |
8 | * |
Ջոն Ստրելեքի «Վերադարձ Սրճարան աշխարհի եզրին» |
ԴաՎինչի | 51 | |
9 | -1 |
Ջո Ջիրարդ «Վաճառիր ցանկացած բան ցանկացած մարդու» |
Դավինչի | 49 | |
10 | * |
Յուվալ Նոյ Հարարի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը» |
Newmag | 43 |
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում