1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Podcast-100 գաղափար. մանրէաբանն առաջարկում է պլաստիկ թափոնների վերամշակումից ստանալ էկոլոգիապես մաքուր մաքրող միջոցներ

Podcast-100 գաղափար. մանրէաբանն առաջարկում է պլաստիկ թափոնների 
վերամշակումից ստանալ էկոլոգիապես մաքուր մաքրող միջոցներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում երկիր մոլորակի վրա գնալով շատանում է պլաստիկ թափոննորի քանակը, ինչը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Այժմ ամբողջ աշխարհում մի շարք գիտնականներ և մասնագետներ փորձում են գտնել տարբեր լուծումներ պլաստիկը քայքայելու, վերամշակելու և դրա կիրառությունը նվազեցնելու ուղղությամբ:

Վերը նշված խնդիրները կանխելու նպատակով է ԵՊՀ-ի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի մագիստրոս, մանրէաբան Սոնա Նիկոլյանը  ստեղծել նոր ծրագիր, որտեղ պլաստիկ թափոնները  կծառայեն որպես հումք՝ էկոլոգիապես մաքուր կենսաբանական նյութեր ստանալու համար:

«Արմենպրես-Պոդքաստ»-ում  Սոնա Նիկոլյանի հետ զրուցել ենք նախագծի ստեղծման և  դրա կարևորության մասին: Նա նշեց, որ մագիստրատուրայում սկսել է ուսումնասիրել պլաստիկը քայքայող մանրէները:  Հետագայում, երբ անցել են  արտադրական մանրէաբանության վերաբերյալ դասընթաց, որտեղ ասվում էր, որ պետք է գտնել հնարավորինս էժան հումք, որի հիման վրա կստեղծվի որևէ արտադրություն, հնարավորինս ծախսերը նվազեցնելով, որոշել է օգտագործել պլաստիկ թափոնները:

«Այդ պատճառով մտածեցի, որ կարելի է թափոնները կիրառել որպես արտադրության հիմք և այդտեղից իմ գաղափարը սկսեց ամբողջանալ: Սկզբից ես ուսումնասիրում էի պլաստիկը քայքայող մանրէները, հետո հասկացա, որ պլաստիկը որպես հումք կարող է օգտագործվել կենսասուրֆակտանտների արտադրության համար: Սա մի ծրագիր է, որի իրականացումը կօգնի պլաստիկը արագ և մատչելի վերամշակել և ստանալ կենսասուրֆակտանտներ, որոնք կենսաբանական ծագման մակերևութային ակտիվ նյութեր են:  Օրինակ, երբ մենք տնտեսության մեջ օգտագործում ենք օճառներ և այլ մաքրող միջոցներ, դրանք ևս համարվում են մակերևութային ակտիվ նյութեր, բայց իմ նպատակն է այդ մաքրող միջոցները  ստանալ կենսաբանական  մանրէներից, այլ ոչ թե քիմիական ճանապարհով»,-ասաց նա:

Մասնագետի խոսքով՝ այս գաղափարի շնորհիվ  կարող են պլաստիկի վերամշակումից ստանալ, օրինակ, օճառներ և մաքրող միջոցներ, որոնց առավելությունը կլինի այն, որ կստանան բնական և անվնաս մաքրող միջոցներ,

«Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ որպես արտադրիչ օգտագործվում է մանրէն, իսկ որպես հումք օգտագործվում է թափոնը, որը ներկայումս շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել մարդկությանը և բնությանը, քանի որ պլաստիկը ամենուր է: Այդ իսկ պատճառով շատ կուզեի, որ իմ ծրագիրը ունենար հետագա զարգացում և հնարավորություն ունենայի իրագործել այն»,- եզրափակեց Սոնա Նիկոլյանը:

Նշենք,  որ ծրագիրը դեռևս գաղափարի փուլում է, գործնական փորձարկումներ դեռևս չեն իրականացվել: Գաղափարը ներկայացվել է «100 գաղափար Հայաստանի համար» նախագծին և ընդգրկվել է  եզրափակիչ փուլում:

«100 գաղափար Հայաստանի համար»  մրցույթը երիտասարդական ծրագիր է, որը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության կողմից գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և նորարարական գաղափարներ առաջարկելու համար: Մրցույթն ունի ավելի քան 20  անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ:  2021 թվականին նախարարի հրամանով մրցույթի անցկացման կարգում իրականացվել է փոփոխություն, ըստ որի  ծրագրի համար նախատեսված պետական միջոցների շրջանակում  հինգ անվանակարգում սահմանվել է մրցանակային գումար՝ յուրաքանչյուրին 500.000-ական դրամ:

Գայանե Գաբոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]