Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երաժիշտները լույս ու բարություն են սփռում. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Մարկ Բուշկովն ու Միրիամ Պրանդին

Երաժիշտները լույս ու բարություն են սփռում. Հայաստանի պետական սիմֆոնիկ 
նվագախմբի հետ ելույթ են ունեցել Մարկ Բուշկովն ու Միրիամ Պրանդին

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փետրվարի 10-ին երաժշտասերներին է ներկայացրել Գաբրիել Ֆորեի, Կամիլ Սեն-Սանսի, Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես են եկել ջութակահար Մարկ Բուշկովը և թավջութակահար Միրիամ Պրանդին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։

«Ֆրանսիացի կոմպոզիտոր Կամիլ Սեն-Սանսի Ջութակի թիվ 3 կոնցերտը մեծ ճանաչում է վայելում։ Սեն-Սանսի արվեստին բնորոշ են քնարականությունը, խորաթափանցությունը, նրբագեղությունը, զգացմունքայնությունը։ Եվ հեղինակի արվեստի բոլոր այդ նրբերանգները մեծ վարպետությամբ ունկնդրին էր փոխանցում ջութակահար Մարկ Բուշկովը։ Նա բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր է։ Երիտասարդ ջութակահարն առաջին անգամ չէ Հայաստանում։ Նա բազմիցս համագործակցել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ «Շնորհիվ մաեստրո Սերգեյ Սմբատյանի Հայաստան ժամանելու և այստեղ ելույթ ունենալու մի քանի հնարավորություն ունեցել եմ»,- ասում է Մարկ Բուշկովը՝ ավելացնելով, որ իր առաքելությունը՝ որպես երաժիշտ, որպես արտիստ, դասական արվեստը մատուցելն ու տարածելն է, արվեստի միջոցով հուզելը, գեղեցիկ զգացումներ պարգևելը։ Երաժշտությունը, ըստ նրա, հաղորդակցման միջոց է, այն խոսում է ունկնդրի զգացմունքների հետ։ Բուշկովն ինքը ջութակահարների ընտանիքից է, այս գեղեցիկ գործիքն իրեն նվագել սովորեցրել է պապը։ Ասում է, որ փոքր տարիքում կարծում էր, թե աշխարհում բոլորը ջութակ են նվագում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ երեկոյի ընթացքում հնչել է նաև Դմիտրի Շոստակովիչի Թավջութակի թիվ 1 կոնցերտը, որը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրել է թավջութակահար Միրիամ Պրանդին։ «Schweizer Musikzeitung պարբերականն իտալացի թավջութակահարուհուն անվանել է կատարողական զարմանալի անկեղծություն ունեցող երաժիշտ, որը նվագելիս ամբողջությամբ տրվում է իր գործիքին։ Այս բնութագրմանը թավջութակահարուհին արժանացել է 2014 թվականին միջազգային մրցույթում Դվորժակի Թավջութակի կոնցերտը կատարելուց հետո։

Երեկոյի ընթացքում հնչեց նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի Պավանան»,- հայտնում են նվագախմբից։

Նշվում է, որ համերգը ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ գլխավոր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։ Մաեստրոն ընդգծում է, որ երաժիշտների խնդիրը լույսն ու բարությունն աշխարհում սփռելն է։ Եվ իրենց կատարումները հենց սրա արտահայտությունն են։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախեւմբը երաժշտասերներին հրավիրում է նաև փետրվարի 23-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունենալիք համերգին, որի ընթացքում ելույթ կունենա Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող, ջութակահար Դիանա Ադամյանը, իսկ համերգը կղեկավարի անվանի դիրիժոր Ստեֆան Ֆրուխտը։ Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն Ֆելիքս Մենդելսոնի և Ֆրանց Շուբերտի ստեղծագործությունները։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]