Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հացիս, կրոնիս, հավատիս մի՛ դիպչիր…». հայ աշուղական արվեստի դասականը

«Հացիս, կրոնիս, հավատիս մի՛ դիպչիր…». հայ աշուղական արվեստի դասականը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ պատանիներ Խոզապին լճի ափին անասուններ էինք արածացնում: Մեզ հետ էր նաեւ Սերոբը: Նա հազվադեպ էր մասնակցում մեր ընկերական խաղերին, շարունակ առանձնանում էր, ցածր ձայնով երգում եւ հետն էլ ճիպոտի վրա «նվագում»: Մի օր էլ տեսնենք՝ սա իր հետ բերել է տախտակի մի կտոր եւ ձիու պոչից քաշած մազ:

-Ինչի՞ համար են դրանք,- հարցնում ենք նրան:

Սա թե՝ սազ եմ շինելու: Երբ մենք սովորականի պես սկսեցինք մեր խաղը, Սերոբն առանձնացավ: Կեսօրին տեսնենք՝ «սազը» պատրաստ է: Նա երգում էր հորեղբայր Մարտիրոսից սովորած մի երգ ու հետն էլ խփում «սազի լարերին»: Ավա՛ղ, մենք ծիծաղում էինք ու չէինք ենթադրում, որ մեր դիմաց կանգնած է ապագա տաղանդավոր աշուղ Ջիվանին…»:

Այս իրողությունը պատմողն աշուղի պատանեկան օրերի գառնարած ընկերներից մեկն է՝ Ավետիս Պողոսյանը՝ ծնված Ջավախք աշխարհի սահմանամերձ Կարծախ գյուղում, որը հայտնի էր դառնալու իր հանճարեղ զավակի շնորհիվ:

Ջիվանու արմատները եւս այնտեղից են՝ էրգրից. նրա ծնողները 1830 թ. ռուս-թուրքական պատերազմի պատճառով Կարծախ էին հասել Բասենից: Ինչպես մեր բազմաթիվ երախտավորների ճակատագրի պարագայում, նրա մանկությունն էլ էր պատուհասվելու զրկանքներով ու դառնությամբ. 1846-ին ծնված Սերովբեի հայրը մահանում է երիտասարդ հասակում, իսկ մայրն ամուսնանում եւ տեղափոխվում է հարեւան Դադեշ գյուղ: Երեք մանչ որբուկների խնամքն ստանձնում է հորեղբայր Մարտիրոսը: Շարունակական կրթության մասին մտածելն իսկ ավելորդ էր այդ սուղ պայմաններում: Երբ գյուղական դպրոցում հազիվ էր գրել-կարդալ սովորել, խնամարկու հորեղբայրը նրան հանում է դպրոցից եւ կարգում հորթարած: Բայց, ինչպես ասվում է, աստվածատուր շնորհով օժտվածները գտնում են իրենց անցնելիք ճամփան, իսկ այդ ճամփին էլ հայտնվում են մարդիկ, ովքեր տեսնում են նրանց ի վերուստ տրված շնորհը: Արդեն երգեր հորինող Սերովբեի համար օրհնյալ այդ մարդը համագյուղացի աշուղ Սիային էր, որ նկատել էր պատանու հակումներն ու իր մոտ ընդունել որպես աշակերտ: Հինգ տարի աշակերտելով՝ նախկին հորթարածը սկսում է տիրապետել աշուղական արվեստի նրբություններին, սովորում է սազ ու քաման նվագել, երգեր հորինել, երբեմն էլ գերազանցել իր վարպետին: Դա երաշխիք էր, որ Սիային նրան շնորհեր աշուղի կոչում եւ աշուղական անուն՝ Ջիվանի:

1867 թ. Կարծախ հյուրախաղերի եկած աշուղ Սազայու հետ Ջիվանին մեկնում է Թիֆլիս, մեկ տարի երգում սրճարանում, անուն ձեռք բերում, որտեղից էլ նրան հրավիրում են գյումրեցի սրճարանատեր Տալոյանները (Տալյաններ. այս գերդաստանից են սերել հայտնի աշուղներ Ջամալին եւ Շերամը, աննման երգիչ Շարա Տալյանը):

