Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների բարձրագույն լիգա․ վարչապետը՝ «V-Dem»-ի զեկույցի մասին

Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների բարձրագույն լիգա․
վարչապետը՝ «V-Dem»-ի զեկույցի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած 2022 թվականի ժողովրդավարության զեկույցի մասին, ըստ որի Հայաստանի վարչակարգը «ընտրական ավտորիտարիզմ»-ից անցում է կատարել «ընտրական ժողովրդավարություն» դասակարգման։ 

«Սա, ըստ էության, նշանակում է, որ ժողովրդավարության առումով Հայաստանի Հանրապետության դասակարգման փոփոխություն է տեղի ունեցել։ Այսինքն, նույնիսկ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես «ընտրական ավտորիտարիզմ» համակարգ ունեցող երկիր, որի իմաստը հետևյալն էր, որ կա ավտորիտար համակարգ, որը ընտրական գործընթացը օգտագործում է սեփական վերարտադրությունը կազմակերպելու համար։ Այս նոր բնորոշման էությունը հետևյալն է, որ իշխանությունները ձևավորվում են ընտրություններով։ Այսինքն՝ ընտրությունը ոչ թե իշխանության վերարտադրության գործիք է, այլ ընտրությունը իշխանության ձևավորման գործիք է։ Եթե շատ պարզ ձևակերպենք, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանի Հանրապետությունը մուտք է գործել ժողովրդավարական երկրների, պայմանական ասած, բարձրագույն լիգա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը կարևոր է համարում այդ դասակարգումը՝ հաշվի առնելով երկրի ներսում տարբեր ինստիտուտների գործունեության արդյունքները։

«Իհարկե, սա չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարությունը կատարյալ է կամ անթերի է, պարզապես տարբեր դրվագների հանրագումարով մենք ստացել ենք այսպիսի դասակարգում, ինչը, կարծում եմ, հիշատակության արժանի է»,- հավելեց վարչապետը։

Փաշինյանը շեշտեց՝ Կառավարության համար ժողովրդավարությունը առաջնահերթություն է, և իրենք հանձնառու են Հայաստանի Հանրապետությունում կայացնել և զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները։

«Նախ ես ուզում եմ շնորհավորել այս դասակարգման փոփոխության առիթով և ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել երկու հանգամանքի վրա, որ մենք այդ բարձրագույն լիգայում պետք է ամեն տարի փորձենք ավելի բարձր տեղեր զբաղեցնել, և երկրորդ՝ պետք է այս ցուցանիշները կապիտալիզացնել Հայաստանի Հանրապետության օրակարգի հարցերի սպասարկման համար՝ սկսած տնտեսությունից, վերջացրած անվտանգությամբ։ Պետք է ասեմ նաև, որ ըստ էության, տեսել ենք օրինակներ, երբ երկրում պոտենցիալ ներդրողները, ամենատարբեր գործընկերության հարցերի օրակարգ ունեցող շրջանակները շատ մեծ ուշադրություն են դարձնում այսպիսի զեկույցներին։ Նրանք իրենց առանձին հետազոտությունները չեն անում երկրի մասին և եթե մի երկրում գործունություն  ծավալել կամ չծավալելու մասին պետք է որոշում կայացնեն, առաջին հերթին ծանոթանում են այսպիսի զեկույցներին և զեկույցների բովանդակությամբ են անում իրենց հետևությունները»,- եզրափակեց Փաշինյանը։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am