Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախատեսվում է բարձրացնել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց տարիքային շեմը

Նախատեսվում է բարձրացնել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց 
տարիքային շեմը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տարեցտարի ավելանում է խնամаտար ընտանիքներ ուղղորդվող երեխաների թիվը: 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 88 երեխայի խնամքը կազմակերպվել է 61 խնամատար ընտանիքում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը նշեց, որ նշված ցուցանիշը վկայում է դրական դինամիկայով գործընթացի մասին:

«Խոսելով շուրջ 9 տասնյակ երեխաներին մասին՝ մենք կարող ենք փաստել, որ նրանք, այդ պահին չունենալով կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորման հնարավորություն, օգտվել են ընտանիքում ապրելու իրավունքի իրացումից և տեղավորվել են խնամատար ընտանիքներում: Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին խնամատար ընտանիքներում խնամք և դաստիարակություն է ստացել 17, 2019 թվականին՝ 50, 2020-ին 78 և ահա 2021-ին՝ 88 երեխա»,- ասաց Անահիտ Հովհաննիսյանը:

Հատկանշական է այն, որ այս տարիների ընթացքում փոփոխվել է մասնագիտացված խնամատարության ընտանիքում խնամք ստացող երեխաների թիվը: Եթե 2018 թվականին 2 մասնագիտացված խնամատար ընտանիք է եղել է, ապա 2021-ին՝ 7: Մասնագիտացված խնամատար ընտանիքներում խնամք և դաստիարակություն են ստանում ծանր և առողջական խնդիրներ ունեցող երեխաները:

Անահիտ Հովհաննիսյանն ընդգծեց, որ խնամատարությունը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված կարևորագույն միջոցառումներից է, որը նոր փուլ տեղափոխվեց 2019 թվականից սկսած, երբ կառավարության որոշմամբ սահմանվեցին խնամատարության գործընթացի նոր կարգավորումներ:

«Այն կարևոր միջոցառումներից մեկն է, որը մեզ օգնում է, երբ մենք խուսափում ենք երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնել շուրջօրյա խնամքի հաստատություններում: Հնարավորություն ենք ընձեռում երեխաներին կամ կարճաժամկետ, կամ երկարաժամկետ խնամատարության միջոցով դաստիրակություն ստանալ խնամատար ընտանիքում»,- ասաց Անահիտ Հովհաննիսյանը:

Մինչ խնամատարություն ստանձնելը, ընտանիքներն անցնում են համապատասխան վերապատրաստում: Նաև հնարավորություն է ընձեռվում ընթացքում ստանալ համապատասխան խորհրդատվություն: Ընտանիքները մենակ չեն երեխայի խնամքի ու դաստիարակության հարցում: Պետությունը տրամադրում է նաև ֆինանսական աջակցություն: Տարեցտարի նկատվում է նաև խնամատար ընտանիք դառնալու ցանկություն ունեցողների թվի ավելացում: Անահիտ Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին միայն Վայոց ձորի մարզն է, որտեղ չկան ոչ մասնագիտացված, ոչ էլ սովորական խնամատար ընտանիքներ: Մնացած բոլոր մարզերում կան: Նույնիսկ կան ընտանիքներ, որոնք պատրաստ են մի քանի երեխաների խնամք ստանձնել:

Անահիտ Հովհաննիսյանը նշեց, որ բարեփոխման անհրաժեշտություն ունի այս ոլորտը: Նախատեսվում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են այս ոլորտում մի շարք մեխանիզմների լավարկմանը: Մասնավորապես, գործող օրենսդրությամբ խնամատար ծնողների և հոգեզավակի տարիքային տարբերությունը սահմանված է 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, իսկ խնամատար ծնողի առավելագույն տարիքը՝ 55 տարեկան:

«Բազմաթիվ են այն քաղաքացիները, որոնք դիմում են նախարարություն, ցանկանում են ստանձնել երեխայի խնամք, սակայն տարիքային շեմը չի համապատասխանում: Նախատեսում ենք խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց տարիքային շեմը բարձրացնել՝ հասցնելով 65 տարեկանի»,- հավելեց նախարարության ներկայացուցիչը:

Բարեփոխումներ նախատեսվում են նաև խնամատար ծնող դարձած անձանց հաշվառման համակարգում: Լավարկման անհրաժեշտություն ունի նաև վերապատրաստման գործընթացը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]