Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չարենցյան տարին հարուստ կլինի մեծանուն գրողին նվիրված բազմաժանր նախաձեռնություններով

Չարենցյան տարին հարուստ կլինի մեծանուն գրողին նվիրված բազմաժանր 
նախաձեռնություններով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի 125-ամյակին հեղինակին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ կկազմակերպվեն ոչ միայն նրա ծննդյան օրը՝ մարտի 13-ին, այլև ամբողջ տարվա ընթացքում: Նախատեսվում են գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, նամականիշի մարում, «Եղիշե Չարենց-125» հուշամեդալի շնորհանդես, օպերային ներկայացման պրեմիերա, հուշատախտակի բացում և այլ նախաձեռնություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնական միջոցառումներին ընդառաջ՝ մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց՝ եթե մենք ուզում ենք անցնել ազգային ինքնաճանաչողության  դժվարին ու բարդ ճանապարհով, պետք է ընթերցենք Չարենց, եթե ուզում ենք սթափ տեսնել մեր տեղն ու դիրքը համաշխարհային վայրիվերումներում, աշխարհաքաղաքական ու մշակութաբանական գործընթացներում, մենք չենք կարող շրջանցել Չարենցին, եթե ուզում ենք, որ մեր սերունդները զգան հայոց բառի, հայոց լեզվի ուժը, հմայքն ու հարստությունը, ապա առանց Չարենցի դա անել հնարավոր չէ, և եթե մենք ուզում ենք ունենալ ամուր ու առնական սերունդ, Չարենցն անշրջանցելի անուն է:

Փոխնախարարը շեշտեց՝ շատ են ցանկանում, որ Չարենցի գործերը մեկնաբանելիս հանրության տարբեր շերտերը լինեն ազատ, որովհետև Չարենցն ազատության հրավեր ու հրամայական է: «Հոբելյանական միջոցառումներում ընդգրկված են պատանիներ, դպրոցականներ, երիտասարդներ: Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա մի ներկայացման առաջնախաղ, որի ռեժիսորը Գոռ Մարգարյանն է, և ես ուրախ եմ, որ երիտասարդները ինքնուրույն ու յուրովի են մեկնաբանում Չարենցին»,-ասաց Խզմալյանն ու հավելեց՝ պետք է այնպիսի կրթական, մշակութային միջավայր ստեղծել, որով հնարավոր կլինի երիտասարդ սերնդին ավելի մոտ բերել Չարենցին:

Մարտի 13-ի առավոտյան Չարենցի տուն-թանգարանից հոբելյանական երթ կկազմակերպվի դեպի հեղինակի հուշարձան: Նախաձեռնությանը կմիանա 125 չարենցասեր: «Նույն օրը 17:00-ին տուն-թանգարանում տեղի կունենա «Ճանապարհ գրքով. Չարենց-125» խորագրով ցուցահանդեսի բացումը, որի ընթացքում նախատեսվում է «Եղիշե Չարենցի անձնական գրադարան. մատենագիտություն» գրքի շնորհանդեսը, որը երկար տարիների աշխատանքի արդյունք  է: Այն գտական ու գրական հանրության համար է: Այնուհետև տեղի կունենա «Ամբոխները խելագարված» ստեղծագործության բեմադրությունը»,-հայտնեց Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը:

Տուն-թանգարանը ձեռնամուխ է եղել Չարենցի երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորի կազմման աշխատանքներին: Նախատեսում են հրատարակել ութ կամ տասը հատոր, սակայն դրա համար անհրաժեշտ է Չարենցի բոլոր ձեռագրերի մեկտեղումը: Դիմելով այն մարդկանց, որոնց հավաքածուներում կան Չարենցի ձեռագրերից՝ Մանուկյանը խնդրեց դրանք նվիրել կամ վաճառել թանգարանին ժողովածուն ամբողջացնելու համար: Ակադեմիական հրատարակության առաջին հատորը լույս կտեսնի մինչև տարեվերջ:

