Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի 21-ամյա Ռոզա Լինը (լրացված)

Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի 21-ամյա Ռոզա Լինը (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը «Եվրատեսիլ 2022»-ին կներկայացնի 21-ամյա Ռոզա Լինը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Առաջին ալիքը:

21-ամյա երգչուհին ծնվել է Վանաձորում, կոմպոզիտոր և պրոդյուսեր է: Երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց, սակայն պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու ճանապարհին լուրջ ազդեցություն է ունեցել նրա պրոդյուսինգով զբաղվող «Նվակ» կոլեկտիվը: 

«Դրսից նայելով՝ թվում էր, թե խաղի կանոններն իմ դեմ են. Հայաստանի փոքրիկ քաղաքից անծանոթ մի աղջիկ: Բայց նպատակների իրագործման ուժն իրական է, երբ այն զուգորդվում է քրտնաջան աշխատանքի հետ. համառություն և ինքնարտահայտում: Ես հնարավորություն ունեմ իմ երաժշտության միջոցով մարդկանց թույլ տալ զգալ իմ ներաշխարհը: Շատ հպարտ եմ, որ կարող եմ ներկայացնել իմ սիրելի երկիրը Եվրոպայի ամենամեծ բեմում»,- նշում է Ռոզան:

«Իմ երգերն ուղևորություն են դեպի իմ ներաշխարհ, իմ հոգին ու զգացմունքները։ Երաժշտությունն իմ տունն է, որից երբեք չեմ կարող հրաժարվել: Անգամ վատագույն օրերը կարող են լավագույն մեղեդիների վերածվել»,- հավելել է երգչուհին:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի խոսքով` Առաջին ալիքը շատ բարդ ընտրության առաջ է եղել, սակայն արդյունքում որոշում է կայացվել հնարավորություն տալ նորահայտ արտիստի ներկայացնել մեր երկիրը. ««Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակները հիմնականում մեզ շատ հայտնի արտիստներ են եղել, մինչդեռ միջազգային այս մրցույթը լավ հարթակ է երիտասարդներին բացահայտելու, նրանց ինքնարտահայտման հնարավորություն տալու տեսանկյունից: Մենք շատ ուրախ ենք վերադառնալ եվրատեսիլյան ընտանիք նոր ասելիքով»:

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը նշում է. «Ֆոկուս խմբերի միջոցով մենք դիտարկել ենք թե՛ հայ հանդիսատեսին ծանոթ արտիստների, թե՛ նոր անունների թեկնածությունը: Արդյունքում ընտրվել է Ռոզա Լինը՝ փոքր քաղաքից մի աղջիկ մեծ սրտով և հետաքրքիր պատմությամբ: Այժմ մեր թիմը երգի մշակման ավարտական փուլում է, որը տեսահոլովակի հետ միասին շուտով կներկայացնենք Եվրատեսիլի երկրպագուների դատին»:

Եվրատեսիլյան երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 19-ին:

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթն անցկացվելու է Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]