Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Podcast-100 գաղափար. մասնագետներն առաջարկում են նոր զրահաբաճկոն՝ առավելագույն պաշտպանությամբ, թեթև և մի քանի անգամ ավելի մատչելի

Podcast-100 գաղափար. մասնագետներն առաջարկում են նոր զրահաբաճկոն՝ 
առավելագույն պաշտպանությամբ, թեթև և մի քանի անգամ ավելի մատչելի

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագ զարգացող  աշխարհում ժամանակակից սպառազինությամբ զինված բանակ ունենալը դարձել է առաջնային կարևորության հարց: Գիտությունը շատ արագ տեմպերով առաջ է գնում` օր-օրի առաջարկելով նոր գաղափարներ ու նախագծեր, որոնք իրենց արդյունավետությամբ հնարավորություն կտան  մարդկային կորուստները  հասցնել նվազագույնի:

Նման նոր գաղափարի շուրջ «Արմենպրես-Պոդքաստ»-ում խոսել ենք տեխնիկական գիտությունների ոլորտում նոր ձեռքբերման՝ գերկարծր նանոհատիկային նյութերից կոմպոզիտային զրահաբաճկոնների ստեղծման մասին, որի հեղինակներն են «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հաղթողներ  Դավիթ Դավթյանը, Ռաման Մնացականյանը և Արթուր Աղոյանը:

Նախագծի համահեղինակ Դավիթ Դավթյանը նշեց, որ ծառայելու ընթացքում, ինչպես նաև պատերազմի ժամանակ զրահաբաճկոնների ծանրությունն ու անհարմարությունը իրենց վրա զգալը դրդել է անմիջապես մտածել ծրագրի շուրջ: Ստանալով նոր նյութերի տվյալները՝ սկսել են այդ ուղղությամբ հաշվարկները և նախնական տարբերակի մշակումը:

«Զրահաբաճկոններից խոսելիս պետք է հիշել առաջնային երեք կարևոր կետերը. առաջինը՝  կիրառման տեսակետից պետք է համապատասխանի պահանջներին, երկրորդ՝  պետք է դրա քաշը փոքր լինի և երրորդ պետք է լինի ուշ փչացող և անջրաթափանց: Այն նյութերը, որոնք մենք պատրաստվում ենք օգտագործել զրահաբաճկոնի մեջ ու այն կոմպոզիտը, որը մենք պատրաստելու ենք,  ենթադրում է առաջին հերթին երկարատևություն: Այսինքն, մինչև հիմա շուկայում առկա զրահաբաճկոնները 5 տարի կամ մի քիչ ավելի օգտագործելի են: Մեր առաջարկած տարբերակի դեպքում կլինի 10 և ավելի տարի:  Քաշի մասին խոսելիս էլ կարող եմ ասել, որ  այս պահին մեր բանակում կիրառվող զրահաբաճկոններն ամբողջական  պաշտպանության դեպքում կշռում են մինչև 5 կիլոգրամ, իսկ մեր առաջարկած տարբերակը առավելագույն պաշտպանություն ապահովելու դեպքում կշռելու է մինչև 2 կիլոգրամ: Ինչ վերաբերում է արժեքին, նախ ասեմ, որ այն համապատասխանելու է միջազգային չորրորդ դասի զրահաբաճկոններին, և մենք մի քանի հազար դոլարի փոխարեն կառաջարկենք մինչև 400 դոլար գին»,-ասաց Դավիթ Դավթյանը:

Մասնագետների խոսքով՝ միջազգային շուկան ուսումնասիրելուց հետո կարելի է ասել, որ այնտեղ մրցունակ լինելու համար պետք է համապատասխանել մի շարք  պարամետրերի: Նոր մեթոդներով լուծումը՝ սուպերկարծր նյութերի կիրառումը, որը իրենք առաջարկում են, հնարավորություն կտա դուրս գալ միջազգային շուկա, քանի որ այն տալու է առավելագույն արդյունք այս պահին առկա տարբերակների հետ համեմատած:

Նախագծի համահեղինակ Արթուր Աղոյանը շեշտեց, որ առավել կարևոր է ստեղծել գիտություն-արտադրություն-համալսարաններ համագործակցության շղթա:  «Սա մոդել է , որը աշխարհում արդեն վաղուց կիրառվում է, պետք է պարզապես օգտվել այդ մեխանիզմներից, մանավանդ որ նախագծում  գիտական մասով բավական լուրջ աշխատանքներ արդեն արված են, և միջազգային մեր գործընկերներից մի շարք դրական արձագանքներ ունենք»,- ասաց Արթուր Աղոյանը:

Գայանե Գաբոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am