1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չհանձնվել և ապրել. լույս է տեսել հետախույզ Սարգիս Ստեփանյանի կյանքի մասին պատմող «Բազկամարդը» գիրքը

Չհանձնվել և ապրել. լույս է տեսել հետախույզ Սարգիս Ստեփանյանի կյանքի մասին 
պատմող «Բազկամարդը» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հետախույզ Սարգիս Ստեփանյանի և ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի համատեղ աշխատանքը՝ «Բազկամարդը» գիրքը պարզապես Սարգիս Ստեփանյանի կենսագրականը չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայկական բանակի կազմավորման 30-ամյա տարեդարձի օրը՝ հունվարի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում, հրատարակել է Newmag-ը:

«Այս գիրքն իմ կյանքի պատմությունն է, սակայն վերաբերվում է բոլորին, քանի որ ապրելու, կյանքը սիրելու, ժպտալու, չհանձնվելու, չընկճվելու մասին է, այն մասին, որ մինչև կորցնելն է անհրաժեշտ գնահատել ունեցածդ: Շատ լավ ուղերձներ ունի, որոնք հատկապես հիմա անհրաժեշտ են մեր ազգին»,-ասաց Սարգիս Ստեփանյանն ու հավելեց, որ մենք ազգովի հոգեպես վիրավորված ենք և վերականգնման կարիք ունենք, ուստի յուրաքանչյուրս պետք է ուժեղ լինի, ինչը կօգնի ոտքի կանգնել:

Ստեփանյանը խոստովանեց, որ մարտական գործողություններ իրականացնելիս ծանր վիրավորվելուց և ոտքերն ու ձեռքը կորցնելուց հետո կարողացել է ապրել կյանքի, ընտանիքի, ժողովրդի հանդեպ սիրո շնորհիվ:

Դավիթ Դավթյանի խոսքով՝ գիրքը դժբախտություն ապրած ընտանիքներին թույլ կտա տեսնել, որ կա լուրջ դժվարություններ հաղթահարած մարդու կենդանի օրինակ, որն ապրում է մեր կողքին: «Փորձել եմ անկեղծ լինել: Այս գիրքը Սարգիս Ստեփանյանի մարդկային պատմությունն է, նրա կյանքն ու գործունեությունը: Ցանկացել եմ, որ ընթերցողը ոչ միայն հաճույք ստանա կարդալիս, այլև գտնի այն ճանապարհը, որով կարող է ավելիին հասնել: Այդ առումով Սարգիս Ստեփանանը անգերազանցելի օրինակ է»,-շեշտեց գրքի համահեղինակը:

Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանն էլ ընդգծեց, որ գիրքը գրելու և լույս ընծայելու առաջարկն իրենցն է: «Մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք մերօրյա հերոսներ են: Նրանք անում են աշխատանք, որն օրինակելի է: Նման մարդիկ խրախուսման կարիք ունեն: Այս նախագիծը մեր շնորհակալությունն է Սարգիս Ստեփանյանին իր կատարած աշխատանքի համար»,-նշեց Ալեքսանյանն ու հավելեց՝ երբ կարդացել է գիրքը, ամաչել է իր խնդիրներից և ամաչել, որ մտածում է դրանց մասին: «Երբեմն մեզ պետք են օրինակներ, որ հասկանանք, թե որքան կարևոր է կյանքը»,-եզրափակեց նա:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ վիրավորվելուց հետո Սարգիս Ստեփանյանն իր գործունեությամբ ցույց է տալիս, որ մեծատառով մարդ է և օժտված լուրջ մարդկային հատկանիշներով՝ ընկերասիրությամբ, մեծի նկատմամբ, ծառայակից ընկերների նկատմամբ հարգանքով: «Նա հիանալի զավակ է, ամուսին ու հայր: Սարգիս Ստեփանյանը ծառայել է հատուկ նշանակության ստորաբաժանումներում և ծառայության առաջին իսկ օրվանից մինչև նույնիսկ վիրավորվելն ու հետո մեծ ներդրում է ունեցել բանակի կատարելագործման ու զարգացման, հատկապես զինծառայողների անհատական պատրաստության գործում»,-շեշտեց Օհանյանը:

Սարգսի հիշողությունները գրքի էջերից վերածվել են կադրերի ու դարձել ֆիլմ: Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ նկարահանվել է «Ոտքի կանգնիր» վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարիստը՝ Դավիթ Դավթյանը:

Գրքի շնորհանդեսը ուղեկցվեց նաև ֆիլմի ցուցադրությամբ, որին ներկա էին Սարգսի մարտական ընկերները, մտերիմները, զինվորականներ, ՊՆ կուրսանտներ, պաշտոնյաներ, արվեստի գործիչներ:

Նախագծի գլխավոր գործընկերը Հայ վիրավոր հերոսների հիմնադրամն է:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

2014-ին մարտական գործողություններ իրականացնելիս ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում է աշխարհի չեմպիոն։ Նա իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։ Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու մոտիվացիա և նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Գրքի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում, վիրավորումից առաջ։ Շատերն են նրա շնորհիվ վերագտել իրենց, կրկին հուսավառվել, պայքարել ու դարձել պրոֆեսիոնալ, ռեկորդակիր մարզիկներ։

Դավիթ Դավթյանը ռազմական լրագրող է, վավերագրել է 2020-ի Արցախյան պատերազմը։ 2015-ից «Զինուժ» հեռուստածրագրի մեկնաբանն է։ Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Դավիթ Դավթյանն աշխատել է «Արմնյուզ» (2011-2015) և «Արմենիա» (2015-2018) հեռուստաալիքների լրատվական ծրագրերում։ Սա նրա հեղինակած առաջին գիրքն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]