1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թատրոն, որը գեղարվեստական նոր վերելք է ապրում. Մայր թատրոնը տոնում է 100- ամյա հոբելյանը

Թատրոն, որը գեղարվեստական նոր վերելք է ապրում. Մայր թատրոնը տոնում է 100-
ամյա հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, որը ժողովուրդն անվանում է Մայր թատրոն, տոնում է հիմնադրման 100-ամյակը: Տարեդարձի առթիվ թատրոնը հունվարի 26-ին հյուրընկալել էր ոլորտի ներկայացուցիչների, նկարիչների,  կինոռեժիսորների, օպերային արտիստների, գրողների, քաղաքական և հասարակական գործիչների, որոնք շնորհավորեցին Մայր թատրոնի անձնակազմին՝ նորանոր հաջողություններ մաղթելով նրանց:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հիշեցրեց, որ մեկ դար առաջ հունվարի 25-ին է բացվել առաջին պետական թատրոնի վարագույրը: «Թատրոնը ճանապարհ բացեց պրոֆեսիոնալ թատերական գործունեության ամրապնդման, համաշխարհային դասական դրամատուրգիայի յուրացման, ռեժիսորական որոնումների ու դերասանական բացառիկ դրսևորումների համար»,-ասաց նախարարն ու բարձրաձայնեց Լևոն Քալանթարի, Վարդան Աճեմյանի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի և այլ մեծերի անունները, որոնց շնորհիվ կայացել են հայ թատերական մշակույթը, դերասանական ու ռեժիսորական դպրոցը:

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը խոստովանեց՝ առաջին անգամ, երբ մուտք  է գործել Մայր թատրոն որպես թատրոնի դերասան, մտքով անգամ չի անցել, որ մի օր առիթ կունենա այդտեղ շնորհավորելու թատերասեր հասարակությանը և բոլորին թատրոնի 100-ամյակի առթիվ:

«Թատրոնը կենդանի օրգանիզմ է, ինչպես և մարդը, և այն կարող է մեռնել, նորից ծնվել կամ հարություն առնել: Ուղղակի երջանիկ եմ, որ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հասել է հարյուրամյակին: Ճգնաժամերի միջով է անցել թե՛ երկիրը, թե՛ թատրոնը, որովհետև թատրոնն աշխարհի փոքր մոդելն է: Ինչպիսին աշխարհն է, այնպիսին թատրոնն է»,-շեշտեց Էլբակյանն ու հորդորեց ծափահարել բոլոր երախտավորներին, որոնք ժամանակին խաղացել են թատրոնում և նրանց, ովքեր հիմա են խաղում:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց՝ տարիների ընթացքում թատրոնը սիրողների ու սիրվողների պակաս չի ունեցել: «Հարգանք և խոնարհում բոլոր այն մարդկանց, որոնք հարյուր տարվա ընթացքում իրենց տաղանդի ու կարողությունների շնորհիվ մեզ են փոխանցել մեծ հարստություն, որի անունն է Մայր թատրոն: Մեր ձգտումները ոչ այլ ինչ են, քան ստեղծված արժեհամակարգի  շարունակությունն ու զարգացումը, փոփոխությունն և առաջընթացը: Թատրոնն այսօր ապրում է գեղարվեստական նոր վերելք, ինչի վկայությունը նաև փոքր բեմի կառուցումն է. զարկ ենք տվել սպասարկման և կառավարման որակական բարեփոխումների, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ բոլորովին այլ մակարդակի հասան վերջին մեկ-երկու տարվա ընթացքում, և ես հույս ունեմ, որ մենք լուծելու ենք բոլոր հիմնախնդիրները»,-ասաց Մկրտչյանն ու շեշտեց, որ Մայր թատրոնը սպասված հյուր է միջազգային փառատոններում և պատրաստ է համագործակցությունն առավել խորացնել թե՛ միջազգային գործընկերների հետ, թե՛ տեղի մշակութային, կրթական հաստատությունների:

Տնօրենը կարևորեց նաև «Դասարան+դասական» կրթամշակութային ծրագրի իրագործումը, որը 3 տարում այնքան պահանջված ու սիրված  է դարձել, որ համարվել է պետական ծրագիր:

Նա հավելեց, որ առաջիկայում մեծ պրեմիերա է սպասվում, հոբելյանական հետաքրքիր երեկույթ, միջազգային փառատոն՝ նվիրված թատերական աֆիշների և  այլ նախաձեռնություններ:

Պաշտոնական հատվածից հետո Մայր թատրոնի բոլոր դերասանները փչեցին հոբելյանական տորթի մոմերը՝ երկարակեցություն մաղթելով թատրոնին: Միջոցառումը երաժշտական կատարումներով առավել հարստացրին և զարդարեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Վահագն Դավթյան» ջազ տրիոն:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բացվել է 1922 թվականի հունվարի 25-ին Երևանում հայ դասական Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» պիեսի (ռեժ. Լևոն Քալանթար) բեմադրությամբ՝ որպես առաջին պետական թատրոն։

Դերասանական խմբի հիմնական կազմն ընտրվել է Թբիլիսիի «Որոնումների» թատոնից, հետագայում խումբը համալրվել է նոր դերասաններով։

Թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է ռեժիսոր Լևոն Քալանթարը։ 1937 թվականին թատրոնը կոչվում է հայ դրամատուրգ և արձակագիր  Գաբրիել Սունդուկյանի անունով։ Թատրոնի հաջողությունները, հատկապես շեքսպիրյան ներկայացումները, առիթ են դառնում, որ ԽՍՀՄ-ում կազմակերպվող առաջին շեքսպիրյան փառատոնը և կոնֆերանսը անցկացվի Երևանում: 1960 թվականին թատրոնը ստանում է ակադեմիական կոչումը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]