Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դետեկտիվի սիրահարներին ներկայացվեց Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպի հայերեն թարգմանությունը

Դետեկտիվի սիրահարներին ներկայացվեց Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպի 
հայերեն թարգմանությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթերցասերներն այսուհետ կարող են հայերենով կարդալ Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը, որը լույս է ընծայել «Էդիթ պրինտ» հրատարակչությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

«Էդիթ պրինտ»-ի մարքեթինգի և վաճառքի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանն ասաց, որ Ագաթա Քրիստիի գրքերը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ պահանջարկ ունեն, այդ է պատճառը, որ հրատարակչությունը պարբերաբար թարգմանում է նրա գործերը:

«Քրիստիի յոթերորդ գիրքն է, որը հրատարակում ենք: Թարգմանությունը, որն իրականացրել է Գոհար Մադոյանը, վաղուց էր պատրաստ, սակայն մենք սպասում էինք գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերային, որն այսօր է: Նախատեսում ենք Քրիստիի 30 գործ թարգմանել»,-շեշտեց Սամվելյանն ու հավաստիացրեց՝ Ագաթա Քրիստիի այս գիրքը դետեկտիվի սիրահարներին կհետաքրքիրի, քանի որ սյուժեն անսպասելի հանգուցալուծումներ կունենա. սպանություններին, մահվանը զուգահեռ գրքում խոսվում է նաև սիրո մասին: Սիրային եռանկյունի, որի շուրջ ծավալվում են դեպքերը:

Ըստ Դավիթ Սամվելյանի՝ եթե Շերլոք Հոլմսի մասին պատմող գրքերը լայն տարածում ունեն հատկապես դեռահասների շրջանում, ապա Քրիստիի ստեղծագործությունները հասուն ընթերցողին են գրավում:

Գրքի շնորհանդեսին հաջորդեց համանուն ֆիլմի հատուկ ցուցադրությունը։

Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» վեպը դետեկտիվ ժանրի համաշխարհային բեսթսելերներից է։ Գործողությունները զարգանում են հռչակավոր խուզարկու Էրքյուլ Պուարոյի աչքի առջև, որը հերթական անգամ ակամա հայտնվում է դեպքերի կիզակետում: 

Մեծահարուստների եգիպտոսյան անհոգ ճամփորդությունը փոթորկվում է մեղրամիսը վայելող երիտասարդ, հարուստ ու հաջողակ Լինեթ Ռիջուեյի սպանությամբ։ Մի բան է միայն ստույգ. հանցագործը նավի ուղևորներից է։ Իմաստուն խուզարկուն, գործի դնելով վերլուծության իր հոգեբանական մեթոդները, պետք է բացահայտի մարդասպանին, որին ոչ ոք չի կասկածում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]