Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանական ընկերությունները կմասնակցեն Հայաստանում տարանցիկ ճանապարհների կառուցմանը

Իրանական ընկերությունները կմասնակցեն Հայաստանում տարանցիկ ճանապարհների 
կառուցմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը կառուցողական է որակել իր այցը Հայաստան՝ նշելով, որ Երևանն ու Թեհրանը պայմանավորվել են համատեղ ձեռնարկների շուրջ:  Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում Իրանի դեսպանատնից:

«Մենք նոր պայմանագրեր ենք ստորագրել հայ պաշտոնյաների հետ դեղագործական արտադրանքի և կենցաղային տեխնիկայի համատեղ արտադրության վերաբերյալ։ Համատեղ արտադրանքը կարտադրվի Հայաստանում և կարտահանվի այլ երկրներ»,- ասել է Ռեզա Ֆաթեմի Ամինը։

Նա հայտարարել է, որ իր այցը Հայաստան նպատակ ունի ընդլայնել երկկողմ առևտրային կապերը՝  ներդրումների միջոցով:

«Այս այցը միտված է համատեղ ձեռնարկությունների միջոցով Իրանի և Հայաստանի միջև կապերի խորացմանը»,- Երևան այցին ընդառաջ հայտարարել էր նախարարը:

Ռեզա Ֆաթեմի Ամինը հայտարարել է, որ Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի շուրջ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ փոխվարչապետի հետ հանդիպումների ընթացքում մենք նախնական պայմանավորվածություններ ենք ձեռք բերել մի շարք հարցերի շուրջ, ինչպիսիք են Հայաստանում իրանական ընկերությունների կողմից ճանապարհների կառուցումը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ պայմանավորվել են, որ իրանական ընկերությունները մասնակցեն Հայաստանում տարանցիկ ճանապարհների կառուցման մրցույթներին:

ՀՀ-ում Իրանի դեսպանատունը հիշեցնում է, որ Իրանն արդեն պատրաստակամություն հայտնել է համագործակցել Հայաստանի հետ Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման հարցում:

Դեսպանատան հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Իրանը Հայաստանի տարածքով Վրաստանի հետ կապող 64 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը Իրանի՝ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք գործարկելու նախագծի մի մասն է՝ հիշեցնելով, որ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը 7200 կիլոմետր երկարությամբ ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության երթուղիների բազմաֆունկցիոնալ ցանց է, Իրանի, Հնդկաստանի, Աֆղանստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]