Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բարձրակարգ մենակատարների մասնակցությամբ Ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Ակադեմիական երգչախումբը կկատարեն Մալերի սիմֆոնիաները

Բարձրակարգ մենակատարների մասնակցությամբ Ֆիլհարմոնիկ նվագախումբն ու 
Ակադեմիական երգչախումբը կկատարեն Մալերի սիմֆոնիաները

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան) Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ փետրվարի 15-ին հանդես կգան խոշոր համերգային ծրագրով: Այն տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին որպես մենակատարներ ելույթ կունենան համաշխարհային մեծ համբավ ունեցող, հայաստանյան ունկնդրի կողմից սիրված սոպրանո Ռուզան Մանթաշյանը և մեցցո-սոպրանո Օլեսյա Պետրովան:

Կհնչեն Մալերի թիվ 2, «Հարություն» խոհափիլիսոփայական սիմֆոնիան:

Փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը Օլեսյա Պետրովան խոստովանեց՝ երբ տեղեկացել է, որ համերգին կատարելու է Մալերի թիվ 2 սիմֆոնիան, շատ է ոգևորվել, որովհետև խենթանում է այդ ստեղծագործության համար: «Մալերի երաժշտությունը հզոր է, գեղեցիկ ու բարդ: Բարդությամբ հանդերձ այն հրաշալի է: Երրորդ անգամ եմ ներկայացնելու այդ սքանչելի սիմֆոնիան, որն ունի հատվածներ, որոնք կատարելիս հազիվ եմ զսպում արցունքներս»,-նշեց երգչուհին:

Պետրովան սիրով է համագործակցում նվագախմբի և Թոփչյանի հետ: Նրա խոսքով՝ իրենց միջև փոխադարձ սեր կա: «Մաեստրոն ասում է, որ արդեն մի քիչ հայուհի եմ: Ամեն անգամ Հայաստան ժամանելիս ասես տուն վերադառնամ: Մարդկային ու ստեղծագործական գեղեցիկ կապ է ստեղծվել: Երբ բեմում երաժիշտները հարգում ու սիրում են միմյանց, երաժշտությունն առավել բարձրակարգ է հնչում»,-շեշտեց մեցցո-սոպրանոն:

Ռուզան Մանթաշյանի համար «Հարություն» սիմֆոնիան այս շրջանում կատարելը շատ խորհրդանշական է, քանի որ այն կարող է օգնել կազդուրվել, վեր բարձրանալ ու շարունակել ապրել: «Այս ստեղծագործությունը չքնաղ է, հզոր էներգիա ունի: Լավ կլինի, եթե ունկնդիրը այն հենց համերգասրահում վայելի»,-ասաց երգչուհին:

Անդրադառնալով Ֆիլհարմոնիկի հետ համագործակցությանը՝ նա հիշեց՝ առաջին անգամ մեծ բեմ է բարձրացել Ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, ուստի այն իր համար շատ հարազատ է ու սիրված: «Երբ երգում ես պրոֆեսիոնալ ու լավ նվագախմբի հետ, որին կապված չես  հուզական և մարդկային առումով, այլ է, և մեկ այլ բան է, երբ ջերմ զգացմունքներ ունես թե՛ երաժիշտների, թե՛ դիրիժորների նկատմամբ: Դա արտահայտվում է երաժշտության մեջ և զգացական առումով այն առավել գեղեցիկ է հնչում»,-նշեց Մանթաշյանը:

Էդուարդ Թոփչյանի կյանքում Մալերի թիվ 2 սիմֆոնիան մեծ նշանակություն ունի: Դիրիժորն իր ամբողջ գիտակցական կյանքում սիրել է այդ ստեղծագործությունը:

«Մալեր հնչեցնելը մեծ իրադարձություն է ինչպես նվագախմբի, իմ, երաժիշտների, այնպես էլ ունկնդրի համար: Այս գործի կատարումը ոչ միայն լավ երաժշտական պատրաստվածություն է պահանջում, այլև ինտելեկտ, և պետք է տիրապետել գերմանական երաժշտության կատարման տեխնիկային, որին տիրապետում են և՛ Ակադեմիական երգչախումբը, և՛ Պետրովան, և՛ Մանթաշյանը»,-հավաստիացրեց Թոփչյանը:

Ֆիլհարմոնիկի հաջորդ համերգը կկայանա փետրվարի 25-ին: Նվագախումբը հանդես կգա համաշխարհային առաջին մեծության դիրիժոր Վասիլի Պետրենկոյի ղեկավարությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]