Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՀ-ն Հայաստանում 2022-ի համար կանխատեսում է 1.5 տոկոս տնտեսական աճ

ԱՄՀ-ն Հայաստանում 2022-ի համար կանխատեսում է 1.5 տոկոս տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը, Թանոս Արվանիտիսի գլխավորությամբ, 2022 թ. մարտի 1-ից 16-ն անց է կացրել ԱՄՀ «Պահուստային ծրագրի» (SBA) աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանի տնտեսական ծրագրի վեցերորդ ամփոփիչ ստուգումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՀ լրատվական ծառայությունը:  «Պահուստային ծրագիրը» հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին եւ ավարտվում է 2022 թ. մայիսի 16-ին։

ԱՄՀ թիմը Հայաստանի իշխանությունների հետ աշխատակազմի մակարդակով համաձայնության է եկել «Պահուստային ծրագրի» աջակցությամբ իրականացվող՝ Հայաստանի տնտեսական ծրագրի վեցերորդ եւ վերջին ամփոփիչ ստուգումը եզրափակելու շուրջ։ Համաձայնությունը ենթակա է հաստատման ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից, որը սույն ամփոփիչ ստուգումը նախատեսում է դիտարկել մայիսի կեսին։ Խորհրդի նիստից հետո հասանելի կդառնա շուրջ 36 միլիոն դոլար` ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով մոտ 430 միլիոն դոլարի։

«Հայաստանի տնտեսությունը շարունակել է վերականգնվել՝ արձանագրելով 5.7 տոկոս աճ 2021 թ. եւ շարունակելով բարձր աճը 2022 թ. սկզբին։ Տարեկան ՍԳԻ գնաճը կայուն նվազել է՝ փետրվարին կազմելով 6.5 տոկոս, ինչին աջակցել է դրամավարկային քաղաքականության խստացումը։ Հարկաբյուջետային քաղաքականությունն օգնել է վերջին երկու տարիներին տնտեսության վրա ցնցումների ազդեցության մեղմմանը, սակայն շարունակել է խարսխված մնալ պարտքի կայունության ավելի ընդգրկուն նպատակի վրա, իսկ հարկային քաղաքականության եւ վարչարարության բարեփոխումներով շարունակվում է հարկման բազայի ընդլայնումը։ 2021 թ. Բյուջեի դեֆիցիտը նվազեց մինչեւ ՀՆԱ-ի 4.7 տոկոսը՝ հիմնականում կառավարության ավելի ցածր ծախսերի հաշվին։ Արտաքին դիրքն ամրապնդվել է, հատկապես՝ 2021 թ., քանի որ Քովիդ-19-ի համավարակի ընթացքում ընթացիկ հաշվի պակասուրդը նվազեց, բարձր դրամական փոխանցումները պահպանվեցին, իսկ եվրապարտատոմսերի թողարկմամբ եւ փոխառության հատուկ իրավունքի հատկացմամբ  միջազգային պահուստները համալրվեցին։ Բանկային համակարգը մնացել է համարժեք կապիտալով համալրված եւ իրացվելի, իսկ ակտիվների որակը բարելավվել է»,- ասել է Արվանիտիսը:

Նրա խոսքով` ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով տարածվող տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսական ազդեցությունները, սակայն, հեռանկարի վրա ճնշում են առաջացնում,և անխուսափելիորեն նկատելի ներգործություն կունենան Հայաստանի վրա։

«Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների լայն շրջանակը, սննդամթերքի եւ վառելիքի ավելի բարձր գները, նվազ դրամական փոխանցումները, համաշխարհային ֆինանսական շուկայի տատանողականության աճը սպասվում է, որ առաջիկա ամիսներին կընդլայնեն ընթացիկ հաշվի պակասուրդը, կհանգեցնեն գնաճի բարձրացմանը եւ կնվազեցնեն տնտեսական աճը։ Թեեւ Հայաստանի վրա ազդեցության չափի մասով զգալի անորոշություն կա, քանի որ իրավիճակը դեռեւս զարգանում է, մեր նախնական գնահատականով տնտեսությունը 2022 թ. կարող է աճել շուրջ 1,5 տոկոսով՝ շատ ավելի դանդաղ տեմպով, քան նախկինում էր սպասվում»,- նշել է Արվանիտիսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]