1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քաշաթաղի բնակիչը վստահեցնում է՝ իր հավաքագրած փաստերը հիմնավորում են Արցախի հուշարձանների հայկականությունը

Քաշաթաղի բնակիչը վստահեցնում է՝ իր հավաքագրած փաստերը հիմնավորում են 
Արցախի հուշարձանների հայկականությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1996 թվականից մինչև 2020 թվականն Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր համայնքում բնակված Զոհրաբ Ըռքոյանը վստահեցնում է, որ իր հավաքագրած տվյալներն ու  լուսանկարները հիմնավորում են Արցախի հուշակոթողների և հուշարձանների հայկականությունը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ըռքոյանը  պատմեց, որ Բերձորում աշխատել է կրթության համակարգում, հետագայում «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է եղել։  1996-ից մինչև 2020 թվականը Արցախի հայկական հուշարձանների և հուշակոթողների մասին ուսումնասիրություններ է արել ու լուսանկարել դրանք։ Դպրոցականները, որսորդները, անտառահատները, որոնք տեսնում էին խաչքարեր, հուշարձաններ, տեղյակ էին պահում Ըռքոյանին, նա էլ գնում էր տվյալ տարածքներ և ուսումնասիրում դրանք։ Այդ ընթացքում շատ հուշարձաններ է գտել։

«Միշտ էլ ադրբեջանցիները և թուրքերը ձգտում են անել այնպես, որ աշխարհը հայկական հուշարձաններն ու հուշակոթողները որպես աղվանական ընկալի։ Նույնիսկ սովետական տարիների մի պատմաբան կար, որը հայկական Գանձասարը, Դադիվանքը, Ծիծեռնավանքը և այլ եկեղեցիներ  աղվանական է համարել։ Նա ասել  է, թե խաչքարերը, որոնց վրա հայկական գրություններ են,  աղվանական են։ Նրանց նպատակը միշտ եղել է այն, որ այդ ամբողջ տարածքը համարեն Ադրբեջանի մաս»,- նշեց  Ըռքոյանը։

Նա հավելեց՝ նույնիսկ միջազգային կառույցներն են հավատում այդ կեղծիքին։ Ըստ Ընռքոյանի՝ կեղծիքի դեմ պայքարելու միակ միջոցը փաստերով խոսելն է։ Իր  ձեռքում փաստեր են, որոնք տպագրության և տարածման կարիք ունեն։

«Ես պատրաստել եմ ալբոմ-գիրք, որտեղ նկարածս հուշարձանների լուսանկարներն են, դրանց մասին ինֆորմացիա եմ գրել։ Ուսումնասիրել եմ, գրել եմ  նաև պատմիչների հաղորդած տվյալները։ Ցանկանում եմ տպագրել գիրքը, թարգմանել 6 լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, չինարեն, արաբերեն, ֆրանսերեն և հայերեն։ Գիրքը տպագրելով՝ կկարողանանք աշխարհին ցույց տալ, որ այդ տարածքը հայերինն է.  լուսանկարներից պարզ երևում են  հայերեն արձանագրությունները»,- ասաց  Ըռքոյանը։ 

Վերջինիս խոսքով՝  գիրքը պատրաստ է հայերեն տարբերակով։ Որպեսզի գիրքը տպագրության հանձնեն, մոտավորապես 5 միլիոն դրամ է պահանջվում։ Հույս ունի, որ իրեն կաջակցի նաև պետությունը, քանի որ գիրքը կարող է մեր երկրի համար փաստաթուղթ, կարևոր գործիք լինել: Ըռքոյանը նշեց, որ ալբոմի սկզբնական տարբերակը տպել է մոտ 10 տարի առաջ՝ հայերեն անգլերեն և ռուսերեն թարգմանություններով։ Դրանք Մինսկի խմբի համանախագահներին է նվիրել, երբ նրանք Բերձոր են այցելել:

Զոհրաբ Ըռքոյանը շեշտեց՝ գրքի նպատակն է աշխարհին ցույց տալ, որ Արցախը հայկական է։ Գրքի մեջ ներառել է մոտ 40 եկեղեցի, 30 խաչքար, կամուրջներ, ամրոցներ, ջրաղացներ։

Նրա գնահատմամբ՝ գրքի հանդեպ պետական ուշադրությունը և ֆինանսավորումը կարող է Հայաստանի ձեռքին իդեալական գործիք լինել ադրբեջանական կեղծիքը վերացնելու համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]