Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ամփոփել է հնգամյա գործունեությունը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ամփոփել է հնգամյա 
գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը շուտով սկսելու է ֆինանսական կրթությանն ուղղված ծրագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ԶԱՀ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Յաղջյանը՝ հիմնադրամի ստեղծման 5-ամյակի միջոցառմանը։

Տաթևիկ Յաղջյանի խոսքով՝ ամենաբարդ շրջանը հիմնադրամի համար հետպատերազմյան տարին էր։ «Հիմնադրամը այդ ընթացքում ուղղակի ողողված էր գործերով։ Մենք կարողացանք պատվով դուրս գալ իրավիճակից։ Հատուցումներ տրամադրեցինք, և նույնիսկ ամիս է եղել, որ միանգամից 1200 դեպքի մասով հատուցումներ ենք տվել»,- նշեց Յաղջյանը։

Յաղջյանը խոսեց հիմնադրամի ապագայի տեսլականի մասին՝ նշելով, որ շուտով մեկնարկում է ֆինանսական կրթությանն ուղված ծրագիր։ Նա ընդգծեց, որ ծրագիրն ուղղված է լինելու ֆինանսական գրագիտության բարձրացմանը։

«Նախորդ տարվանից սկսած իրականացնում ենք  դրամահավաքին ուղղված արշավները ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Կարծում ենք, որ սա այն նախագիծն է, որի շուրջ պետք է համախմբվի յուրաքանչյուր հայ՝ անկախ նրանից՝ բնակվում է Հայաստանում, թե արտերկրում»,- առանձնացրեց նա։

Միջոցառման ընթացքում ամփոփվեց 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքն ու 44-օրյա պատերազմից հետո ԶԱՀ-ի առջև ծառացած խնդիրները, կատարված հատուցումները, ինչպես նաև ներկայացվեց ապագայի տեսլականը։ Միջոցառմանը ներկա շահառուները կիսվեցին իրենց պատմություններով։

ԶԱՀ-ն անկախ կառույց է, որը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող զինվորների ընտանիքների, ինչպես նաև զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած զինվորների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]