Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Միջազգային հանրությունը պետք է իր խոսքն ասի. Թովմասյանը՝ Ադրբեջանի սադրանքների մասին

Միջազգային հանրությունը պետք է իր խոսքն ասի. Թովմասյանը՝ Ադրբեջանի 
սադրանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ուղղությամբ սադրանքների դիմելով՝ Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը հայերի և հայ ժողովրդի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ ընդգծելով միջազգային արձագանքի անհրաժեշտությունը:

«Որպես ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իմ միջազգային գործընկերների ուշադրությունն են հրավիրել այն առնչությամբ, որ մարտի 6-ից սկսած ադրբեջանական զինուժը  հետևողականորեն հրետակոծում է Արցախի մի քանի բնակավայրեր և այսօր առավոտյան անգամ խաղաղ բնակիչ է վիրավորել իր բակում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս: Դա նշանակում է, որ խաղաղության թեզերը որևէ կերպ չեն արժևորվում և իրականություն չեն դառնում: Եվ Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը հայերի և հայ ժողովրդի նկատմամբ»,-ասաց Թովմասյանը:

Հանձնաժողովի նախագահը շեշտեց՝ միջազգային գործընկերները պետք է այս առնչությամբ իրենց հրատապ արձագանքը հայտնեն: Նա հավելեց՝ եթե այս դեպքերը դիտարկվեն որպես սովորական սադրանք, ապա կրկնությունը լինելու է շատ ավելի խորը և հետևողական: «Ավելին՝ այսօր նորից Խրամորթում ադրբեջանցիների կողմից հայերենով հայտարարվել է, որ հայերը պետք է դուրս գան տարածքից, եթե ոչ, ապա բռնությամբ կհեռացնեն»,-հայտարարեց պատգամավորը՝ շեշտելով, որ դա անթույլատրելի է:

Նա տեղեկացրեց նաև, որ մարտի 16-ից մի քանի օրով փաստահավաք առաքելությամբ աշխատանքային այց են ունենալու Արցախ, տեղում կփորձեն հասկանալ իրավիճակը:

«Պատերազմի նման գործողությունները խիստ դատապարտելի են: Եվ միջազգային հանրությունը պետք է իր խոսքն ասի»,-ասաց Թովմասյանը:

Վերջին օրերին հակառակորդն Արցախի ուղղությամբ սադրանքների է դիմում, այդ թվում մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև՝ ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը։ Բացի այդ, մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]