Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

Վահրամ Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին

Վահրամ Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 27-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Թոմաս Շրապելին և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի գրասենյակների համար պատասխանատու Յան Ֆիլիպ Վյոլբերնին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին՝ Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունը Հայաստանում և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել:

Անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարն ընդգծել է երիտասարդների համար Գերմանիայի բարձրակարգ համալսարաններում կրթություն ստանալու հնարավորությունը: Հանրակրթության ոլորտում Վահրամ Դումանյանն առաջարկել է համագործակցել հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում դասագրքերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ: Նախարարը կարևորել է նաև STEM բնագավառում համատեղ կրթական ծրագրերի իրականացումը: Այդ համատեքստում Վահրամ Դումանյանը նշել է արհեստական բանականության թեմայով հունվարի 31-ին նախատեսված համաժողովին վերոնշյալ հարցերի քննարկման անհրաժեշտությունը:

«Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Թոմաս Շրապելն իր հերթին նշել է, որ հիմնադրամն արդեն 5 տարի սերտորեն համագործակցում է ԿԳՄՍ նախարարության հետ, և այդ շրջանակում իրականացվել են մի շարք համատեղ ծրագրեր: Նա ընդգծել է, որ ՀՀ-ում հիմնադրամի գործունեությունը վերջին տարիներին քառապատկվել է:

«Հայաստանում հիմնադրամի համար ստեղծված են գերազանց պայմաններ, և մենք ունենք շատ լավ գործընկերներ: Սրանք այն նախադրյալներն են, որոնք մեզ հիմք են տալիս ընդլայնելու մեր գործունեության շրջանակը»,- շեշտել է Թոմաս Շրապելը:

Նա փաստել է հիմնադրամի աջակցությամբ ՀՀ դպրոցների համար «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի և մեթոդական ուղեցույցի մշակման աշխատանքները: Թոմաս Շրապելի խոսքով՝ Արևելյան գործընկերության որևէ երկրում երբևէ նմանօրինակ ծրագիր չի իրականացվել, և Հայաստանում դրա իրագործումը բացառիկ երևույթ է, ինչը վկայում է նաև հայկական կողմի շահագրգռվածության մասին:

Թոմաս Շրապելն անդրադարձել է նաև հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ուսուցիչների վերապատրաստման ծրագրին՝ ընդգծելով, որ վերջին երկու տարիներին վերապատրաստվել է Երևանի և ՀՀ մարզերի շուրջ 400 ուսուցիչ: Նա նաև տեղեկացրել է, որ հիմնադրամն աջակցում է հայ երիտասարդ, շնորհաշատ և տաղանդավոր մասնագետներին. 25 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ: Թոմաս Շրապելը փաստել է, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել կոնկրետ նպատակային ծրագիր՝ երիտասարդներին աջակցելու համար:

Հանդիպման կողմերը պատրաստակամություն են հայտնել մշակելու համագործակցության ընդլայնման նոր օրակարգ, որի շրջանակում կիրագործվեն համատեղ նոր ծրագրեր:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]