1868-95 թթ. Ջիվանին ապրում է Գյումրիում, գործակցում անվանի աշուղներ Ջամալիի, Զահրիի, Մալուլի, Ղեյրաթի, Ֆիզայու հետ: Գյումրիում հաստատվելուց մի քանի տարի անց՝ 1871-ին, հանդես է գալիս ինքնուրույն խմբով եւ աշուղների միջավայրում ձեռք բերում մեծ հեղինակություն: Շուտով նրան ընտրում են իր իսկ ստեղծած արհեստակից աշուղների (համքարություն) կազմակերպության նախագահ՝ վարպետաց վարպետ (ուստաբաշի): Հետաքրքիր է այդ ընտրության վավերագիր արձանագրությունը. «Համախոսական վճիռ 1892 ամի 24-րդ օրն փետրվարի. մենք՝ ներքոստորագրյալներս, ասիական երգիչներս, Ալեքսանդրապոլ քաղաքի հավաքվածներս, այսօր ժողովում, մեր արհեստականության մեջ կարգապահություն վերականգնեցնելու համար ընտրեցինք մեր միջից արհեստավորների գլխավոր (ուստաբաշի) մեր համաքաղաքացի Սերովբե Ստեփանյան (Լեւոնյանին) Ջիվանի եւ նրա օգնականներ Համբարձում Ադամյանին եւ Անտոն Անտոնյանցին, եւ մենք պարտավորվում ենք օրենքի բոլոր կանոնների համաձայն հնազանդ գտնվել»: Եվ 25 ստորագրություն, որոնց թվում էին հայտնի աշուղներ Մկրտիչ Տալյանը՝ Ջամալին, Վարշամ Տրդատյանը՝ Պայծառեն, Գրիգոր Տալյանը՝ Շերամը, եւ Ֆիզահին: Պատկառելի աշուղական կազմով ուստաբաշու խումբը համերգային շրջագայություններով լինում է Դերբենդում, Մախաչկալայում, Ռոստովում, Խարկովում, Բաթումում, Փոթիում, Սուխումում, Նովոռոսիյսկում, Կերչում, Յալթայում, Թեոդոսիայում, Արեւմտյան Հայաստանի հայաշատ բնակավայրերում: Այդուհանդերձ, Ջիվանին մշտապես եղել է ոստիկանության հսկողության ներքո, ենթարկվել հետապնդումների, արգելվել են նրա ելույթները, բռնագրավվել նվագարանը: Ահա նման վկայություններից մեկը, որ կարդում ենք աշուղ Ջամալու շնորհառատ որդու՝ Շարա Տալյանի հուշերում. «Մեր թաղամասի ոստիկանապետ Գլեբովը մի հայատյաց մարդ էր: Այդ Գլեբովն էր, որ ամիսը մի երկու անգամ բռնագրավում էր Ջիվանու խմբի երաժշտական գործիքները եւ արգելում աշխատել՝ պատճառաբանելով, թե աշուղները երգում են ազգային ու հեղափոխական երգեր: Արհեստավորներն ու խանութպանները փող էին հավաքում, բանակցում Գլեբովի հետ, կաշառում: Ապա նորից երգում էր Ջիվանին…»:

Թվում է, թե այդպիսի հեղինակություն ու վաստակ ունեցող «այսօր այստեղ, վաղը այլ տեղ» հայտնվող «անթեւ թռչնիկ աշուղը», ամեն դեպքում, արդեն պիտի որ ազատագրված լիներ նյութական դաժան նեղվածություններից: Նրա երազանքն է եղել «Ունենալ շնորհք, միտք ու խելք, որ կրթեմ զավակներիս՝ չմտած դագաղ…»: Այդ հույսով էլ 1895 թ. տեղափոխվում եւ հաստատվում է Թիֆլիսում: Սակայն այստեղ էլ նրա բազմանդամ ընտանիքի վիճակը չի բարելավվում: Աստիճանաբար վատանում է առողջությունը, ավելի վատանում առանց այդ էլ թույլ տեսողությունը: Այն վերականգնելու նպատակով 1896-ին մեկնում է Բուլղարիա՝ Պլովդիվ քաղաք, 1900-ին՝ նույնպես: Լինում է Վիեննայում, դիմում մասնագետների, բայց ապարդյուն:

Կյանքի վերջին տարիներին մեծանուն աշուղը ելույթներ է ունենում վանեցի Պետրոս Ասլանյանի սրճարանում, որի ճակատին փակցված էր մի ցուցանակ. «Սրճարան, ուր երգե աշուղ Ջիվանին»:

1909 թվական, 24 փետրվարի. ժողովրդին ու հայրենիքին իր անձը նվիրաբերած աշուղը նյութական սոսկալի ծանր պայմաններում հրաժեշտ է տալիս կյանքին: «Մշակ» թերթը հանդես է գալիս հայտարարությամբ, թե վախճանվել է աշուղ Ջիվանին, հուղարկավորության ծախսերը հոգալու համար հարկավոր է հանգանակություն… Հայ մեծերից եւս մեկի եղերական ճակատագիր… Այդ օրերին Մետեխի բանտում գտնվող Թումանյանն ու Իսահակյանը, երբ թաղման թափորն անցնում էր բանտի մոտով, վանդակապատ պատուհանից թաշկինակները թափահարելով վերջին հրաժեշտն են տալիս «ազգի հավատարիմ ծառային»: Նրան, ով քարոզում էր. «Օտար երկրի դրախտից Հայրենյաց բանտը լավ է»: Ով զգուշացնում էր ոսոխին. «Հացիս, կրոնիս, հավատիս մի դիպչիր»: Ով անհուսալի պայմաններում անգամ հույս էր տալիս Ցեղին. «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան…»: Ով հորդորում էր քանքարավոր ընկերոջը, որ չնախանձի իրեն…

Նախանձելի էր, ախր, ինչպե՞ս չնախանձեին համաժողովրդական սեր ու համբավ վաստակածին, հանճարեղ փիլիսոփային, աննահանջ հայրենասերին, աշուղական արվեստի դասականին:

Ամփոփենք Մեծն լոռեցու չափածո տողերով.

Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու,

Մարդկային սիրտը հասկանում ես դու,

Եվ քո գույները երգիդ հարազատ,

Լի են հուզմունքով անկեղծ ու ազատ…

Իսկ իրենից քառատողային մեջբերումների կարիքը, կարծում եմ, չկար, չէ՞ որ նրա յուրաքանչյուր երգ հնչում է յուրաքանչյուր հայի հոգու շուրթերին եւ հնչելու է դարեր շարունակ:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]