Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծ պատիվ է Հայաստանի բասկետբոլի թիմի գլխավոր մարզիչ լինելը. Ռեքս Կալամյանի բացառիկ հարցազրույցն «Արմենպրես»-ին

Մեծ պատիվ է Հայաստանի բասկետբոլի թիմի գլխավոր մարզիչ լինելը. Ռեքս 
Կալամյանի բացառիկ հարցազրույցն «Արմենպրես»-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը, ստանձնելով ընտրանու «ղեկը», հայկական բասկետբոլը կարող է հասցնել այլ մակարդակի: Կալամյանը շուրջ 30 տարվա փորձ ունի NBA-ում, ինչն ի նպաստ դնելով հայկական բասկետբոլի զարգացման գործում, կարող է հիմք դնել նոր՝ այլ որակի հավաքական ունենալու երազանքին:

«Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում Կալամյանը խոսել է հավաքականի և Հայաստան գալու մասին:

 

-Պարոն Կալամյան, ինչպե՞ս ստացվեց Ձեր համագործակցությունը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ:

-Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ կապը հաստատվեց մի քանի տարի առաջ: Սակայն իմ խիստ աշխատանքային գրաֆիկի և կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չէր հաջողվում հավաքականի հետ աշխատանքը: Այս ամառը ֆանտաստիկ ժամանակ  կլինի, երբ կգամ Երևան, կստանձնեմ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը և կօգնեմ հայկական բասկետբոլի զարգացմանը:

-Ինչո՞ւ համաձայնեցիք գլխավորել Հայաստանի հավաքականը: 

-Ինձ համար մեծ պատիվ է հայ լինելը, Հայաստանը և հայկական բասկետբոլը ներկայացնելը: Ինձ համար միայն ու միայն ուրախություն ու հպարտություն է մարզելու մի երկրի հավաքական, որտեղ ծնվել է մեծ մայրս: Մեծ պատիվ և արտոնություն է Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ լինելը:

- Մինչ այս ի՞նչ գիտեիք Հայաստանի ընտրանու մասին: 

-Դեռևս ծանոթանում և ուսումնասիրում եմ հավաքականի անդամների խաղը, նրանց խաղաոճը: Ունենք բազմատաղանդ բասկետբոլիստներ, և երջանկություն կլինի, որ օգնենք նրանց զարգացնել իրենց ներուժն ու աճ գրանցել:

 -Ո՞րն է Ձեր նպատակը Հայաստանի հավաքականի ղեկին: 

-Նպատակս է օգնել հայկական բասկետբոլին, օգնել բասկետբոլիստ տղաներին և աղջիկներին զարգանալ: Նպատակս է ստեղծել հայկական բասկետբոլի աճի ճիշտ հիմքեր: Ուզում եմ օգնել հայ երիտասարդներին: Նպատակ ունենք, որ բասկետբոլը զարգանա Հայաստանում: Նպատակներից մեկն էլ Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմի հետ հաղթելն է փոքր երկրների առաջնությունում և մասնակցելը Եվրոբասկետի որակավորման փուլին:

-Հայաստանը նոր-նոր է զարկ տալիս բասկետբոլի զարգացմանը:  Արդյոք դժվար չի լինի Ձեր նման մասնագետին աշխատել այստեղ: 

-25 տարուց ավել է, ինչ աշխատում եմ NBA-ում: Իսկապես հասկանում եմ, որ ինձնից համբերատար աշխատանք կպահանջվի մարզիչների հետ համագործակցության առումով: Մեծ ջանքեր կպահանջի նաև նոր համակարգ կառուցելը:

-Հայաստանն այս տարի մասնակցելու է փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Մենք այն մեկ անգամ արդեն հաղթել ենք: Ի՞նչ  նպատակով է մասնակցելու Ձեր գլխավորած թիմն այս առաջնությանը:   

-Մեծ ոգևորություն եմ ապրում այն մտքից, որ Հայաստանի բասկետբոլի ընտրանու մարզչի դերում թիմը կտանեմ փոքր երկրների Եվրոպայի առաջնություն: Մեր նպատակը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում հաղթելն է: Նպատակս է բոլորի ուշադրությունը սևեռել հայկական բասկետբոլի, մեր զարգացման ծրագրի և, իհարկե, Հայաստանի վրա: Մենք ջանասիրաբար աշխատելու ենք, որ կարողանանք հաղթել այս մրցաշարում և լավ բասկետբոլիստներ ունենալ ընտրանու կազմում:

-Շնորհակալ եմ զրույցի համար, Պարոն Կալամյան:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]