Միջոցառումներ կկազմակերպվեն նաև հեղինակի անվան դպրոցում, Հայաստանի նկարիչների միությունում, որտեղ մարտի 13-ին բացվելու է Չարենցին նվիրված բացառիկ ցուցադրությունը:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը վստահեցրեց, որ Չարենցն իր ստեղծագործություններով մեզ փոխանցեց կուռքերին սպանելու, կուռքերին իջեցնելու ավանդույթը, որովհետև գրականությունը մեռած գրականություն չէ, այն միշտ շարժման մեջ է:  Ըստ Միլիտոնյանի՝ Չարենցի գրականությունն այժմ էլ շարժում է և նոր մտածողությունների հիմք ստեղծում:

Միության նախագահը հայտնեց, որ իրենք ևս հոբելյանական միջոցառումներ կանցկացնեն: Մարտի 21-ին՝ Պոեզիայի համաշխարհային օրը, Գրողների միության պոեզիայի այգում կընթերցեն Չարենցի գործերը, գրողին նվիրված ստեղծագործություններ: «Մենք պատրաստում ենք «Չարենցի նվիրումներ» գիրքը, որում ժամանակակից գրողների պոեզիան է, խոհագրությունը, կլինեն նաև արձակ պատմվածքներ, Ծաղկաձորի ստեղծագործական տանը մայիսին կանցկացվի «Չարենցի օր» միջոցառումը»,-տեղեկացրեց Միլիտոնյանն ու հավելեց՝ միջոցառում կանցկացնեն նաև Չարենցավանում:

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում մոտ ապագայում կլինի Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» կամ «Սոմա» օպերային ներկայացման առաջնախաղը, որի հիմքում Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմներն են:

Օպերային թատրոնի տնօրենի ժ/պ Կարեն Դուրգարյանն ասաց՝ օպերան նոր խոսք կլինի երիտասարդների համար և հանդիսատեսը, գալով թատրոն, կհաղորդակցվի Չարենցի հետ: «Տերտերյանի օպերան գրվել է 1967 թվականին, բայց այսօրվա լեզվով է: Այն բեմադրվել է 1967 թվականին և 1977-ին: Հույս ունեմ՝ օպերան ոչ միայն Հայաստանում, այլև օտար ափերում կներկայացվի: Ներկայացման մեջ ընդգկված է մոտ 300 մարդ. բեմահարթակում մեծ երգչախումբ կլինի, սիմֆոնիկ նվագախումբ, մենակատարներ»,-շեշտեց նա:

Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը գրողին տիեզերական մեծություն է համարում: Գոհար Չարենցի ջանքերով «Ես իմ անուշ Հայաստանի»  բանաստեղծության 35 լեզվով թարգմանություններ զետեղվել են մեկ գրքում, իսկ այս տարի նա պատրաստում է Չարենցի էպիգրամների գիրք հրատարակել: «Եղիշե Չարենցը շատ գիտակ էր և գրել է տարբեր ժանրերում՝ տաղ, բանաստեղծություն, սոնետ, տրիոլետ, բալլադ և այլն, բայց ունի նաև էպիգրամներ, որոնք ծաղրական բանաստեղծություններ են: 1920-ական թվականներից, երբ սկսեցին հալածել, քննադատել նրան, Չարենցն իր գրչակից ընկերներին պատասխանում էր էպիգրամներով, որոնք շատ հետաքրքիր են: Հավաքել եմ մի տեղ այդ բոլորը: Գիրքը լույս կտեսնեի այս տարի»,-հայտնեց Գոհար Չարենցը:

Չարենցի թոռնուհին հիշեցրեց, որ 1937 թվականին, երբ ձերբակալվել է Եղիշե Չարենցը, նրա որոշ ձեռագրեր հայտնվել են Գևորգ Էմինի ձեռքում, մարդու, որը չարենցապաշտ էր: Հետագայում այդ ձեռագրերը փոխանցվել են նրա որդուն՝ Արտաշես Էմինին, որը վաճառել է ձեռագրերի մի մասը: Գոհար Չարենցը պետական այրերին խնդրեց միջամտել ձեռագրերը Չարենցի տուն-թանգարան բերելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]