1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունը մինչև 2026 թվականը կկառուցի 300 դպրոց ու 500 մանկապարտեզ. Համբարձում Մաթևոսյան

Կառավարությունը մինչև 2026 թվականը կկառուցի 300 դպրոց ու 500 մանկապարտեզ. 
Համբարձում Մաթևոսյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից կրթության և գիտության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում փոխվարչապետը, Գիրք նվիրելու օրվա խորհրդով պայմանավորված, նշել է նաև, թե ի՞նչ գիրք է կարդում ու ինչ խորհուրդ կտա կարդալ ընթերցողներին: 

- Պարոն Մաթևոսյան, ի՞նչ  քաղաքականություն է վարում Կառավարությունը կրթության և գիտության ոլորտը զարգացնելու ուղղությամբ։

-Կրթության և գիտության ոլորտում Կառավարության հավակնոտ, բայց իրատեսական քաղաքականությունը ներկայացված է 2021-2026 թվականների ծրագրում, որի իրականացման ուղղությամբ մենք հստակ քայլեր ենք կատարում։ Այո, մեզ համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, քանի որ դրանով է պայմանավորված նաև բոլորիս բարեկեցությունն ու միասնական նպատակը՝ նպաստել ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը:

Այդ նպատակով կրթության ոլորտում, չափազանց կարևոր բովանդակային փոփոխությանը զուգահեռ, մենք նաև ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ ենք աշխատանքներ իրականացնում՝ հասնելու Կառավարության սահմանած նպատակին՝ մինչև 2026 թվականն առնվազն ունենալ կառուցված/հիմնանորոգված/վերանորոգված 300 դպրոց և 500 մանկապարտեզ։

Ընդամենը մեկ օրինակ ներկայացնեմ․ Կառավարության վերջին նիստում ընդունեցինք մի որոշում, որի արդյունքում 3 մլրդ 265 մլն դրամի կապիտալ ներդրումներով կբարելավենք մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմաններն ու դրանք կապահովենք գույքով: Մասնավորապես՝ կբարելավենք միջին մասնագիտական ուսումնական չորս հաստատությունների շենքային պայմանները, կկառուցենք մոդուլային դպրոցի 21  և մանկապարտեզի տասը շենք,  կնախագծենք մոդուլային 12 մանկապարտեզի և տասը դպրոցի շենք, երկու դպրոցում կկառուցենք նոր մասնաշենքեր, 17 հանրակրթական դպրոցում՝ նոր մարզադահլիճներ, կկառուցենք երկու մարզադպրոց, իսկ հինգ դպրոցում` կվերակառուցենք մարզադահլիճներ և այլն։

Դրանից զատ, Տարածքային զարգացման հիմնադրամն իրականացնում է  դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր՝ Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա։ Միայն այդ ծրագրի շրջանակում, մինչև 2024 թվականը Հայաստանում կկառուցենք կամ կամրացնենք առնվազն 46 դպրոց և շուրջ 20 հազար աշակերտի համար կապահովենք անվտանգ կրթական պայմաններ: Ավելին, արդեն ունենք արդյունքներ․ ավարտվել են 7 դպրոցի վերակառուցման աշխատանքները, շենքերը հանձնվել են շահագործման, իսկ այս տարի նախատեսում ենք ավարտել ևս  8  դպրոցի կառուցման աշխատանքները։ Այս պահին շինարարությունն ընթանում է 20 դպրոցում։

Ինչ վերաբերում է գիտության բնագավառին, ապա այս ոլորտում առաջընթաց ապահովելու նպատակով մենք 2021 թվականի համեմատ 2022 թվականի գիտության ֆինանսավորումը 85 տոկոսով ավելացրինք, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները բարձրացրինք 2,5 անգամ: Նաև գիտաշխատողների աշխատավարձի բարձրացման ուղղությամբ ունենք շոշափելի առաջընթաց․ 2021 թվականին Կառավարության որոշմամբ սահմանվել է գիտաշխատողների աշխատավարձերի սանդղակավորում, որի արդյունքում ատեստավորում իրականացրած կազմակերպություններում 2022 թվականի հունվարի 1-ից արդեն գործում է գիտաշխատողների էապես բարձր վարձատրության համակարգ, որն ամեն տարի որոշակիորեն աճելու է մինչև 2025 թվականը։ Սրանով մենք քայլ ենք անում գիտության ոլորտն ավելի մրցակցային և գրավիչ դարձնելու, երիտասարդ կադրեր ներգրավելու ուղղությամբ։ Հավաստիացնում եմ, որ կրթության և գիտության ոլորտի զարգացմանն ուղղված Կառավարության ջանքերը շարունակական են լինելու։

-Պարոն Մաթևոսյան, օրվա խորհրդով պայմանավորված, ևս մեկ հարց ի՞նչ գիրք եք կարդում ու ի՞նչ գիրք խորհուրդ կտաք կարդալ մեր ընթերցողներին։

-Ժամանակի սղությամբ պայմանավորված՝ վերջին շրջանում հիմնականում մասնագիտական գրականություն եմ կարդում, աուդիոգրքերից եմ շատ օգտվում․ վերջինը Ռոջեր Ֆիշերի հեղինակած աուդիոգիրքն է, իսկ վերջին կարդացածս՝ Դոստոևսկու «Կարամազով եղբայրները»։

Ինչ գիրք խորհուրդ կտամ կարդալ ընթերցողների՞ն՝ խորհուրդ կտամ ուղղակի ընթերցել՝ լինի մասնագիտական գրականություն թե՝ գեղարվեստական։

 

 

  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]